
ՀԱՄԱՍ-ը հայտարարել է, որ Գազայի շրջափակման պայմաններում Իսրայելի հետ բանակցություններն անիմաստ են

Գազայի հատվածում Իսլամական դիմադրության շարժման (ՀԱՄԱՍ) ղեկավար Խալիլ ալ-Հայյան հայտարարել է, որ պաշարման, ցեղասպանության և սովի պայմաններում Իսրայելի հետ հրադադարի համաձայնագրի շուրջ հետագա բանակցություններն անիմաստ են: Այս մասին հայտնում է Al Jazeera-ն։
«Գազայի հատվածում մեր երեխաների, կանանց և ժողովրդի շրջափակման, ցեղասպանության և սովի պայմաններում բանակցությունները շարունակելու իմաստ չկա», – ասել է ալ-Հայյան։ Նա կոչ է արել «անհապաղ և արժանապատիվ մատակարարել սնունդն ու դեղորայքը» որպես հետագա բանակցությունների նախապայման։Նա ընդգծել է, որ շարժումը բանակցությունների վերջին փուլում ճկունություն է ցուցաբերել, սակայն իսրայելական կողմը նահանջել է՝ նպատակ ունենալով ժամանակ վատնել և շարունակել ցեղասպանությունը:
Ավելի վաղ Իսրայելի և ԱՄՆ-ի բանակցողները որոշել են լքել Կատարի մայրաքաղաք Դոհայում Գազայի հրադադարի հարցով հուլիսի 6-ից ընթացող բանակցությունները, իսկ Վաշինգտոնը մեղադրել է ՀԱՄԱՍ-ին «բարի կամքով չգործելու» մեջ։
Հայտարարության մեջ ԱՄՆ հատուկ բանագնաց Սթիվ Ուիթքոֆը նշել է. «Մենք ՀԱՄԱՍ-ի վերջին արձագանքից հետո, որը հստակ ցույց է տալիս Գազայում հրադադարի հասնելու ցանկության բացակայությունը, որոշել ենք մեր թիմը խորհրդակցությունների նպատակով դուրս բերել Դոհայից»։
Նրա խոսքով՝ ԱՄՆ-ն կքննարկի Գազայի հատվածում պահվող իսրայելցի պատանդներին ազատ արձակելու այլընտրանքային ուղիներ։