Գազ` կյանքի բույսի գաղտնիքը
Բուժիչ նամակներ
Գազերը բակլազգիների ընտանիքի թիթեռնածաղկավորների ենթաընտանիքին պատկանող միամյա և բազմամյա խոտաբույսեր, կիսաթփեր կամ թփեր են։ Երկիր մոլորակի վրա կա այս ցեղի մոտ 2500 տեսակ, ՀՀ-ում` մոտ 125 տեսակ (հայտնի են դրանցից առնվազն 41 անվանումները)։
Բույսը հարուստ է խեժերով, ինչի պատճառով նույնիսկ կանաչ ճյուղերը պիտանի են թոնիրներում և վառարաններում կրակ առաջացնելու համար։ Խեժը արժեքավոր է, օգտագործվում է տեխնիկայում և բժշկության մեջ (!)։ Լ.Վ. Հարությունյանը նկարագրել է գազի երկու տեսակներ` Գ. Ոսկեզօծը Astragalus aureus և Գ. ասեղնակերպը A.Pycnophyllus (տես «Քո շրջապատի թփերը»)։
Մի այլ բուսաբան` Ռ.Ս. Կարապետյանը («Հայաստանում տարածված մոլախոտերի ատլաս») նույնպես նկարագրել է Գ. ոսկեգույնի (Գ. ոսկեզօծ) կառուցվածքը։
Արմատը առանցքային է, ճյուղավորվող, բայց դեղնամոխրագույն։ Տերևաթափ թուփ է կամ կիսաթուփ։
Ուղղաձիգ կամ կարճ հիմքից ճյուղավորվող ցողունով։ Ծաղկակիր ցողունները երկար են, տերևները բարդ են` բաղկացած 7-18-ական զույգ անկանոն դասավորությամբ էլիպսաձև կամ գծային տերևներով, որոնց առանցքը ավարտվում է փշով։ Եզրերը նույնպես պատված են (ավելի մանր) փշերով։ Ծաղկափթթությունը խիտ ողկույզ է։ Ծաղկաբաժակը` թավոտ սև, պսակը` դեղին։ Պտուղը գրեթե գնդաձև ունդ է, հասունացման փուլում` սև գույնի, կոպիտ, մազապատ։ Սերմերը օվալասրտաձև են, ելունդավոր, դեղին, դարչնագույն կամ կանաչ։ Ունդը պարունակում է 1-5 սերմ։
Շատ փոփոխական տեսակ է, տարբեր վայրերում աճող առանձնյակները կարող են զգալիորեն տարբերվել։ Կազմելով գնդաձև փշոտ թփուտներ` դժվարացնում են գյուղատնտեսական աշխատանքները։
Արտակարգ չորադիմացկուն, երաշտադիմացկուն, լուսասեր, հողի հանդեպ ոչ պահանջկոտ բույս է։ Սակայն շատ լավ է հարմարվում ստվերոտ, չափավոր խոնավ վայրերում։ Աճում է ՀՀ միջին և վերին լեռնային գոտիներում, քարքարոտ և խճապատ թեքությունների վրա, սակայն հաճախ է հայտնվում նաև մշակովի հողերի վրա։
Ապրում է 40-50 տարի, բազմանում է սերմերով։ Առավել լավ է ուսումնասիրված գազ ծաղկաթավապատի` A. dasyanthus քիմիական բաղադրությունը և բուժիչ հատկությունները։
Հետաքրքիր է իմանալ, որ Ուկրաինայում այդ տեսակը մշակվում է։ Քանի որ սերմի պատյանը հաստ է և բնական ծլունակությունը ընդամենը 10 տոկոս է, այն ենթարկում են մեխանիկական մշակման, որից հետո ծլունակությունը հասնում է 70 տոկոսի, հասկանալի է, որ բոլոր աշխատանքները մեխանիզացված են։ Նույն դաշտի վրա նոր ցանք են կատարում չորրորդ տարին։ Նպատակը բուժիչ հումք ստանալն է։
Պարունակում է բարդ շաքարներ, ֆլավոններ, կումարին, ամինաթթուներ, սապոնին, ֆլավոնային գլիկոզիդներ (կվերցետին, իզորմնետին, կեմպֆերոլ), դաբաղանյութ, B խմբի վիտամիններ։
Հարուստ է միկրո և մակրոտարրերի բազմազանությամբ` կալցիում, կրեմնիում, ալյումինիում, երկաթ, մագնիում, ֆոսֆոր, ցինկ, պղինձ, մարգանեց, քրոմ, յոդ, բարիում, վանադիում, մոլիբդեն, ստրոնցիում։
Առանձին խումբ են կազմում հակաօքսիդանտ նյութերը` A, C, E վիտամիններ և սելեն, որի պարունակությունը կարող է հասնել 1,5 մգ (100 գ հումքի մեջ)։
Բացի այդ, գազերը պարունակում են միայն տեսակին բնորոշ ալկալոիդներ և աստրագալիններ կոչվող նյութեր։
Իմ բարեկամներից մի քանիսը աշխատում էին Երևանի բուսաբանական այգում, նրանք գիտեին Հայաստանում աճող գազի օգտակար հատկությունների մասին և երբեմն օգտագործում էին այն կանխարգելիչ նպատակով։
Հավանաբար ՀՀ-ում աճող տեսակները նույնպես պետք է հարուստ լինեն քիմիական տարրերի բազմազանությամբ, քանի որ մեր երկրի լեռները պարունակում են բազմաթիվ գունավոր մետաղներ և այլն։
Բույսի բուժիչ հատկությունների մասին գրված է «Դեղաբույսերի տեղեկատուի» մեջ (Ս. Յա. Սոկոլով, Ի.Պ. Զամոտաև, Մոսկվա 1984թ.)։ Տեղեկատուն նախատեսված է բժիշկների և գիտաշխատողների համար. «Բույսը ունի հիպոտենզիվ, հանգստացնող, հակաառիթմիկ հատկություն, լայնացնում է սրտասնույց անոթները, լավացնում է արյան շրջանառությունը երիկամներում։ Կիրառում են նոր սկսվող հիպերտոնիայի և գլոմերունեֆրիտի, արյան շրջանառության քրոնիկ անբավարարության առաջին և երկրորդ փուլերի դեպքում»։
Մեր օրերում գազի ծաղիկից և տերևից ստանում են ֆլավոնային գլիկոզիդ` «ֆլարոնին»։ Այն իջեցնում է ազոտի, միզանյութի և կերատինի պարունակությունը, լավացնում արյան շրջանառությունը երիկամներում։
Արտադրվում է հաբերի ձևով` S. falcatus տեսակից։
Astragalos բառը ունի հունական ծագում, նշանակում է «ող» կամ «ճան»։ Բույսի բուժիչ հատկությունների մասին իմացել են սքյութացիները` արդյո՞ք նաև սքայորդի Պարույրը։
Նրանք համարել են, որ այն երկար և առողջ կյանք է պարգևում։ Չինաստանում օգտագործվում է սեռական գեղձերի գործունեությունը լավացնելու համար` թե՛ կանացի, և թե՛ տղամարդկանց։ Այս երկրում բույսը խառնում են կենսաբանորեն ակտիվ սննդային հավելումներին, քսուքներին, թեյերին, օշարակներին։
Ժողովրդական բժշկության մեջ գազի վերոգրյալ տեսակները ունեն շատ մեծ կիրառում։
Պարզության համար նշենք Իսպանիայի քաղցկեղի հետազոտության Ազգային կենտրոնի աշխատակից Մարիա Բլանկայի կարծիքը. «Գազը պարունակում է տելոմերազա էնզիմ, որը ի զորու է սովորական մահկանացու բջիջը դարձնել անմահ»։ Բույսի հատկությունները և դրա կիրառման հեռանկարները նկարագրված են Եկատերինա Մելեխովայի «Աստրագալ-տրավա ժիզնի Կրեմլյովսկիխ վոժդեյ» 2006 թ., գրքում։
Հումքը հավաքում են ծաղկման շրջանում, նախքան սերմի հասունանալը։ Փռեք բարակ շերտով օդափոխվող ծածկի տակ։
Հիպերտոնիա. 2 ճ/գ տերևին (ծաղկին) ավելացրեք 200 մլ նախօրոք եռացրած տաք ջուր։ 15 րոպե պահեք եռացող ջրային բաղնիքի վրա, թրմեք մինչև հովանալը։ Քամեք։ Վերականգնեք նախնական ծավալը եռջրով։ Խմեք 2-3 ճ/գ, օրը 3 անգամ` սնվելուց առաջ։
Լեղամուղ. պատրաստեք վերոգրյալ ձևով 500 մլ ջրով։ Խմեք 60-ական մլ, օրը 3 անգամ` սնվելուց կես ժամ առաջ։
Ոգեթուրմ. Ապակե տարայի 1/3 լցրեք չոր ծաղիկներ, մնացած ծավալը լրացրեք օղիով։ 2 շաբաթ թրմեք մութ տաք տեղում։ Քամեք քառատակ թանզիֆով։ Խմեք
1-ական թ/գ, օրը 2-3 անգամ` 50 մլ տաք ջրի հետ։ Շարունակեք` 20, ընդմիջեք 10 օր։
Երիկամների բորբոքում. Մանրացրեք, խառնեք գազի խոտը, երիցուկի ծաղիկը, ձիաձետ դաշտայինի, մատիտեղ թռչնի, աղեխոտի վերգետնա մասը, եգիպտացորենի մազմզուկները (3։3։1։1։1։1)։ Հումքի 2 ճ/գ-ն 8-10 ժամ թրմեք ջերմապահում 500 մլ եռջրով։ Քամեք։ Խմեք 50-ական մլ, օրը 3-4 անգամ։ Շարունակեք 15-20 օր։