Պլանետարիումները` 21-րդ դարի համալսարաններ և դպրոցներ

Օրեր առաջ` հոկտեմբերի 19-23-ը, Լեռնային Ղարաբաղի նախագահ Բակո Սահակյանի հրավերով Արցախում Աստղացուցարան (Պլանետարիում) կառուցելու նախագծի շրջանակներում Ստեփանակերտ էին այցելել Մեծ Բրիտանիայի Թագավորական ճարտարապետական ինստիտուտի անդամ, համաշխարհային ճանաչում ունեցող ֆրանսահայ ճարտարապետ-դիզայներ Միշել Մոսեսյանը և Կանարյան կղզիներում տեղակայված Եվրոպական աստղաֆիզիկական գիտական կենտրոնի պրոֆեսոր, ճանաչված աստղաֆիզիկոս Գարիկ Իսրաելյանը:

Միշել Մոսեսյանը 2005թ. հիմնադրել է «Մոսեսյան Ընդ Փարթնըրս» ընկերությունը, որը հսկայածավալ շենքերի նախագծեր է ավարտել Լոնդոնում և Շանհայում, նաև ներգրավված է եղել Քաթարի Դոհա քաղաքի Մշերեիբ (Msheireb) ծրագրի բոլոր չորս փուլերում, որն ավարտվելու է 2016թ.: Նա նախագծեր է իրականացրել աշխարհի բազմաթիվ մայրաքաղաքներում:

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

Մինչ այդ ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանը և Գարիկ Իսրաելյանը քննարկել էին Ստեփանակերտում նման գիտակրթական կառույցի առկայությունը: Որոշ ժամանակ անց նախագծին միացավ նաև ճարտարապետ Միշել Մոսեսյանը: Գերժամանակակից տեխնիկայով հագեցած աստղացուցարանները կրթական գործունեության համար կարևոր դերակատարում ունեցող կառույցներ են` բարդ սարքավորումներից և պրոյեկտորներից բաղկացած համակարգեր: Նախագիծը պայմանականորեն կոչվում է «Ամարաս» գիտակրթական կենտրոն, որն իր մեջ ներառում է աստղացուցարանը:

Ճապոնիայի բոլոր դպրոցներում շարժական պլանետարիումներ են տեղադրվել
Պլանետարիումի հիմնական մասի կարևորագույն բաղկացուցիչներից է գմբեթաձև ցուցադրության էկրանը, որի վրա երևում են աստղեր, մոլորակներ և այլ տիեզերական օբյեկտներ, և դրանք կարող են գրեթե իրական կերպով շարժվել` առաջացնելով «Տիեզերքի շարժման» տպավորություն:

Նորագույն պլանետարիումները գործում են ամբողջությամբ թվային պրոյեկցիոն համակարգով` օգտագործելով ամբողջ գմբեթի համար նախատեսված վիդեո տեխնոլոգիաները: Պլանետարիումի մեջ ֆիլմերի ցուցադրությունը կուղեկցվի տիեզերական երաժշտությամբ: Գերժամանակակից պլանետարիումներն օգտագործում են բարձրորակ ձայնային հնարավորություններ (IMAX-ի նման)` ցուցադրությունն ավելի տպավորիչ և անմոռանալի դարձնելու համար:

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

Ամբողջական գմբեթի ցուցադրության շարքն իր մեջ ներառում է կենսաբանության, աստղագիտության, ֆիզիկայի (տարբեր ճյուղերի), նանոտեխնոլոգիայի, քիմիայի բնագավառների մասին երեխաների համար նախատեսված անիմացիոն ֆիլմեր, և այլն: Ճապոնիայի կրթության նախարարությունը բոլոր հանրակրթական դպրոցներում փոքրիկ շարժական պլանետարիումներ է տեղադրել:

Նոր սերնդի թվային ամբողջական գմբեթներն իրենց ֆիլմերով նոր դռներ են բացում հասարակական կրթության համար: Այսպիսի ցուցադրությունները հետաքրքրություն են առաջացնում երեխաների և երիտասարդների շրջանում և կրթում են նրանց ֆիլմերի միջոցով: Նման բարձրորակ ցուցադրության շնորհիվ դիտողը հայտնվում է հրաշալի մի միջավայրում` վերարտադրելով տեսարաններ և վիրտուալ պատկերներ:

Նոր տեխնոլոգիայի ձայնային ցուցադրության համակարգերն ավելացնում են անսովոր էֆեկտները և անմոռանալի զգացողություններ են առաջացնում, որոնք օգնում են հասկանալ բնության մեջ տեղի ունեցող բարդ ֆիզիկական գործընթացները (աստղագիտություն, կենսաբանություն, ֆիզիկա, և այլն):

Աշխարհում կան ավելի քան 200 Ստատիկ պլանետարիումներ, որոնցից 70-ն ունեն թվային ամբողջական գմբեթային ֆորմատ: 2004թ.-ից ի վեր 32 պլանետարիումներ իրենց համակարգերը զարգացրել և համալրել են եռաչափ SkyScan տեսակի պրոյեկցիոն սարքերով: Ձայնային համակարգերը նույնպես կատարելագործվել են (ներառյալ` HD ֆիլմերի ցուցադրության համակարգերով):

Այս նորագույն, 21-րդ դարի պլանետարիումներն օգտագործում են ամենազարգացած համակարգչային, օպտիկական, տեսաձայնային տեխնոլոգիաները` լայն հասարակությանն ավելի արդյունավետ կերպով ուսուցանելու համար: Հաշվարկներ են կատարվել, որոնք ցույց են տալիս, որ ամբողջական գմբեթաձև եռաչափ ֆիլմերի ցուցադրությունն ավելի խորը ուսուցողական ազդեցություն է ունենում (անմոռանալի տեղեկատվություն, անհամեմատելի ոգեշնչվածություն), քան 60 ժամ տևողությամբ աստղագիտության դասընթացը (այս հաշվարկը ճիշտ է նաև կենսաբանության և գիտության այլ ճյուղերի համար):

Ամբողջական գմբեթային եռաչափ պլանետարիումները հանդիսանում են 21-րդ դարի համալսարաններ և դպրոցներ: Դրանք երկու կարևոր նպատակ ունեն` հանրությանն ավելի արդյունավետ կերպով կրթել և ոգեշնչել երիտասարդներին, երեխաներին:

Արցախի պլանետարիումը` գերժամանակակից գիտակրթական կենտրոն

ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանը Միշել Մոսեսյանի և Գարիկ Իսրաելյանի հետ հանդիպման ընթացքում գնահատելով Ստեփանակերտում կառուցվելիք Պլանետարիումի նախագիծը, կարևորել է այս ոլորտում առաջատար երկրների փորձի ու Սփյուռքի ներուժի օգտագործումը` այն համարելով աշխատանքների պատշաճ իրականացման լավագույն հիմքերից մեկը:

Ստեփանակերտում կառուցվելիք պլանետարիումի` «Ամարաս» գիտակրթական կենտրոնի նախնական նախագիծը ներկայացվել է ԼՂՀ նախագահին: Վերջնական հավանություն ստանալուց հետո նախագծին ընթացք կտրվի:
Ծրագրի հիմնական բաղկացուցիչներից մեկն Աստղացուցարանի ստեղծումն է, որտեղ կենտրոնի այցելուները կշրջեն անծայրածիր Տիեզերքում: Աստղացուցարանը կունենա 15 մետր տրամագծով գմբեթ, որն ապահովված կլինի գերժամանակակից ցուցադրման և ձայնային համակարգերով, որին կլրացնեն նաև դրան շրջապատող ցուցադրությունները, թանգարանը և այլ վայրերը:

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

Կենտրոնն իր մեջ կներառի նաև ցուցադրությունների և հանդիպում-կոնֆերանսների համար նախատեսված դահլիճ, սեմինարների համար նախատեսված լսարաններ, լաբորատորիա և անհատական ուսումնասիրությունների սենյակներ: Կենտրոնն ամեն տարի մի քանի սեմինարներ կանցկացնի, որոնք կվարեն աշխարհահռչակ գիտնականները (Նոբելյան մրցանակի դափնեկիրներ և այլք):

Կկազմակերպվեն գիտության տարբեր ճյուղերի անվճար 1-4-շաբաթյա կուրսեր (հիմնական, միջին և բարձր մակարդակների)` երեխաների, համալսարանի ուսանողների, դպրոցների ուսուցիչների, համալսարանի դասախոսների և այլ մարդկանց համար: Կլինեն նաև առցանց համակարգչային ուսուցման համար դասասենյակներ: Օլիմպիադաներ կկազմակերպվեն աստղագիտության, ֆիզիկայի, մաթեմատիկայի, կենսաբանության, քիմիայի, ճարտարապետության և համակարգչային ծրագրավորման վերաբերյալ:

Նախատեսվում է նաև Ռոբոտիկ տելեսկոպ տեղադրել` SETI (Երկիր մոլորակից դուրս կյանքի որոնման) և GRB (Գամմա ճառագայթների ժայթքում), օպտիկական ցանցերին և որոնման համակարգերին միանալու նպատակով: Դպրոցահասակ երեխաների համար պարտադիր և մշտական հիմունքներով կգործեն գիտակրթական անվճար խմբակներ, որոնք կկրթեն երեխաներին, հետաքրքրություն կառաջացնեն գիտության տարբեր ճյուղերի նկատմամբ:

Լեռնային Ղարաբաղ կատարած այցի ընթացքում Միշել Մոսեսյանը հնարավորություն ունեցավ այցելելու նաև Շուշի: Դեպի Արցախ ճանապարհին նա եղավ նաև Քարահունջում, որն, ըստ ակադեմիկոս Պարիս Հերունու` դեռևս 7500 տարի առաջ եղել է սրբավայր և աստղադիտարան: Ճարտարապետը պատմեց, որ Գարիկ Իսրաելյանից լսելով Ստեփանակերտում աստղացուցարանի նախագծին մասնակցելու առաջարկի մասին, մեծ ոգևորությամբ է այն ընդունել:

Նա մտադիր է հրաշալի մի նախագիծ իրականացնել, որը կմիավորի ճարտարապետությունն ու Տիեզերքը: Այցի ընթացքում ԼՂՀ նախագահի առաջարկով նախագծի հեղինակները Ստեփանակերտում որոշ տարածքներ դիտեցին` աստղացուցարանի հնարավոր տեղակայման համար:

Ստեփանակերտ-Երևան

Հ.Գ. Ժամանակակից պլանետարիումներ են կառուցվել աշխարհի հարյուրավոր քաղաքներում: Ընդ որում, յուրաքանչյուր քաղաքի համար այն ներկայանում է յուրօրինակ ճարտարապետական տեսքով: Ի դեպ, մի քանի տարի առաջ պլանետարիում կառուցվեց նաև Բաքվում:

Տեսանյութեր

Լրահոս