«Կավե արձանները ՀՀԿ-ի ճաշակի արտահայտությունն են»
Վերջերս Երևանում տեղադրված հայտնի մարդկանց բրոնզագույն ներկված կավե արձանների կամ, ինչպես ասում են` ինստալյացիաների մասին (Երևանի քաղաքապետարանի կողմից իրականացված «Մեր հանճարները մեր կողքին են» նախագծի մասին է խոսքը) շատ է խոսվել:
Համատարած քննարկումների ֆոնին, հատկապես, զավեշտալի էր հնչում կավե արձանների մասին Երևանի քաղաքապետարանի պաշտոնական պատասխանը: Այն է` այդ արձանները կրում են ժամանակավոր բնույթ:
Ընդ որում` այս պատասխանը հնչեց այն ժամանակ, երբ շատերը քաղաքի տարբեր հատվածներում տեղադրված արձան-ինստալյացիաները որակեցին` որպես անճաշակ աշխատանքներ: Այսինքն` ըստ Երևանի քաղաքապետարանի` հասարակությունը պետք է գնահատի ոչ թե այդ աշխատանքի արդյունքը, այլ կոնցեպտը` անտեսելով այն հարցը, թե քաղաքային կոլորիտի մաս կազմող ամենակարևոր օղակներից մեկը` արձանը, ի՞նչ երկխոսություն է ստեղծում տվյալ միջավայրում:
Ինչպես, օրինակ, Երևանի Օպերայի շենքի հարևանությամբ տեղադրված շախմատի գրոսմայստեր Տիգրան Պետրոսյանի արձանը, բացի «կանգառում երթուղային տաքսու սպասող» մարդուց, որևէ իլյուզիա չի ստեղծում` հատկապես, երբ նրա շախմատի տախտակն էլ արդեն 3 անգամ գողացել են: Տվյալ դեպքում, նույնիսկ երկրորդական հարց է, թե ինչո՞ւ են շախմատիստի արձան-ինստալյացիան տեղադրել հենց այդ վայրում:
Ինչևէ, շաբաթներ առաջ «Մեր հանճարները մեր կողքին են» նախագծի մասին որոշ գրավոր հարցեր էինք ուղարկել Երևանի քաղաքապետարան` պարզելու, թե քաղաքապետարանի բյուջեից որքա՞ն գումար է հատկացվել այս արձանների պատրաստման համար, և երկրորդ` արդյոք մրցույթ հայտարարվե՞լ է քանդակագործի աշխատանքի համար:
Քաղաքապետարանից մեզ պատասխանել են. «Ի պատասխան Երևանի քաղաքապետարանին ուղղված Ձեր հարցման` աշխատակազմի Արտաքին գովազդի վարչությունից տեղեկացնում են, որ մինչ օրս Երևան քաղաքում տեղադրվել է 5 կավե արձան, և մինչև ս. թ. նոյեմբերի 10-ը կտեղադրվեն ևս չորսը: Բոլոր 9 արձանների ամբողջական արժեքը չի գերազանցում 1 նույնատիպ արձանի արժեքը: Քանի որ «Մեր հանճարները մեր կողքին են» նախագիծն իրենից ենթադրում է ոչ թե արձանների, այլ քաղաքային ինստալյացիաների տեղադրում և ունի ժամանակավոր բնույթ, ուստի, ընտրությունը եղել է առանց մրցույթի»: Անհեթեթ և ոչինչ չասող պատասխան: Իսկ ո՞վ է կատարել դրանց ընտրությունը:
Մինչ օրս տեղադրվել են Տիգրան Պետրոսյանի, Մհեր Մկրտչյանի, Եղիշե Չարենցի, Հրանտ Մաթևոսյանի և Պարույր Սևակի կավե արձանները: Հրանտ Մաթևոսյանի որդին` Դավիթ Մաթևոսյանը, մեզ հետ զրույցում նշեց, որ չի հավանում այն արձանը, որ վերջերս տեղադրվել է Եղիշե Չարենցի տուն-թանգարանի հարևանությամբ:«Դրական է այն, որ քաղաքի իշխանությունները մտածում են քաղաքային մշակույթի էլեմենտների տարածման և զարգացման ուղղությամբ:
Բացասական է այն, որ շարժվում են, այսպես ասած, ոչ ծախսատար տարբերակով, ինչն, ըստ երևույթին, բերում է արդյունքների, որոնք ցանկալի չեն:
Մասնավորապես, Հրանտ Մաթևոսյանը նման չէ Հրանտ Մաթևոսյանին: Նմանություն տալիս է, բայց նման չէ: Իրեն հատկանշական, յուրօրինակ ո՛չ դիրք, ո՛չ դեմքի արտահայտություն չկար: Ընդհանուր առմամբ` նմանություն է տալիս, ու, թերևս, եղած բոլոր արձանների մեջ ամենաքիչն ինքն է իր նման: Իսկ նյութը, որից կառուցված է, մի քանի ուրիշ արձանների հետ կապված մեր փորձառությունը ցույց է տալիս, որ շատ փխրուն են:
Արդյոք արժե՞, որ ոչ լավ տրամադրվածություն ունեցող մարդկանց կողմից դրանց փխրունությունը պարբերաբար ստուգվի և պարզվի, որ դրանք հեշտ ջարդելի են: Ծախսատարության տեսանկյունից դա իմաստ ունի՞, թե՞ ոչ:
Գուցե իրեն յուրահատուկ միջավայրում, իր համար նախընտրելի տեղում կարելի էր տեղադրել: Չեմ բացառում, որ քաղաքի այդ վայրում էլ ինքը զբոսնել է, և հաճախ է զբոսնել, բայց միջավայրը հասկանալի չէ: Առհասարակ, ինքն էկլեկտիկ լուծում է, և կարծում եմ` եթե քաղաքապետարանը համագործակցեր այդ հարցով մեզ հետ` ավելի լավ լուծումներ կարելի էր գտնել»,- ասաց Դ. Մաթևոսյանը:
Ֆլորենցիայում բնակվող քանդակագործ Վիգեն Ավետիսի խոսքով` Երևանի քաղաքապետարանը պետք է ավելի հետաքրքիր նորարարությունների վրա ուշադրություն դարձնի: «Այս քանդակները գիպսից են և ժամանակավոր են, ինչը հույս է ներշնչում, որ սա ուղղակի ակցիա է, և, որ ժամանակավոր բնույթ են կրում, հետևաբար, այս ամենին մեծ ուշադրություն դարձնել պետք չէ»,- ասաց Վ. Ավետիսը: Քանդակագործի համոզմամբ` «Դա ուղղակիորեն կապված է Հայաստանի քաղաքական դաշտի հետ` պրոֆեսիոնալիզմի տոտալ բացակայության և սրանից բխող բոլոր արհավիրքներով: Մինչդեռ խորհրդային տարիներին` հակառակ այսօրվա կամայականության, շատ լուրջ ուշադրություն էր դարձվում հանրային միջամտություններին:
Գոյություն ուներ Խուդսովետ (Գեղարվեստական խորհուրդ), և միայն նրա պատասխանատվությամբ էր կատարվում այդ ամենը: Իսկ խորհրդի անդամները երկրի լավագույն արվեստագետներն էին»:
«Քաղաքը մեր տունն է, և պարտավոր ենք հոգատար վերաբերվել քաղաքին: Պարզ է, որ բոլորս էլ ինչ-որ զգացումներ ունենք այս քաղաքի նկատմամբ, և ես այդ արձանների տեղադրումը` ժամանակավո՞ր են, թե՞ ոչ, գնահատում եմ` որպես Հանրապետական կուսակցության ճաշակի արտահայտություն: Երկրորդ` նման հարցերը պետք է լուծվեն ադմինիստրատիվ ձևով, այսինքն` պետք է լիներ քննարկում, և հետո տեղադրվեին այդ արձանները: Նման քննարկումներ չեղան: Ադմինիստրատիվ կարգով քաղաքաշինությանը վերաբերող հարցերը լուծել չի կարելի: Կարծում եմ` սա հիմնական թերությունն է»,- ասաց արվեստաբան Վարդան Ջալոյանը: Նրա խոսքով` ժամանակավոր արձաններից ավելի լուրջ խնդիրներ կան մայրաքաղաքում: «Այսօր ամբողջ աշխարհում քաղաքներն անկում են ապրում այն պատճառով, որ իշխանությունները, անտեսելով բնիկների շահերը, փորձում են գրավիչ դարձնել քաղաքը տուրիստների համար, այսինքն` քաղաքների տուրիստականացման այդ գլոբալ պրոցեսի մի արտահայտությունն եմ համարում, և կարծում եմ` այս սուր սոցիալական պրոբլեմների ֆոնին շատերի մոտ դա կարող է վրդովմունք առաջացնել»,- ասաց նա: