«Անտարբերությունը մարդու ամենամեծ մեղքն է»

Ասում է «Վան» ռադիոկայանի տնօրեն Շուշանիկ Արևշատյանը

14 տարի առաջ Շուշանիկ Արևշատյանը հիմնադրեց «Վան» ռադիոկայանը, որն արդեն երկար ժամանակ հայ ունկնդրին հաճելի երաժշտություն է մատուցում: Շուշանիկ Արևշատյանը երկար տարիներ կարողանում է ղեկավարել, ինչպես ինքն է ասում` «իմ ընտանիքը` ռադիոկայանը»: Բացի «Վան» ռադիոկայանի աշխատանքները համակարգելուց, նաև զբաղվում է ակտիվ հասարակական գործունեությամբ. նախաձեռնում և մասնակցում է մի շարք հասարակական ծրագրերի: Այդ ծրագրերից մեկն էլ «Նվիրիր կյանք» հիմնադրամն է, որի պատվավոր նախագահն է ՀՀ առաջին տիկին Ռիտա Սարգսյանը: Շ. Արևշատյանը հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի անդամ է:

– Տիկին Արևշատյան, ի՞նչ եք կարծում` ինչո՞վ է մարդն ուժեղ:

– Ուժեղ է այն մարդը, ով ստույգ գիտի, թե ո՞ւր է գնում, ինչո՞ւ է արթնանում և իր հետևից ո՞ւր է տանում մարդկանց: Դա է լիդերի ճանապարհը: Եթե դու չգիտես` ո՞ւր ես գնում, ապա դու չես կարող քո հետևից մարդկանց տանել: Ուժը, ուժեղ լինելը դա է: Ժամանակը ցույց է տալիս, որ նման մարդիկ պատմության մեջ շատ են եղել, ում հետևից մարդիկ ցանկացել են գնալ, բայց այսօր այդ լիդերների թիվը գնալով քչանում է: Ի՞նչ եք կարծում, ինչի՞ հետևից այսօր կարելի է տանել մարդկանց:

Կարդացեք նաև

Եթե դու ասես, որ այստեղ վաճառվում է «Զառա» բրենդի շատ էժան կամ ձրի հագուստ, ապա մարդիկ կգան քո հետևից: Շատ երևույթներ մերօրյա կյանքում արժեզրկվում են: Մարդիկ գնում են էժան հագուստի ու ուտելիքի հետևից: Շատ վատ է, երբ մենք մեր կյանքը սահմանափակում ենք մի քանի բաների մասին մտածելով` ի՞նչ հագնել, ի՞նչ ուտել, որտե՞ղ և ո՞ւմ հետ քնել: Ի՞նչ եք կարծում, Աստված մարդ արարածին այս մի քանի բանի համար կստեղծե՞ր: Կարծում եմ` ոչ:

– Դուք ինչի՞ հետևից եք մարդկանց տանում: Ի՞նչ նպատակ ունեք:

– Ես տեսնում եմ մի գաղափար, այն է` առավել լավը դարձնել ռադիո «Վանը»: Այն մարդիկ, ովքեր վատ են կամ տխուր, փորձում ենք նրանց կյանքը դարձնել առավել ուրախ, գունավոր: Մարդիկ, որոնք հիասթափված են` շունչ քաշեն և կարողանան տեսնել լույսը: Այսինքն` ցանկանում ենք մարդկանց այդ վատ վիճակներից հանել և տանել ինչ-որ ուրախ և լավ տեղ: Ես ցանկանում եմ մարդկանց դարձնել ազատ և համարձակ: Երբ դու քո ներքին վիճակից դուրս ես գալիս, և դու տեսնում ես նաև այլ գույներ, ապա դու այլևս չես վախենում ասել այն, ինչ իրականում մտածում ես:

Այդ ժամանակ դու չես վախենում արտահայտվելուց: Մենք` իբրև հանրություն, սոցիալացված չենք: Մենք չենք կարող վստահ ասել, որ սա լավն է, իսկ այ սա` վատը: Մենք տանը փակված ենք. կա լույս, կա ջուր, կա հաց, ուրեմն ամեն ինչ լավ է: Ես չեմ ցանկանում, որ մենք դրանով սահմանափակվենք: Մեր ազգը շատ ավելի լավն է:

– Ազատությունը, ըստ Ձեզ, որտե՞ղ է սկսվում և որտե՞ղ է ավարտվում:

– Ազատությունը բարդ կատեգորիա է, դա մեր պատասխանատվությունն է: Եթե շատերին թվում է, թե ազատությունն այն է, ինչ մարդ ուզում է անել` չարաչար սխալվում են: Ազատությունն այն է, ինչը բերում է մեծ պատասխանատվության: Այն սկսվում է մտածելուց և ոչ թե` ապրելու ստանդարտներից: Դու ունես ընտրություն, և ինքդ ես կատարում այդ ընտրությունը:

Մենք` հայերս, քիչ ենք, հետևաբար սխալներ գործելու իրավունք չունենք: Հիմա, երբ ասում են` տվեք ազատություն միասեռականներին, ես այդ ազատությունը չեմ հասկանում. ի՞նչ ազատության մասին է խոսքը: Դու ազատ ես քո ընտանիքում, բայց այն, ինչ դու ես փորձում պրոպագանդել փոքր սերնդին, այ դա արդեն ազատություն չէ: Երբ դու փորձում ես պրոպագանդել այն, ինչ դու ես անում, այն կյանքը, որում դու ես ապրում, այ այդտեղ արդեն ավարտվում է քո ազատությունը, և առաջանում է իմ հանդիմանությունը դեպի քեզ: Ես ինքս չեմ ուզում այդպես լինի: Այստեղ կան ազգային շահեր, որը կախված չէ մեկ անհատի շահից:

– Իսկ ինչպե՞ս եք վերաբերվում այսօրվա երիտասարդությանը:

– Շատ եմ սիրում: Շատ դժվար և բարդ պայմաններում են ապրում: Ունեն մեզանից առավել լավ և առավել դժվար պայմաններ: Մեզանից տարբերվում են: Այսօր նրանք ազատ են, բայց չունեն հնարավորություն այդ ազատությունը վայելելու համար, իսկ մեր սերունդը` մենք, հնարավորություն ունեինք, բայց ազատություն չունեինք: Դա գալիս է ֆինանսական պայմաններից:

Բայց այսօր երիտասարդությունն ունի սովորելու հնարավորություն, որը թույլ կտա հասնել բարձունքների: Երբ ինձ մոտ երիտասարդներ են գալիս աշխատանքի ընդունվելու համար` ես շատ ցավում եմ, բայց նրանց գիտելիքը շատ ցածր մակարդակի վրա է: Բարձրագույն կրթական համակարգը մեզ մոտ շատ սխալ է դրված: Ես հույս ունեմ, որ երիտասարդության լավ սերմն անպայման ինչ-որ լավ բանի կհասնի:

– Ասացիք, որ ռադիո «Վանը» ընտանիք է: Ո՞ւմ թույլ կտաք մտնել Ձեր ընտանիք:

– Այն մարդկանց, ովքեր այն կընդունեն` որպես իրենց ընտանիքը: Մեր դռները բոլորի առջև բաց են: Այն մարդիկ, ովքեր ցանկանում են մտնել մեր ընտանիք, հենց առաջին օրից զգացվում է: Դա նման է նոր հարս գնացող աղջկան: Հենց հաջորդ օրը պարզ է դառնում` այդ աղջիկը հենց այդ ընտանիքի՞ աղջիկ է, թե՞ ոչ:

Մենք պատրաստ ենք ընդունել այն մարդկանց, ովքեր պատրաստ են քրտնաջան աշխատել, նվիրվել իրենց աշխատանքին: Երբ մարդիկ գալիս են աշխատանքի, պետք է իմանան, որ տանն ամեն ինչ լավ է, և նույնն էլ ընտանիքի անդամները պետք է իմանան, որ իրենց ամուսնու, կնոջ կամ երեխայի հետ ամեն բան լավ է:

Մարդը պետք է լինի հոգեպես լավ, երջանիկ վիճակում, որպեսզի գա ու իր դրական լիցքերը փոխանցի հանրությանը: Իսկ եթե աշխատակիցը խնդիրներով ծանրաբեռնված գա աշխատանքի և հանրությանը սկսի պատմել, թե որքան լավ է ամեն բան, ապա նա կստի, իսկ ռադիոունկնդիրն այդ սուտը կզգա: Իմ աշխատանքն այն է, որ կարողանամ ձեզ դրական լիցքեր հաղորդել:

– Դրսի փորձն օգտագործո՞ւմ եք:

– Կառավարելու հարցում իրենք են մեզանից փորձ տանում, բայց տեխնիկական նորարարությունների պարագայում, իհարկե, վերցնում ենք իրենց փորձը: Մենք, 14 տարի է, մասնակցում ենք բոլոր փառատոներին, կոնֆերանսներին: Մեր աշխատակիցները տարին 2-3 անգամ գնում են սովորելու: Եթե դրսում տեսնում են, որ այդ մարդը հետաքրքրված է, ուզում է դառնալ պրոֆեսիոնալ` հաճույքով ընդունում են:

– Տարիներ առաջ ասում էին, թե ռադիո լսում են միայն տաքսու վարորդները: Իսկ այսօր ո՞վ է ռադիոյի ունկնդիրը:

– Տաքսիների մեջ լսում են տաքսու վարորդները, ովքեր իրենց ճաշակը տարածում են իրենց ուղևորների վրա: 10 տարի առաջ տաքսու վարորդներն իսկապես խելացի էին: Շատ գիտնականներ, երաժիշտներ տաքսի էին վարում, որ կարողանային իրենց ապրուստը հոգալ: Հիմա ամեն բան փոխվել է: Այսօր ինձ տաքսիստը զանգում ու Խանջյան փողոցի տեղն է հարցնում:

Քաղաքի կեսը փոխվել է, փոխվել են նաև մարդիկ: Այսօր ռադիոն ինտերնետ է մուտք գործել և այդտեղ էլ կմնա: Հիմա ես մի բան կասեմ, և դուք ինձ վրա միգուցե ծիծաղեք, բայց մի քանի տարի հետո բոլոր ԶԼՄ-ներից կմնա միայն ռադիոն, մնացածը կմտնեն ինտերնետ: Մամուլն արդեն իսկ չեն կարդում, այն կարդում են համացանցից: Ռադիո լսում են այն մարդիկ, ովքեր ուզում են, որ որևէ մեկն իրենց հետ ազնիվ խոսի: Ռադիոյի գաղտնիքը մարդն է, դու դա լսում ես` որպես երաժշտություն, բայց երբ դու մարդու կարիք ես ունենում` ռադիո ես լսում:

Մենք այնքան մեկուսացած ենք հիմա և գնալով ավելի ենք մեկուսանալու: 10 տարի առաջ մենք մեծ ուրախությամբ մի խնձոր էինք կիսում իրար հետ, բայց հիմա մեծ սեղան անգամ չենք կարողանում իրար հետ կիսել: Մարդը զգում է միշտ մարդու կարիքը: Ռադիոն միակն է, որը տալիս է այդ հնարավորությունը: Հիմա եղանակը փոխվում է, դրա հետ մեկտեղ` փոխվում է նաև մարդու տրամադրությունը: Եվ ես մի այնպիսի երգ կդնեմ, որ ձեր հոգեկան աշխարհին համահունչ կլինի:

– Կհիշե՞ք մի հետաքրքիր պատմություն, որը պատահել է ռադիոկայանի գործունեության ընթացքում:

– Շատ դեպքեր կան: Մի հետաքրքիր պատմություն կար բերդում անչափահասների գաղութում գտնվող աղջկա և տղայի մասին: Նրանք իրար սիրում էին, իսկ մենք ռադիոյի միջոցով «խոստովանում էինք» նրանց սերը: Բանտապահները կոտրում էին ռադիոները, բայց նրանք էլի շարունակում էին լսել և մեր միջոցով միմյանց ինչ-որ խոսքեր փոխանցել: 17 տարեկան երիտասարդներ էին: Մենք մի օր ռադիոյում սուրբ Վալենտինի օրն ենք նշում և մի նամակ ենք ստանում, որն այդ աղջիկը փոխանցել էր փաստաբանի միջոցով: Այդ նամակում աղջիկը պատմել էր իր սիրո պատմությունը, իր ամբողջ կյանքն էր, փաստորեն, այդ նամակում:

Մենք նստեցինք, մտածեցինք, թե ի՞նչ կարող ենք անել այդ երիտասարդների համար, և որոշեցինք, որ մենք սկսելու ենք այդ սերը զարգացնել ռադիոեթերում: Հետո խնդրեցինք, որ այդ աղջկան բանտից մեքենայով բերեն եթեր: Աղջկան բերեցին 15 րոպեով, աղջիկը եթերում խոսեց, ասաց իր սրտի խոսքը: Հասկանո՞ւմ եք` դա ինչ է: Հետո 3 տարի անց նրանք բանտից դուրս եկան, ամուսնացան, եկան այստեղ: Մի հրաշալի, հուզիչ պատմություն էր:

Դա ո՞նց կարող է Ձեզ չհուզել: Դրա համար ռադիոյում աշխատողը պետք է լինի հատուկ, զգայուն, մաքուր հոգու տեր մարդ, ով կկարողանա չքնել դիմացինի դժվարությունների, ցավի համար: Անտարբերությունն ամենամեծ մեղքն է: Ես այդպես եմ մտածում, դա իմ կարծիքն է:

Տեսանյութեր

Լրահոս