Բաժիններ՝

Կատարը մարդասիրական օգնության նոր խմբաքանակ է ուղարկել Գազայի հատված

Կատարը մարդասիրական օգնության նոր խմբաքանակ է ուղարկել Գազայի հատվածի բնակիչներին։ Սննդամթերքով լի բեռնված 49 բեռնատար ժամանել է Եգիպտոս և Հորդանան՝ պաղեստինյան անկլավի բնակչությանը սնունդ տրամադրելու նպատակով։ Այս մասին հայտնում է Կատարի արտաքին գործերի նախարարությունը։

«Կատարի Պետության կողմից եղբայրական պաղեստինյան ժողովրդին տրամադրվող շարունակական մարդասիրական աջակցության շրջանակներում, Եգիպտոսի Արաբական Հանրապետություն և Հորդանանի Հաշիմյան Թագավորություն են հասել մարդասիրական օգնությամբ բեռնված 49 բեռնատար:

Օգնությունը տրամադրվել է Կատարի Պետության կողմից՝ Կատարի զարգացման հիմնադրամի միջոցով՝ Կատարի բարեգործական կազմակերպության և Կատարի Կարմիր մահիկի ընկերության հետ համագործակցությամբ:

Օգնությունը Ռաֆահ և Զիկիմ անցակետերով կփոխանցվի Պարենի համաշխարհային ծրագրին (WFP)՝ Գազայի հատվածում կարիքավորներին տրամադրելու նպատակով»,- նշվել է նախարարության հայտարարության մեջ:

Մարդասիրական օգնությունը ներառում է 4704 ընտանիքի համար նախատեսված սննդի փաթեթներ, մոտ 50000 մարդու համար նախատեսված 200 տոննա սնունդ, ինչպես նաև 174 տոննա ալյուր և 5000 միավոր մանկական սնունդ:

 Գազայի առողջապահության նախարարությունը տեղեկացրել է, որ 2023 թվականի հոկտեմբերի 7-ից ի վեր իսրայելական հարձակումների հետևանքով զոհված պաղեստինցիների թիվը հասել է 59821 հազարի, վիրավորվել է 144951 մարդ, որոնց թվում զգալի թիվ են կազմում կանայք և երեխաները։

Իսրայելը Գազայի հատվածում ռազմական գործողություններ էր սկսել՝ ի պատասխան պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժման զինյալների ներխուժման, որի հետևանքով զոհվել է գրեթե 1200 մարդ, գերեվարվել՝ շուրջ 250 մարդ։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս