
Պեկինում արտակարգ արձագանքման ռեժիմ են սահմանել տեղատարափ անձրևների պատճառով. Xinhua

Չինաստանի Ժողովրդական Հանրապետության ջրային տնտեսության նախարարությունը հայտարարել է արտակարգ արձագանքման ռեժիմ սահմանելու մասին մայրաքաղաք Պեկինում հնարավոր հեղեղումների պատճառով:
«Սինհուա» լրատվական գործակալությունը հայտնում է, որ հուլիսի 24-ից տեղացած տեղատարափ անձրևները հանգեցրել են Միյուն ջրամբարում ջրի մակարդակի կտրուկ բարձրացման Չինաստանի մայրաքաղաքի հյուսիսարևելյան արվարձանում: Դրա հետևանքով ջրի հոսքը եղել է առավելագույնը ջրամբարի ամբողջ 60-ամյա պատմության ընթացքում:
Ավելի վաղ Պեկինի իշխանությունները սահմանել էին երկրաբանական երևույթների վտանգի մասին նախազգուշացման առավելագույն («կարմիր») մակարդակ, որոնց պատճառ կարող են դառնալ տեղատարափ անձրևները:
Տարածված ծանուցման համաձայն՝ առաջիկա օրվա ընթացքում Պեկինի արևմտյան և հյուսիսային մասի ծայրամասերում սողանքների և ապարների թափման վտանգ կա: Տեղի վարչակազմը բնակչությանը խորհուրդ է տվել պահպանել հատուկ նախազգուշական միջոցները: