Դառնափուշ մոլախոտի բուժիչ հատկությունները
Դառնափուշը` Xantium, պատկանում է բարդածաղկավորների (աստղածաղկավորների) ընտանիքին։ Ունի լավ զարգացած ուղղահայաց դիրքով հողի խոր շերտերը գնացող ճյուղավորվող արմատ, աղեղնաձև, դեպի վեր ձգվող` 60-80 սմ բարձրության հասնող կլոր կամ բազմակողմ, լիամեջ ցողուն։ Ցողունի յուրաքանչյուր հանգույցից դուրս են գալիս երկար կոթուն ունեցող երեքից հինգ բլթականի (մարդու ձեռքի ափին նմանվող) տերևները։
Ողջ բույսը խավապատ է, տերևի տակի մասը` ավելի խիտ։ Ծաղիկները դեղնականաչավուն են, արականները տեղակայված են ճյուղերի գագաթներին` խիտ գնդաձև գլխիկների մեջ, իգականներն աճում են փոքր փնջերով` տերևածոցերում։
Պտուղը կլորավուն-էլիպսաձև է, ամբողջովին ծածկված փշիկներով, գագաթին կան երկու, համեմատաբար ավելի մեծ, եղջյուրակերպ սուր փշիկներ։ Ամուր սերմնապատյանի մեջ կան երկու երկարավուն սև սերմեր։
Ծաղկում է` հուլիս-օգոստոս, պտղաբերում` օգոստոս-սեպտեմբեր ամիսներին։ Տարածվում է կենդանիների միջոցով։ Ըստ Ռ.Ս. Կարապետյանի` փչացնում է ոչխարների բուրդը և հանդիսանում դաշտային գաղձի զարգացման պատճառ, սակայն ունի բուժիչ հատկություններ։
Տարածված է Արարատյան դաշտավայրում, հյուսիսարևելյան շրջաններում, հանդիպում է ՀՀ ողջ տարածքում, բնակավայրերի մոտակայքում, առուների և ճանապարհների եզրին, անմշակ հողերում, խոնավ աղբոտ վայրերում։ Պարունակում է զգալի քանակությամբ կարոտին և ասկորբինաթթու, ֆլավոններ, եթերային յուղ, բույսին բնորոշ թունավոր ալկալոիդներ, ճարպային թթուներ։ Սակայն հիմնական արժեքավոր տարրը յոդն է, որը պարունակվում է բույսի բոլոր մասերում։
Հայտնի է դառնափուշի մոտ 10 տեսակներ։ Թեև բոլորն էլ ունեն բուժիչ հատկություններ, առավել հայտնի են փշոտը, որի տերևների տակ կան երեք սուր փշեր (X.spinosum) և սովորականը (X. stumarium)։ Մեր հայրենիքում տարածված է երկրորդը։
Հայերենում բույսը ունի նաև դառնուկ և դեղնենի անվանումները։ Երկրորդ անվանումը միանշանակ վկայում է, որ հայ մարդն իմացել է բույսի յուրահատուկ բուժիչ հատկությունների մասին։ Առողջություն պարգևող դեղաբույս, ահա թե ինչպես պետք է հասկանալ այդ անվանումը։ Իսկ շատերը անվանել են «անպետք», ոչ պիտանի մոլախոտ։
Ի դեպ, բույսի հայրենիքը Հյուսիսային Ամերիկան է։
Կան մարդիկ, որ մշակում են բույսը հողամասում կամ նույնիսկ տանը, սակայն շատերն անխնա ձևով վերացնում են այն։ Մի փոքր խնամքի դեպքում զարգանում է շատ արագ, ջղախոտի նման սիրում է մարդու տան մոտ աճել։ Ի դեպ, բավականին գեղեցիկ առեղծվածային ձևեր է ընդունում։
Դե, ինչպե՞ս չսիրես այս բույսը. և՛ գեղեցիկ է, և՛ բուժիչ, սակայն` նաև նեղացկոտ։
Իհարկե, շատերը գիտեն, որ յոդը անհրաժեշտ է մարդու օրգանիզմի, հատկապես` վահանաձև գեղձի բնականոն գործունեության համար։ Այժմ արժե ուշադրություն դարձնել այն հանգամանքի վրա, որ բույսը երբեմն անվանում են «խպիպի դեղ»=«զոբնիկ»։
Մի քանի խոսք յոդի անհրաժեշտության մասին։ 1896թ. հայտնաբերվել է, որ վահանագեղձի հիմնական յոդ պարունակող սպիտակուցը տիրեոգլոբուլինն է, և յոդն անհրաժեշտ է վահանագեղձի կանոնավոր աշխատանքի, տիրոկսին ու տրիյոդտիրոնին հորմոնների առաջացման համար։
Մարդու օրգանիզմին անհրաժեշտ օրվա չափաբաժինը 150 միկրոգրամ է։ Հղի և երեխային կերակրող կանանց անհրաժեշտ է 180-250 մկգ։ Մեկ խնձորի սերմում (5-6 հատ) պարունակվում է 140-170 մկգ յոդ, մոտ տասն անգամ ավելի յոդ է պարունակվում 100 գ խուրմայի կամ ֆեյխոայի մեջ։ Հայաստանի ծիրանի չիրը պարունակում է մոտ 75 մկգ յոդ։ Իհարկե, շատ յոդ կա ձկնեղենի և ծովամթերքների մեջ, սակայն մեր նշած մրգերի և մնացած սննդամթերքի մեջ պարունակվող յոդն ավելի քան բավարար է։
Այժմ վահանագեղձի հիվանդությունների մասին։ Դրանք կարող են ունենալ տարբեր բնույթ, սակայն հիմնականում դասվում են ըստ գեղձի ֆունկցիայի փոփոխության։
- Էնդեմիկ խպիպն առաջանում է այն դեպքում, երբ օրգանիզմը երկար ժամանակ չի ստանում յոդի անհրաժեշտ քանակությունը սննդի հետ, նվազում է անհրաժեշտ քանակի հորմոնների արտադրությունը, և գեղձը մեծանում է։
Կանանց մոտ այս հիվանդությունը կարող է զարգանալ սեռական հասունացման, հղիության և լակտացիայի շրջանում։
- Եթե խպիպի առաջացման հետ համատեղ թուլանում է գեղձի ֆունկցիան, ապա նման ընթացքը ախտորոշվում է` հիպոտիրեոզ։
Նկատվում է ճնշման անկում և տատանում, նյութափոխանակության գործընթացի դանդաղում, գլխացավ, քնկոտություն, ընդհանուր թուլություն, հիշողության մասնակի կորուստ, քաշի ավելացում, փորկապություն, չորություն բերանում, դեմքի այտուցում, սրտի անբավարարություն։
- Հիպոտիրեոզը կարող է զարգանալ վիրահատության, վահանագեղձի մեխանիկական վնասվածքի, ուղեղի մեջ գտնվող գեղձի (հիպոֆիզ) հիվանդության, ռադիոակտիվ յոդով բուժվելու և աուտոիմունային տիրեոդիտի դեպքում։
- Տիրեոդիտներ են կոչվում վահանագեղձի բորբոքային բնույթի հիվանդությունները` ոչ լրիվ բուժված գրիպ կամ այլ ինֆեկցիոն հիվանդություն։ Իմունային համակարգը պայքարելով այդ անցանկալի վարակի դեմ` վերացնում է նաև վահանագեղձի առողջ բջիջները։ Արդյունքում թուլանում, նվազում է գեղձի ֆունկցիան` առաջանում է հիպոտիրեոզ (կամ) և առաջանում են հանգույցներ։
- Հիպերտիրեոզը վահանագեղձի հիվանդությունների այն խումբն է, երբ մարդու օրգանիզմում նկատվում է տիրոկսին և տրիյոդտիրոնին հորմոնների բարձր պարունակություն։
Եթե այդ գործընթացը հիպոֆիզի ոչ ճիշտ հրահանգների կամ գեղձի չափերի մասնակի և մանավանդ ամբողջական մեծացման արդյունք է, ապա հորմոնների քանակը կարող է հասնել կրիտիկականի։
- Նման վիճակն առաջացնում է առանձին օրգանների կամ համակարգի թունավորում և ախտորոշվում է` տիրեոտոքսիկոզ։
- Եթե գեղձի չափերը փոփոխվում են մասամբ, ապա ախտորոշվում է հանգուցային տոքսիկ խպիպ։
- Եթե փոփոխման է ենթարկվում (մեծանում) ողջ գեղձը, ապա ախտորոշվում է` դիֆուզային տոքսիկ խպիպ (այլ կերպ` գրեյվսի կամ Բազեդի հիվանդություն)։
Հիմնական ախտանիշներն են` սրտխփոց, դողէրոցք, բարձր քրտնարտադրություն, դյուրագրգռություն, անհանգիստ քուն, ագրեսիվություն, աշխատունակության անկում, ընդհանուր թուլություն, քաշի կտրուկ փոփոխություն (ավելացում կամ նվազում), և այլն։
Վահանագեղձի բոլոր հիվանդությունների դեպքում կանանց մոտ նկատվում է դաշտանային պարբերության խանգարում, իսկ տղամարդկանց մոտ` պոտենցիայի անկում։
Այժմ ներկայացնենք այն բացատրությունը, որը տվել է դեղնենու բուժիչ հատկությունների վերաբերյալ տեխնիկական գիտությունների թեկնածու, բնագետ, քիմիկոս և ֆիզիկոս, բազմաթիվ գրքերի հեղինակ` Բորիս Վասիլևիչ Բոլոտովը։
«Արդյո՞ք հնարավոր է բուժել ընկնավորությունը» հարցին նա պատասխանել է հետևյալ ձևով. «Դեղնենու խոտով հնարավոր է, եթե ոչ լրիվ, ապա գոնե մասամբ թեթևացնել ոչ միայն ընկնավորության ընթացքը, այլ նաև գենետիկ մտավոր խանգարումները։ Օրինակ, այն օգնում է Դաունի հիվանդության դեպքում։ Բանը դրանում է, որ դեղնենին պարունակում է մեծ քանակությամբ յոդ, որի նվազությունը առաջացնում է մտավոր թերզարգացում և նյարդային խանգարումներ։ Դեղնենի սովորականը ժողովուրդն անվանում է զոբնիկ (խպիպի բալասան), քանի որ այն ի զորու է բուժել խպիպը։
Նրա բոլոր մասերը յոդ են պարունակում։ Խոտի եփուկը կամ ոգեթուրմը, ինչպես ողջ բույսի եփուկը խմում են վահանագեղձի փոքրացման համար` խպիպի և քաղցկեղի դեպքում։
Խոտի թուրմը և արմատի եփուկը օգնում է` էնտերոկոլիտի, քրոնիկ լուծի, դիզենտերիայի, ջրի մեջ լուծված տերևի հյութը` ասթմայի և կոկորդում սպազմների դեպքում։ Խոտի հյութով կամ բույսի եփուկով բուժում են արտաքին մաշկային, այդ թվում` նաև սնկային հիվանդությունները, լվանում են դեմքը մաշկի բորբոքման դեպքում։ Տրորած կանաչ խյուսը (փշերը հեռացնել) քսում են էկզեմայի և որքինի վրա։
Դեղնենու ներքին օգտագործումը պահանջում է մեծ զգուշավորություն, քանի որ հյութը և եփուկը ունեն այրող հատկություն։ Արտաքին օգտագործման դեպքում նույնպես կարող է նկատվել անհատական անընկալունակություն։
Խպիպ, նեֆրիտ, հանգստացնող միջոցներ. 2 ճ/գ դեղնենու խոտին ավելացրեք 500 մլ եռջուր, եփեք 5-10 րոպե։ Թրմեք 6-8 ժամ։ Խմեք օրվա ընթացքում ոչ մեծ չափաբաժիններով»։
Գիտնականը չի նշում, սակայն թուրմն անհրաժեշտ է քամել։
Իսկ այժմ մի փոքր ճշտում։ Բոլոտովի կողմից առաջարկվող թուրմը խմեք 1-2 ճ/գ, մինչև 50 մլ չափաբաժիններով, օրը 4 անգամ։
Քանի որ (թրմված) եփուկն ունի այրող, դառը համ, ապա չափաբաժինը կարող է փոփոխվել։ Եվ ամենակարևորը` եփուկը խորհուրդ է տրվում աուտոիմունային տիրեոդիտի բուժման ընթացքում, որպես վահանագեղձի հորմոնների փոխանակումը կարգավորող միջոց։
Դեղնենի= դառնանուշը ունի հակաբորբոքային, հակամիկրոբային, միզամուղ, ցավազրկող, քրտնամուղ, հակասնկային հատկություն, թեթևացնում է վիճակը քորի դեպքում։ Չինաստանում բույսն ընդգրկված է պետական դեղաբանական ձեռնարկում։ Բույսի վերգետնյա մասը կիրառվում է որպես քրտնամուղ, հակակարկամային միջոց, նաև քաղցկեղի և վահանագեղձի որոշ հիվանդությունների բուժման համար։
Հնդկական բժշկությունն օգտագործում է բույսի արմատները։
Հայտնի է, որ 1986թ. Չեռնոբիլի աղետից հետո ռադիոնուկլիդներով վարակված սննդամթերքը և ջուրը առաջացնում էին վահանագեղձի ծանր հիվանդություններ, և օրգանիզմը կորցնելով իր պաշտպանական «վահանը»` չէր կարողանում դիմագրավել քաղցկեղի բջիջների առաջացմանը։ Բժշկական ծառայությունը փորձում էր դիմագրավել կործանիչ ռադիոակտիվ ճառագայթման ազդեցությունը յոդի օգնությամբ։
Սակայն մաքուր յոդը գրեթե չի յուրացվում և հաճախ առաջացնում է բացասական անդրադարձ` ինքնազգացողության վատացում, սրտխառնոց, գլխացավ և այլն։ Հայտնի բուսաբույժ Վլադիմիր Կուպչինը նշում է, որ բույսերի, ջրի և սննդի մեջ պարունակվող յոդն անհամեմատ ավելի լավ է յուրացվում։ Նա հաճախ է այցելել Այսրկովկաս։
Դառնափուշի քիմիական բաղադրությունը և դեղաբանական հատկությունները դեռևս արժանի են ավելի խորը ուսունասիրության։ Քիչ են անդրադարձները մամուլում, թեև բույսը գնահատվում է մի շարք մասնագետների կողմից։
Կա ևս մեկ հանգամանք, որը կարևորում է բնական յոդի դերը։
Օրվա 24 ժամվա ընթացքում մարդու օրգանիզմում շրջանառվող ամբողջ արյունը մոտ 85 անգամ մանրէազերծվում է վահանագեղձի մեջ գտնվող յոդով։ Այս գեղձը իրոք որ վահան է ծերության դեմ, եթե, իհարկե, բավարարված է անհրաժեշտ քանակի յոդով։
Դեղնենին հակացուցված է փորկապության, ստամոքսի և 12-մատնյա աղիի խոցային հիվանդության սրացման շրջանում։ Բույսի պատրաստուկները չի կարելի օգտագործել հիպերտիրեոզի դեպքում։
Նման բուժում կարող է նշանակել միայն փորձված մասնագետը, քանի որ չափաբաժինները հաշվարկվում են բազմակողմանի հետազոտություններից հետո և շատ չնչին են։ Չի կարելի խախտել չափաբաժինները, քանի որ բույսը պարունակում է թունավոր նյութեր։
Մաշկի սնկային հիվանդություններ. 1 թ/գ չոր խոտը (1 ճ/գ թարմ) 5 րոպե եփեք 200 մլ եռջրով։ Թրմեք 20 րոպե, քամեք։ Խմեք 2-ական ճ/գ, օրը 3 անգամ` սնվելուց 15 րոպե առաջ։
Էնդեմիկ խպիպ. 1 ճ/գ թարմ խոտը 1 ժամ թրմեք 200 մլ եռջրում։ Քամեք։ Խմեք 2-ական ճ/գ օրը 3 անգամ` փոքր կումերով։
Բույսի հասունացման շրջանում մայրուղիներից հեռու վայրերում հավաքեք պտուղը, ցողունը, տերևը։ Առանց լվանալու մանրացրեք, լցրեք ապակե տարայի մեջ, ավելացրեք օղի 1։1 քաշային հարաբերությամբ (100 գ հումքին` 100 մլ)։ Վեց ամիս թրմեք մութ, հով տեղում։
Քամեք քառատակ ծալած թանզիֆով (2-3 անգամ)։ Պահեք նույն պայմաններում։ Առավոտյան արթնանալուց անմիջապես հետո խմեք 200 մլ ոչ քլորացված ջուր։ Իսկ նախաճաշից 30 րոպե առաջ խմեք 1 թ/գ ոգեթուրմ մի փոքր ջրով։ Լինում են դեպքեր, որ 10-15 օրից նկատվում է առողջական վիճակի լավացում, սակայն էնդեմիկ խպիպի բուժումը երկարատև է` 3-6 ամիս։
Այս ոգեթուրմը կարելի է խմել նաև կանխարգելիչ նպատակով 1/2 թ/գ, օրը 1 անգամ, 3-4 շաբաթ։
Ահա այսպիսին է այս հրաշալի «մոլախոտը», որը մեր ժողովուրդը ճշտապես անվանել է` դեղնենի, իրոք համապատասխանում է բույսի ի վերուստ տրված առաքելությանը։ Եվ հպարտությամբ պետք է նշենք, որ դա խոսում է մեր ազգի հնուց եկող բնագիտական փորձառության մասին։