
ԱՄՆ-ն կօգնի Կամբոջային և Թաիլանդին խաղաղության շուրջ բանակցություններում․ Ռուբիո

Միացյալ Նահանգների վարչակազմը կաշխատի Կամբոջայի և Թաիլանդի միջև սահմանային հակամարտության խաղաղ կարգավորմանը նպաստելու համար։ Այս մասին հայտարարել է ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն։
«Կամբոջան և Թաիլանդը շուտով Մալայզիայում բարձր մակարդակի բանակցություններ կսկսեն՝ անհապաղ հրադադարի հասնելու հույսով։ Պետդեպարտամենտի պաշտոնյաները Մալայզիայում են՝ խաղաղության ջանքերը խթանելու համար։ Նախագահ Թրամփը և ես շարունակում ենք համագործակցել մեր գործընկերների հետ յուրաքանչյուր երկրում և շատ ուշադիր հետևում ենք իրավիճակին։ Մենք ցանկանում ենք, որ այս հակամարտությունը հնարավորինս շուտ ավարտվի», – ասվում է Պետդեպարտամենտի կայքում հրապարակված հայտարարության մեջ։
Հուլիսի 26-ին Թրամփը հեռախոսազրույց էր ունեցել Կամբոջայի վարչապետի և Թաիլանդի վարչապետի պաշտոնակատարի հետ և ասել, որ երկու կողմերն էլ պատրաստ են բանակցել հրադադարի շուրջ։ Հուլիսի 27-ին Մալայզիայի արտաքին գործերի նախարար Մոհամադ Հասանը հայտարարել էր, որ Թաիլանդի և Կամբոջայի առաջնորդները բանակցություններ կանցկացնեն Մալայզիայում հուլիսի 28-ին: