«Հայաստանում քաղաքական PR-ը գտնվում է նախնական մակարդակի վրա»
Հարցազրույց hանրային կապերի փորձագետ Արմեն Բաղդասարյանի հետ
– Ինչպիսի՞ն է Հայաստանում անցկացվող քաղաքական PR-ը: Արդյո՞ք իրականացվում է քաղաքական PR մեր քաղաքական գործիչների շրջանում:
– Եթե մենք ունենք քաղաքական PR, ինչը, հավանաբար, առկա է, ապա այն գտնվում է նախնական մակարդակի վրա, քանի որ լուրջ PR-ը լուրջ հետազոտություններ է ենթադրում, որոնք ծավալվում են թե՛ երկարաժամկետ, թե՛ կարճաժամկետ կտրվածքով` պայմանավորված բուն նպատակով: Տվյալ դեպքում կարևոր է գիտակցել նպատակը, և ըստ դրա` համապատասխան մարտավարություն մշակել: Ցավոք, մեր երկրի քաղաքական կյանքում առավել հաճախ ականատես ենք լինում դեպքերի, որոնք ոչ թե նախապես առաջադրված նպատակների և դրանցից բխող մարտավարության արդյունք են, այլ հակառակը` որդեգրած անգործության և աննպատակայնության արդյունքում առաջացած հետևանքները հապճեպ վերացնելու գործընթաց:
Որպես օրինակ` նշեմ Սաֆարովի արտահանձնման փաստը, որից առաջ մեր արտաքին քաղաքական դաշտում տիրում էր հանգստություն, խոսակցական բառապաշարով ասած` «արխայինություն»: Այդ «արխային» և տնավարի մոտեցումն է հանգեցնում շատ ցավալի դրսևորումների: Սաֆարովի պարագայում անհրաժեշտ էր տանել որոշակի աշխատանք, որպեսզի փաստի առաջ չկանգնեինք, և մեզ չասեին, թե Սաֆարովն արդեն Բաքվում է, և նույնիսկ նրա կոչումն են բարձրացրել: Մենք առավել հաճախ զբաղված ենք ոչ թե կոնկրետ PR նպատակներ և մարտավարություն մշակելով, այլ` անհեռատես գործունեության արդյունքում` հետևանքների հապճեպ վերացմամբ: Ես այսպես կբնութագրեի այն վիճակը, որ տիրում է ոչ միայն հայաստանյան քաղաքական դաշտում, այլև` բոլոր բնագավառներում և կառավարման բոլոր մակարդակներում:
– Իսկ ինչպե՞ս պետք է անել, որ Ձեր նշած հետևանքների հապճեպ վերացման խնդիր չառաջանա:
– Նախ` պետք է գիտակցել և սահմանել այն նպատակները, որոնց ձգտում ենք հասնել ցանկացած ոլորտում: Օրինակ, դիտարկենք քաղաքական գործչի ընտրարշավը, ում նպատակը, բնականաբար, ընտրվելն է: Նախընտրական շրջանում համապատասխան խորհրդատուները պետք է ուղղորդեն նրան` մշակելով ծրագիրն ու մարտավարությունը, ինչը ենթադրում է հարցումների անցկացում, պոտենցիալ ընտրողների շրջանում տրամադրվածությունների վերհանում, ձգտումների և սպասելիքների սահմանում, ԶԼՄ-ների հետ տարվող աշխատանք, և այլն:
Չեմ կարող ասել, թե դա որքանով է իրականացվում մեզ մոտ, բայց դատելով նախընտրական կարգախոսներից և բոլոր արտաքին ազդանշաններից` այսօր ՀՀ-ում գրագետ PR չի իրականացվում:
– Գրագետ PR չի իրականացվում, քանի որ համապատասխան մասնագետնե՞ր չունենք:
– Ցավալի հարց եք արծարծում, քանի որ մենք այսօր նույնիսկ բուհ չունենք, որը կպատրաստեր այդպիսի մասնագետներ: ՀՀ-ում հանրային կապերի ոլորտը հաճախ վստահվում է Ձեր գործընկերներին: Առավել հաճախ Հանրային կապերով զբաղվում են նախկին կամ գործող լրագրողներ կամ պարզապես լրագրողական կրթություն ունեցող անձինք: Կարծում եմ` դա այդքան էլ ճիշտ չէ, քանի որ հանրային կապերի ոլորտը բավական մեծ ծածկույթ է ենթադրում` ընդգրկելով տարբեր տիպի գործառույթներ: Իսկ լրագրողն իր լրագրողական շեշտադրումներն է դնում այդ աշխատանքում, ինչը ոչ հաճախ է ունենում ցանկալի արդյունքներ:
– Վերջերս ամենաքննարկվող հարցերից մեկը ՀՀ նախագահի, այսպես ասած, կոշտ քննադատություններն են Կառավարության աշխատանքի մասին: Շատերը դա որակեցին` որպես PR քայլ, ընդ որում` հաջողված: Իսկ այնուհետ նախագահի այդ կեցվածքի դրսևորումները շարունակական եղան: Չե՞ք կարծում, որ այդ քայլերի շարունակական լինելը կարող է նաև հակառակ ազդեցությունն ունենալ` որպես հանրային կապերի փորձագետ:
– Քիչ առաջ նշեցի, որ մենք ավելի հաճախ զբաղված ենք հետևանքների վերացմամբ, քան նպատակների սահմանմամբ և համապատասխան մարտավարության մշակմամբ: Նախագահի` Կառավարության հետ հայտնի խորհրդակցությունը հետևանքների վերացման ուշացած դրսևորում էր, որովհետև առաջին օրը չէր, որ այդ Կառավարությունն աշխատում էր, և առաջին օրը չէր, որ նախագահը պաշտոնավարում էր:
4 տարի թե՛ ԶԼՄ-ների, թե՛ տարբեր ուժերի կողմից մատնանշվել են թերացումներ, չարաշահումներ, բազմիցս խոսվել է նորաձև դարձած «ատկատ» երևույթի մասին: Իսկ դա նշանակում է, որ մինչ այդ պահը պաշտոնավարած անձինք ոչ միայն իրենց տեղերում չեն եղել`ըստ մասնագիտական հմտությունների և կարողությունների, այլև դրա համար վարձատրվել են պետական բյուջեից, և նույնիսկ ավելին` չարաշահելով պաշտոնական դիրքը` զբաղվել են տարբեր ֆինանսական հոսքերի տնօրինմամբ: Տվյալ պարագայում խնդիրը ոչ թե PR-ի կազմակերպումն է, այլ` կառավարման համակարգում ընդհանուր բարեփոխում կատարելու անհրաժեշտությունը:
Իրականում նախագահը չէ, որ պետք է զբաղվեր վերահսկողական գործունեությամբ, որովհետև դա չի մտնում նրա գործառույթների մեջ, թեև նա պետք է որոշակի շտկումներ մատնանշի: Մեր երկրում բոլոր հարցերի լուծումը վերապահված է նախագահին, ինչը հանգեցնում է կառավարման անհավասարակշռության: Մեր համակարգը միանձնյա է և անձնավորված: Փորձեմ պատկերավոր ասել` նախագահն այդ ամբողջ մեխանիզմի մի պտուտակն է, որը հանելու դեպքում մեխանիզմը չպետք է խափանվի:
Խոսքը պետության մեխանիզմի մասին է, որտեղ ամեն մի դետալ պետք է լինի իր տեղում և անխափան աշխատի: Իսկ մեր պարագայում ստացվում է, որ մեխանիզմը չի գործում, խափանված է, և եթե նախագահը դա չնկատի և համապատասխան կարգադրությունները չտա, ապա այդ մեխանիզմն այդպես էլ կգնա դեպի կործանում:
Իսկ ո՞ւր մնացին պետական բոլոր այն մարմինները և դրանց ղեկավարները, որոնց վերապահված է պետական մեխանիզմի անխափան աշխատանքի վերահսկողությունը: Եվս մեկ անգամ կրկնվեմ` անհեռատես գործունեության արդյունքում առաջացած հետևանքների հապճեպ վերացումը որևէ պարագայում չի կարող դիտվել որպես PR ակցիա, որքան էլ որ ձգտենք այն այդպես ընկալել: Նախապատմական մարդը որևէ անհասկանալի երևույթ տեսնելիս` անձրև, կարկուտ, ամպրոպ և այլն, աստվածացնում էր այդ երևույթները և ստեղծում աստվածություններ: Հիմա մենք էլ, առանց երևույթների էությունը հասկանալու, հենց մի արտասովոր դրսևորում ենք տեսնում, շտապում ենք այն որակել` որպես PR ակցիա:
– ՀՀ-ում որքանո՞վ են ճիշտ կազմակերպվում նախընտրական արշավները, կարգախոսների, ուղերձների կազմումը: Որպես օրինակ` կդիտարկե՞ք ԱԺ վերջին ընտրությունները:
– Ուղերձը հիմնվում է երկրի առաջնահերթությունների վրա: Կարգախոսը պարապ խոսք չէ: Թեկնածուն պետք է կարողանա ճիշտ իդենտիֆիկացնել այդ առաջնահերթություններն ու ծառացած մարտահրավերները և իր կարգախոսով ամփոփել առաջարկվող լուծումները: ԱԺ վերջին ընտրություններին կարելի էր հանդիպել հանրությանն անծանոթ, արհեստական դեմքեր, որոնք, թերևս, ֆոտոսեսիայի ժամանակ առաջին անգամ էին գրիչ վերցրել: Նախընտրական շրջանում հանդիպեցի մի զավեշտալի կարգախոսի` «Ձեր ձայնն ինձ համար պատիվ է»: Ինչպես գովազդային, այնպես էլ` նախընտրական կարգախոսի դեպքում պետք է հասկանանք, թե՞ ինչ հակազդեցություն է ունենալու այն տվյալ թիրախային խմբի շրջանում:
Եթե հանրությանն անծանոթ մի թեկնածու ասում է` ձեր ձայնն ինձ համար պատիվ է, ապա ինչո՞ւ պիտի հանրությունը նրան պատիվ անի, երբ ծանոթ չէ այդ անձի գործունեությանը, անցած ուղուն, և այլն: Այլ կերպ` ի՞նչ է առաջարկում տվյալ գործիչն իր ընտրողին` բաժակաճառ հիշեցնող այդ կարգախոսով: Իսկ կարգախոսն իր մեջ պետք է պարփակի սեմեոտիկ` նշանագիտական, հոգեբանական, ազգագրական տարրեր և պետք է հենվի երկրում առկա առաջնահերթությունների վրա: Հանդիպում ենք նաև այլ կարգախոսների. բանկերից մեկն, օրինակ, իր կարգախոսով կոչ էր անում` «Մասնակցեք մեր վերելքին»:
Գովազդային, PR հաղորդակցության մեջ կարևոր է հաճախորդի հետ երկխոսության մեջ մտնելու պահը, նրան որպես գործընկեր ներկայացնելը: Իսկ իմ մատնանշած օրինակում բանկը հաճախորդին դուրս է հանում «վերելքի» շրջանակից, և չի ասում` եկե՛ք միասին բարձրանանք: Վստահությունը սկսվում է խոսքից:
– Չե՞ք կարծում, որ այդ երկխոսությունը չի ստեղծվում, որովհետև մեզ մոտ հաճախ կարգախոսները բավական պաթետիկ են, արհեստական, ինչը, կարծես, ժառանգել ենք Խորհրդային Միությունից:
– Այո, դա նաև խորհրդային անցյալի հետևանք է: Պաթետիկ հռետորաբանությունը խրախուսվում է արդեն իսկ դպրոցում: Ուսումնական տարվա սկզբին կարող եք գնալ դպրոց և տեսնել, թե ուսուցիչներն ինչպիսի հռետորաբանությամբ են ողջունում աշակերտներին: Թե՛ տոնայնությունը, և թե՛ խոսքն այնքան արհեստական են: Ընդհանրապես, հասարակական կյանքի բոլոր ոլորտներից պետք է դուրս մղենք պարապ և ունայն խոսքը:
– Կարո՞ղ եք նշել քաղաքական գործիչների անուններ, որոնց դեպքում իրականացվում է գրագետ PR:
– Ներկա գործիչների պարագայում կդժվարանամ նշել որևէ մեկին: Իսկ նախկիններից կարելի է հիշել նախկին քաղաքապետ Կարեն Կարապետյանին: Թերևս, նրա պարագայում էլ, կարծում եմ, որ իր կերպարը` իր ընդհանուր իմիջով և բավականին կոնկրետ խոսքով, հենց նա ինքն էր ստեղծել` որպես որակապես տարբերվող կառավարիչ և գործիչ:
– Այս օրերին Երևանը պատրաստվում է 2794-ամյակի տոնակատարությանը: Քաղաքում տոնի տրամադրություն, կարծես, չկա, թեև որոշ դեկորացիաներով փորձում են տոնական շունչ հաղորդել քաղաքին: Որո՞նք են բացթողումները, որ հանրությունն իրեն կտրված է զգում տոներից:
– Տոնը պետք է լինի ոչ թե ժողովրդի միտքը զբաղեցնելու և ուշադրությունը շեղելու, այլ հանգստացնելու և լիցքաթափելու միջոց: Դրանք տարբեր մոտեցումներ են: Ցավոք, այսօր մեր քաղաքացիներն այնքան հոգսաշատ են կենցաղային ոլորտում, որ եթե նույնիսկ կազմակերպեք ամենաշքեղ տոնը, ապա միևնույն է` նվազագույն մասնակցություն կլինի նրանց կողմից: Ինչ վերաբերում է քաղաքի տոնական հանդերձանքին, կարծես, որոշակի դեկորատիվ աշխատանք տարվում է քաղաքում. մասնավորապես, քաղաքի կենտրոնում նստարաններ տեղադրվեցին, փայտյա հանդերձանքով աղբամաններ, ինչը ողջունելի է:
Չնայած դրան, մեզանում դեռ մնացել է խորհրդային դամբարանապաշտությունը, նկատի ունեմ քաղաքն արձանապատելը, ինչը սկսում է նմանվել մոլագարության: Թյուրիմացությունների շարքից է նաև վերջերս կավե արձանների տեղադրումը Երևանում: Ցանկացած բան, որ ենթարկվում է տիրաժավորման, անխուսափելիորեն հանգեցնում է տվյալ երևույթի արժեզրկմանը: Ինչո՞ւ ենք դամբարանապատում մեր սիրելի քաղաքը: Շուտով, ինչպես նշեցիք, տոնելու ենք քաղաքի 2794-ամյակը, սակայն մեր հազարամյա պատմությունից որևէ հետք չի մնացել: Յուրաքանչյուր մայրաքաղաք ունի հին քաղաք կոչվող հատվածը: Ո՞րն է մեր հին քաղաքը: Մենք չունենք հին քաղաք: Այդ դեպքում ինչո՞վ ենք ապացուցում մեր հազարամյա պատմությունը: Այս ամենով հանդերձ, Երևանը դեռ ունի զբոսաշրջային բրենդ դառնալու պոտենցիալ, որից պետք է ճիշտ օգտվել:
– Ինչպե՞ս։
– Հետևել եվրոպական քաղաքների օրինակին: Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո Բեռլինն ամբողջությամբ ավերվել էր, և այնտեղ վերականգնվեցին ամբողջական թաղամասեր: Այսօր այն եվրոպական ամենականաչ մայրաքաղաքն է: Կրկին վերադառնում ենք կոմպետենտ մարդկանց բացակայության խնդրին: Երևանում իրականացվել են տարբեր աշխատանքներ, ինչը հնարավոր չէ ժխտել` կամարանցումների ձևավորում, կանաչապատման դեկորացիաների տեղադրում, որոնք, ճիշտ է, վիճելի ճաշակի են` թիթեռնիկներ, արջուկներ և այլն:
Եթե մենք ուզում ենք ստանալ բրենդային քաղաք, պետք է ունենանք ընդհանուր գաղափարախոսություն` արտահայտված համապատասխան խորհրդապատկերներով, որոնք բոլորը կմիահյուսվեն միևնույն գաղափարի մեջ: Մենք տեսնում ենք տարբեր էլեմենտներ, որոնք, սակայն, չեն ամբողջանում մեկ ընդհանուր խորհրդապատկերի մեջ և խոչընդոտում են, որ Երևանը կարողանա համարվել բրենդային քաղաք: Իսկ պատճառն այն է, որ ամեն բան արվում է տարերայնորեն: Իսկ ինչն արագ եկել է, նույնքան արագ էլ գնալու է և մոռացվելու: Հետո նորից պետք է մտածենք` ինչպես անենք, որ ավելի լավ լինի: Այսինքն` կրկին վերադառնում ենք հետևանքների վերացման քաղաքականությանը:
– Հայաստանում իդեոլոգիայի ճգնաժամ նկատո՞ւմ եք:
– Միանշանակորեն չեմ կարող պատասխանել. և՛ այո, և՛ ոչ: Փառք Աստծո, տեղեկացված երիտասարդ սերունդ է գալիս, որը բաց է դեպի նորը: Հեծանիվ հորինել պետք չէ, այլ արդեն եղած հեծանիվը պետք է օգտագործել ճիշտ տեղում: Մենք լրացուցիչ միջոցներ ենք ծախսում` ստեղծելով արձաններ, որոնք փշրվելու են, որի համար, ի վերջո, վճարում է շարքային քաղաքացին: Ես կարող եմ հարց տալ` այդ արձանները տեղադրելիս որևէ մեկի մտքով անցե՞լ է երևանցուն հարցնել` արդյո՞ք ցանկանում եք այդպիսի արձաններ տեսնել Երևանում: Եվ նորից հանգում ենք երկխոսության բացակայությանը: Ցանկացած ղեկավար, գերատեսչություն պետք է փորձի մշտական երկխոսության մեջ լինել իր թիրախային խմբի հետ:
Տարիներ առաջ աշխատանքի բերումով գտնվում էի Շվեյցարիայի Շաֆհաուզեն քաղաքում, որտեղ հանդիպեցի ավագանու խորհրդի անդամներից մեկի հետ: Նրանց ավագանու անդամները, ի դեպ, բավականին հասանելի են շարքային քաղաքացիների համար: Նա ինձ ասաց, որ իրենց քաղաքում նույնիսկ որոշելու համար, թե արդյո՞ք կիրակի օրերին խանութները պետք է աշխատեն, թե՞ ոչ, անցկացնում են հանրաքվե: Դա երկխոսության լավ օրինակ է, որին կարող ենք հետևել:
– Միգուցե մեր իշխանությունները վախենո՞ւմ են:
– Ցավոք, հանրային կամարտահայտությունը լրիվ ուրիշ դրսևորում է ստացել մեր իրականության մեջ: Երբ քաղաքացին անմասն է մնում որոշում կայացնելու գործընթացից, և նրա կարծիքը որևէ մեկը չի հարցնում, բնական է, որ ցանկացած նման արձան լինելու է անկոչ հյուր` առաջ բերելով ֆինանսական միջոցների անիմաստ վատնում: Այն, ինչ մենք տեսնում ենք, խիստ մակերեսային է: Եվ ես կասկած չունեմ, որ այն որոշումները, որոնք ընդունվում են, հիմնվում են մակերեսային դիտարկումների և ցանկությունների վրա. չկա կարծիքի հետազոտում, հաշվի չի առնվում քաղաքացու կամարտահայտության հնարավորությունը և ընդհանրապես` երկխոսությունը: Սա մեր ամենամեծ բացթողումն է: