Մարդուն սոված չթողնելը հեղափոխականությո՞ւն է
«Ձեր ելույթը համապատասխանում է հեղափոխականությանը, սակայն հարցը բարոյական դաշտ մի տեղափոխեք»,- ԱԺ այսօրվա նիստում ՀՅԴ պատգամավոր Արծվիկ Մինասյանի ելույթին այսպես է արձագանքել ԱԺ նախագահի տեղակալ Էդուարդ Շարմազանովը։
Իսկ ինչ «հեղափոխական» բան է ասել Ա. Մինասյանը։ Ըստ էության՝ ոչինչ։ Նա պարզապես նշել է, որ ամոթ է, երբ 40 հազար դրամ ստացող հանրային ծառայողից պահանջում են առաջնորդվել բարոյականության, պետականության հիմնարար սկզբունքներով, բայց պետությունն ինքը չի տալիս նվազագույն կենսապայմաններ ապահովող աշխատավարձ։
Եթե Էդ. Շարմազանովից բացի, որևէ մեկը նույնպես այստեղ հեղափոխականության տարրեր է տեսնում, ապա խորհուրդ կտանք ընթերցել ՀՀ Սահմանադրության 1-ին հոդվածը՝ Հայաստանի Հանրապետությունը ինքնիշխան, ժողովրդավարական, սոցիալական, իրավական պետություն է: Սոցիալական՝ ասել է թե՝ պետությունը պարտավոր է իր բոլոր քաղաքացիների համար ապահովել նորմալ գոյության նվազագույն միջոցներ։
Հիմա համեմատենք։ Նվազագույն սպառողական զամբյուղը տատանվում է ամսական 55 հազար դրամի սահմաններում։ Եթե մարդը ստանում է 40 հազար դրամ, ինչպե՞ս կարելի է նրանից պահանջել, որ ապրի, կերակրի իր ընտանիքին և ամեն օր պատշաճ հագուկապով ներկայանա աշխատանքի՝ իր ներդրումը բերելով պետության բարօրությանը։
Արծվիկ Մինասյանն առաջարկել է՝ նվազագույն աշխատավարձը կապելով գնաճի, կենսապահովման նվազագույն զամբյուղի և միջին աշխատավարձի հետ: Հասկանալի է, որ նման հարցերում ընդդիմության առաջարկները մերժվում են։ Քանի որ, եթե դրանք ընդունվեին, ապա դա կլիներ սահուն և աննկատ հեղափոխություն։