Լոգոպեդի ծառայությունը վճարովի է դարձել. տուժում են երեխաները
168.am-ի խմբագրություն էր դիմել քաղաքացի Անի Աբրահամյանը, ով իր դժգոհությունն էր հայտնում 2012թ. ապրիլի 1-ից Հայաստանում լոգոպեդի` նեղ մասնագիտական ծառայությունը վճարովի դարձնելու կապակցությամբ:
Վճարի չափը որոշում են մանկական պոլիկլինիկաները: Ու լոգոպեդին այդ ամսական վճարից՝ որպես աշխատավարձ, վճարվում է ընդամենը 30 տոկոսը, իսկ 70 տոկոսը մնում է տվյալ պոլիկլինիկային: Հիմնականում պոլիկլինիկաները սահմանել են 10.000 դրամ ամսական վճար: Նախկինում լոգոպեդի ծառայությունն անվճար էր, և երեխան մանկապարտեզ և դպրոց հաճախելուց առաջ պարտադիր լոգոպեդի մոտ հետազոտվում էր: Այսօր, սակայն, շատ-շատերը չեն կարողանում իրենց թույլ տալ օգտվել այդ ծառայությունից: Արդյունքում՝ տուժում են երեխաները: Անի Աբրահամյանը ցավոտ խնդիր է բարձրացրել իր նամակում, որով առողջապահության ոլորտի պետական այրերի ուշադրությունն է հրավիրվում խնդրի նկատմամբ, որը, թերևս, օրենսդրական փոփոխություն է պահանջում:
Անի Աբրահամյանն իր բողոք-նամակում ասում է.
«Հարգելի խմբագրություն, դիմում եմ Ձեզ` ակնկալելով Ձեր օգնությունը: Ես ապրում եմ Ավան թաղամասում: Երեխայիս մոտ կա խոսքի ընդհանուր թերզարգացում, խոսքը դժվարությամբ է հասկացվում, որի պատճառով նա չի շփվում բակի իր հասակակիցների հետ: Փորձեցի մանկապարտեզ տանել, բայց այնտեղ նույնպես, ինչպես և բակում, երեխաները սկսեցին ծաղրել ու նվաստացնել նրան: Սկսեց լացելով գնալ մանկապարտեզ, հիստերիայի մեջ էր ընկնում, որ ինքը չի կարողանում խոսել, և իր ասածները ոչ ոք չի հասկանում: Ստիպված հանեցի մանկապարտեզից: Երեխաս դարձել է ահավոր նյարդային, լարված, ինքնամփոփ, ոչ ոքի հետ չի ցանկանում շփվել, քանի որ խոսել չի կարողանում: Դիմել եմ մեր տեղամասային պոլիկլինիկա:
Պարզվեց` լոգոպեդի ծառայությունը վճարովի է` ամսական 10.000 դրամ: Վճարեցի, մեկ ամիս գնաց, բայց դա շատ քիչ էր: Նման արատի համար մասնագետներն ասացին, որ երեխան շատ երկար պիտի հաճախի մասնագետի մոտ, որպեսզի հասնեն արդյունքի` գուցե 1 տարի, գուցե մի քիչ ավելի կամ պակաս: Բայց ես ինչպե՞ս կարող եմ այդքան երկար ժամանակ վճարել: Իմ երեխան ինչո՞վ է պակաս մյուս երեխաներից, որ, օրինակ, ակնաբույժին կամ վիրաբույժին դիմող երեխային պիտի անվճար ընդունեն, իսկ լոգոպեդի մոտ` վճարովի: Իմ երեխան մեղավո՞ր է, որ նրա աչքը չի հիվանդ, այլ խոսքը:
Այդ ի՞նչ խտրականություն է: Այն դեպքում, երբ մյուս մասնագետների մոտ գնալիս, եթե մեկ անգամ վճարեն, բուժումը կգրեն և տանը կընդունի, իսկ ես պիտի տարիով` երկար ժամանակ տանեմ լոգոպեդի մոտ: Եվ ի՞նչ… Ամեն անգամ պետք է վճարե՞մ… Ո՞վ է որոշել խեղել իմ երեխայի ճակատագիրը և վաղվա օրը: Եթե նա հիմա այսպես
կոմպլեքսավորվում է և նյարդայնանում իր վատ խոսելուց, ի՞նչ կլինի նրա հետ, երբ նա դպրոց հաճախի: Այսպե՞ս է Առողջապահության նախարարությունը մտածում մատաղ սերնդի առողջության մասին: Խնդրում եմ Ձեր միջնորդությունը: Միայն Ձեր օգնությամբ կարող է լուծվել այս հարցը:
Հարգանքներով` Անի Աբրահամյան»: