Ի՞նչն է խթանում պետությունը, կամ՝ խթանո՞ւմ է արդյոք որևէ բան
Հայաստանի Սպառողների միության նախագահ Վազգեն Սաֆարյանը Հայաստանի գործատուների միության նախագահ Գագիկ Մակարյանի հետ համատեղ ասուլիսի ընթացքում անդրադարձել է պետության տնտեսական քաղաքականությանը՝ նշելով, որ Հայաստանի 2013թ. բյուջեի նախագիծը խթանում է սպառումը, ոչ թե տնտեսությունը (ասել է թե՝ առաջարկը):
Վ. Սաֆարյանը նշել է, որ բյուջեում արդյունաբերության շահերը հարկ եղած չափով հաշվի չեն առնվել:
Եթե ավելի գլոբալ դիտարկենք՝ Վ. Սաֆարյանի առաջ քաշած խնդիրը Հայաստանում հեռակա կարգով ընթացող մասնագիտական բանավեճի շրջանակներում է: Այդ հարցը տարբեր առիթներով շատ է շրջանառվում` պետությունը պետք է խթանի առաջա՞րկը, թե՞ պահանջարկը:
Եթե ավելի հասկանալի լեզվով ներկայացնենք, հարցը հետևյալն է՝ պետությունը պետք է աջակցի վաճառողների՞ն (առաջարկ ներկայացնողներին)՝ էժան վարկերի, հարկային արտոնությունների և այլնի տեսքով, թե՞ պետական գնումների և այլ միջոցներով խթանի սպառումը: Սակայն սա նման է հավի և ձվի պատմությանը. վերջնական պատասխան դժվար է գտնել:
Ավելին, կոնկրետ Հայաստանի պարագայում մասնագետների կարծիքները տարբերվում են անգամ այն հարցում, թե ՀՀ իշխանությունների վարած հարկաբյուջետային քաղաքականությունը փաստացի ինչին է նպաստում՝ պահանջարկի՞ն (սպառմանը), թե՞ առաջարկին: Վ. Սաֆարյանն, ինչպես արդեն նշեցինք, կարծում է, որ կառավարությունը 2013թ. բյուջեի նախագծով խթանում է սպառումը, ոչ թե տնտեսությունը (ասել է թե՝ առաջարկը): Հաշվի առնելով այն, որ հարկաբյուջետային քաղաքականության տրամաբանությունը վերջին տարիներին փոփոխությունների չի ենթարկվել, կարելի է եզրակացնել, որ Սաֆարյանի կարծիքով՝ կառավարությունը միշտ էլ հակված է խթանել սպառումը:
Սակայն նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանը հակառակ կարծիքին է: Տարբեր առիթներով նա բազմիցս հայտարարել է, որ կառավարությունը պետք է խթանի պահանջարկը, այլ ոչ թե տարբեր եղանակներով կանգնի խոշոր մատակարարների թիկունքին: Հիմնավորումներից մեկն այն է, որ տնտեսական այնպիսի դեգրադացված համակարգում, որն առկա է Հայաստանում, առաջարկի խթանումը պարունակում է լուրջ կոռուպցիոն ռիսկեր: Օրինակ՝ պետությունը սուբսիդավորում է կամ հարկային արտոնություններ է տրամադրում այն ընկերություններին, որոնց սեփականատերերն իշխանությանը մոտ կանգնած մարդիկ են: Մի շարք տնտեսագետներ ընդունում են կոռուպցիոն ռիսկերի առկայությունը, սակայն հակադարձում են, որ կոռուպցիայի դեմ պայքարը կարճաժամկետ կտրվածքով լուծել, այսպես թե այնպես, հնարավոր չէ: Դրա համար երկար ժամանակ է պետք: Իսկ այդ ժամանակի ընթացքում չի կարելի շեշտը դնել պահանջարկի վրա՝ անտեսելով առաջարկը:
Տնտեսագետ Հայկ Բալանյանը նույնպես նախապատվությունը տալիս է առաջարկի խթանմանը, քանի որ այն (ասել է թե՝ արտադրությունը) նաև աշխատատեղեր է ստեղծում, որն, իր հերթին, խթանում է նաև պահանջարկը: «Մեր պայմաններում պահանջարկը խթանելը կնշանակի, որ այդ գումարները հայտնվելու են չինական և թուրքական բանվորների ձեռքերում և մեր երկրում չեն աշխատելու:
Բացի այդ, Հայաստանը չի կարող վերապրել առանց արտադրող և արտահանող արդյունաբերության: Մեր ներքին շուկան փոքր է, և առանց արտահանող արդյունաբերության՝ գործազրկության խնդիրը չի լուծվի: Ուստի առաջնայինը ես համարում եմ արտահանման ունակ արդյունաբերության, գիտատար ճյուղերի զարգացումը, որոնք իրենց հերթին՝ պահանջում են բարձր աշխատավարձով որակյալ կադրեր, ինչը նորից իր հերթին՝ նույնպես կխթանի ներքին սպառումը: Ի վերջո, այդ մոտեցումները փոխկապակցված են, ոչ թե հակադիր, սակայն նույնիսկ այդ փոխկապակցվածության պարագայում առաջնայինը տնտեսության իրական հատվածի և արտահանող ճյուղերի զարգացումն է, քանի որ սպառման խթանման դեպքում, առանց արտադրության պայմանների ստեղծման, այդ սպառումը կհագեցվի ներմուծման հաշվին»,- «168 Ժամի» հետ զրույցում նշեց Բալանյանը: Միևնույն ժամանակ, փորձագետի կարծիքով, այդ ճանապարհին առաջնային քայլը պետք է լինի գերարժևորված դրամի արժեզրկումը՝ մինչև 600 դրամ մեկ ԱՄՆ դոլարի նկատմամբ: «Դա, իհարկե, կհարվածի ներմուծողների եկամուտներին և որոշակիորեն սպառողներին՝ գների աճի պատճառով, բայց, առանց այդ կոշտ քայլի, արտադրությունը երկրում չի վերակենդանանա: Միայն այդ պարագայում` դրամի կառավարելի արժեզրկման քաղաքականության դեպքում, արդեն կարելի է ինչ-որ ձևերով աջակցել սպառողներին, բայց ոչ՝ ներմուծողներին»,- կարծում է Հայկ Բալանյանը:
Տնտեսագետ Աղասի Մկրտյանն էլ նշեց, որ պահանջարկի խթանում արվում է այն դեպքում, երբ ՀՆԱ-ն իր պոտենցիալ մակարդակից ցածր է գտնվում կամ՝ կա պարտք վերցնելու տեղ, քանի որ. «Խթանում բառի հոմանիշը պարտք վերցնելն է»։
Իսկ, այնուամենայնիվ, ի՞նչ քաղաքականություն է վարել ու վարում կառավարությունը թե՛ նախորդ տարիներին, թե՛ ընթացիկ տարվա բյուջեով: Այս հարցին բավականին ինքնատիպ պատասխան տվեց Policy Forum Armenia փորձագիտական կենտրոնը: «ՀՆԱ-ի նկատմամբ 24-25% ծախսեր նախատեսող և նախորդ 2-3 տարիներից ծավալի և կառուցվածքի առումով էականորեն չտարբերվող բյուջեն չի կարող խթանել ոչ պահանջարկը, ոչ էլ առաջարկը: Այն կարող է, լավագույն դեպքում, համարվել «տեղում դոփելու բյուջե»: Եվ սա հասկանալի է, որովհետև ճեղքվածքի ֆինանսավորման և արտաքին պարտքի չափերի առումով կառավարության հնարավորությունները մնում են սարսափելի սահմանափակ, ինչպես նշել էինք մեր փետրվարյան զեկույցում»,- «168 Ժամին» ուղղված պատասխանում նշել են PFA-ից:
Նշենք նաև, որ առաջիկա համարում կներկայացնենք նաև այլ փորձագետների կարծիքներ այս հարցի առնչությամբ: