Հայաստանն՝ ընդդեմ ղրղըզա-ամերիկյան համագործակցության
Ռուսաստանի Պետդումայում այսօր սկսվել է ՀԱՊԿ անդամ երկրների տարածքում ռազմական ենթակառուցվածքի օբյեկտների տեղակայման մասին արձանագրության վավերացման քննարկումը:
Արձանագրությունը նախատեսում է, որ ՀԱՊԿ անդամ երկրներից որևէ մեկն իր տարածքում ոչ ՀԱՊԿ անդամ երկրի ռազմական ենթակառուցվածքի օբյեկտ տեղակայելու դեպքում պետք է ստանա ՀԱՊԿ անդամ մյուս բոլոր երկրների համաձայնությունը: Այս արձանագրությունը հոկտեմբերի 4-ին վավերացվել էր Հայաստանի խորհրդարանում: Հայաստանից բացի, արձանագրությունը վավերացրել էր նաև Բելառուսի խորհրդարանը:
Այս արձանագրությունը պետք է Ռուսաստանին, որպեզի խոչընդոտի ՀԱՊԿ-ին անդամակցող մյուս երկրների և ՀԱՊԿ-ին չանդամակցող երկրների համագործակցությանը: Պատահական չէ, որ այսօր Պետդումայում քննարկման ժամանակ Ռուսաստանի ԱԳ փոխնախարար Ալեքսանդր Գրուշկոն հայտարարել է, որ 2014թ. հետո Ղրղըզստանն իր տարածքում ամերիկյան ռազմաբազայի տեղակայման հարցը պետք է համաձայնեցնի ՀԱՊԿ անդամ երկրների հետ:
Գրուշկոն ասել է, որ արձանագրությունը հետադարձ ուժ չունի, և մինչև 2014թ. Մանասի ռազմաբազան կարող է տեղակայված լինել այնտեղ՝ առանց համաձայնեցման: Բայց եթե Ղրղըզստանը որոշի երկարացնել ռազմաբազայի ներկայությունն իր տարածքում, ապա պետք է ստանա ՀԱՊԿ անդամ մյուս երկրների համաձայնությունը:
Ամենայն հավանականությամբ, Ղրղըզստանը կցանկանա երկարացնել համագործակցությունն ԱՄՆ-ի հետ, քանի որ դա տնտեսապես շահավետ է, և այդ դեպքում Հայաստանը կարող է հայտնվել չափազանց բարդ իրադրության մեջ: Օրինակ, Ռուսաստանը կարող է Հայաստանից պահանջել, որ Հայաստանը առարկություններ ներկայացնի Մանասի ռազմաբազան ամերիկացիներին տալու՝ Ղրղըզստանի իշխանությունների որոշման դեմ: Այս դեպքում Հայաստանը հակամարտության մեջ կհայտնվի ոչ միայն ՀԱՊԿ-ի գծով դաշնակից Ղրղըզստանի հետ, այլ նաև լուրջ խնդիրներ կունենա ԱՄՆ-ի իշխանությունների հետ, որոնց շատ դժվար է որևէ տրամաբանական պատճառաբանություն ներկայացնել, թե ինչո՞ւ է Հայաստանը դեմ, որ ԱՄՆ զինվորականները շարունակեն վարձակալել ղրղըզական ռազմաբազան, որը երկուստեք փոխշահավետ է:
Ինքը` Ռուսաստանը, շատ հնարավոր է, որ առարկություններ չունենա և ամբողջ պատասխանատվությունը դնի Հայաստանի վրա: Ի՞նչ են այդ դեպքում ասելու Հայաստանի իշխանությունները, որոնց ներկայացուցիչ, ԱԳ փոխնախարար Շավարշ Քոչարյանը Հայաստանի ԱԺ-ում արձանագրությունների վավերացման ժամանակ պատգամավորներին վստահեցնում էր, որ արձանագրությունը Հայաստանի ազգային շահերի համար որևէ վտանգ չի ներկայացնում:
Սա այնքան էլ անիրատեսական սցենար չէ, եթե նկատի ունենանք, որ այս արձանագրության հեղինակը Ռուսաստանն է, և արձանագրությունը ստեղծվել է բացառապես այդ նպատակով:
Նշենք, որ արձանագրությունն ուժի մեջ է մտնում, եթե այն վավերացնում են ՀԱՊԿ անդամ չորս երկրներ: Ռուսաստանի Պետդուման, ամենայն հավանականությամբ, այսօր կվավերացնի արձանագրությունը, և ևս մեկ երկրի՝ վավերացնելու դեպքում` այն օրինական ուժ կստանա: