«Եթե մենք որոշել ենք ընդհանրապես գոյություն ունենալ, պետք է ոտքի կանգնենք»

Հարցազրույց «Ղարաբաղ» կոմիտեի նախկին անդամ Աշոտ Մանուչարյանի հետ

– Ձեր կարծիքով` «Սիվիլիթասի» հայտնի գործը և Վարդան Օսկանյանին պատգամավորական անձեռնմխելիությունից զրկելու մասին ՀՀ գլխավոր դատախազի միջնորդությունը քաղաքական դրդապատճառներ ունի՞: Եթե այո` ապա որո՞նք են դրանք և ո՞ւմ դեմ են ուղղված:

– Իհարկե, այս ամենի մեջ կա մի բան, որի վրա առավել քիչ ուշադրություն է դարձվում. կա մարդկային ողբերգություն, ինչպես այսօր քաղաքական դաշտում է կատարվում հայտնի անձնավորության հետ, և դրա համար ուշադրությունը շատ մեծ է: Բայց այն համակարգը, որը ձևավորվել է այս տարիների ընթացքում` ամենօրյա մարդկային ողբերգություն է հարյուրավոր քաղաքացիների համար: Մեկի տանը սպանություն է լինում, մյուսի տանը` ինքնասպանություն, երրորդի տնից մարդ է գնացել աշխատանքի` ընտանիքը կազմալուծվել է, և այլն: Այսպիսի ողբերգություններ ամեն օր են լինում, ուղղակի հենց գալիս է և քաղաքական գործչի շեմին է կանգնում այդ ողբերգությունը, այստեղ բոլորս ասում ենք` «այ, իրադարձություն է` երկրի հետ կապված»:

Երկրի հետ կապված իրադարձությունն այն հարյուրն է, որն ամեն օր կատարվում է: Այսօր այդ հարյուրին գումարվել է ևս մեկը` քաղաքական դաշտից: Սա մարդկային մասն է ողբերգության: Իրական քաղաքականությունը սա է: Իսկ հիմա` ճամարտակությունների մասին: Ինչո՞ւ եմ ասում` ճամարտակություններ. ցավալիորեն Հայաստանը մտել է մի աշխարհ, որի իրադարձությունները թելադրվում են ոչ Հայաստանից:

Կարդացեք նաև

Այս ամենը Հայաստանի հետ կապ չունի, և Մուբարաքի ճակատագիրը տեսնելուց հետո` Վ.Օսկանյանի ճակատագիրը թող ոչ մեկին չզարմացնի: Մուբարաքն ազնվորեն ծառայում էր համակարգին, բայց եկավ մի պահ, երբ պետք էր ինչ-ինչ բաներ խաղարկել եգիպտական թատերաբեմում, կամ` ինչ-որ գործընթացներ էին սկսվել, և Մուբարաքը հանգիստ զոհաբերվեց: Մի ուրիշ տեղում էլ ուրիշ բան էր կատարվում` ավելի թատերականացված ներկայացումներ: Հիմա Հայաստանում մտնել կատարվող այս իրադարձությունների մեջ և սա համարել հիմնական խնդիրգ Դուք ինձ հարց եք տալիս` Հայաստանում այսպիսի բան է կատարվում:

Այդ իմաստով Հայաստանում ոչինչ չի կատարվում: Ինչ որ կատարվում է` այդ քաշքշուկն է` երկու այն հիմնական ուժերի միջև, որոնք դրված են մեր ճակատագիրը տնօրինելու: Իսկ ի՞նչ եք կարծում, որևէ փոփոխությունից` Օսկանյանի ճակատագիրն այսպես եղավ թե այնպես, այս ուժը հաղթեց թե այն ուժըգ: Որևէ բան մեր ժողովրդի կյանքում փոխվելո՞ւ է: Անկասկած` ո՛չ: Այս համակարգը պահպանվելու է, և այդ գործողությունները, որ մենք տեսնում ենք, բոլորը համակարգը պահպանող են: Խնդիրը հետևյալն է. մենք չպետք է մեզ թույլ տանք տարվելու այդ գործով, դա պետք է դիտենք ուղղակի որպես ևս մի դրվագ` հօգուտ այս համակարգն անհապաղ փոխելու:

Մենք պետք է դուրս գանք այս տրամաբանությունից, որը մեզ թելադրված է դրսից, և տեր դառնանք ուրիշ տրամաբանության:

– Այնուամենայնիվ, Վ.Օսկանյանի գործը հասարակական հնչեղություն է ստացել, և անհրաժեշտություն կա հասկանալու, թե ինչո՞ւ նրա նկատմամբ գործ հարուցվեց ոչ թե երկու տարի առաջ (չնայած, որ Դատախազությունն իր ներկայացրած մեղադրանքների մասին գիտեր դեռևս 2010թ.), այլ հիմա, երբ Վ.Օսկանյանը որոշեց զբաղվել քաղաքականությամբ: Եվ երկրորդը` Ձեր ասածից ստացվում է, թե ՀՀ գլխավոր դատախազը արտաքին ուժերի հրահանգո՞վ է գործում:

– Հայաստանում իրավական, պետական, քաղաքական համակարգեր չկան, կա մի խաղարկված թատրոն, որպեսզի ցույց տրվի, թե դա աշխարհում ընդունված շարժուձևին համապատասխան է, բայց մենք պետք է հասկանանք դրա էությունը: Դրա հիմքում ընկած է մի բան. Հայաստանը լրիվ արտաքին կառավարման տակ է, այնպես որ` պետք է` դատախազը կխոսի, պետք է` դատավորը, պետք է` երկուսն էլ լուռ կմնան: Դուք նշեցիք հասարակական հնչեղության մասին: Երկու-երեք օր առաջ սահմանում մի զինվոր սպանվեց: Հասարակական հնչեղությունը դրա նկատմամբ Հայաստանում զրո էր:

Ինձ պատմեցին, որ պատերազմի մասնակից հին ազատամարտիկներից մեկը, տեսնելով` հասարակական հետաքրքրությունը սրա նկատմամբ զրո է, և Հայաստանը չի արձագանքում դրան, ինտերնետով դիմեց երիտասարդությանը, թե` այսպիսի բան է եղել, եկեք մտածենք` ո՞նց պետք է պատասխան տրվի, մերոնք մինչև էսօր պատասխան են տալիս` մի ադրբեջանցի զինվոր էլ իրենք սպանելով, և այլն:

Առաջարկեց քննարկել` ի՞նչ անել: Գրեց տասնյակ նախադասություններ, բայց պարզվեց, որ նրա հայտարարությունն ընդամենը երեք-չորս «Like» է ստացել (ինչպես ասում են): Եվ դրանից հետո նա, չդիմանալով այդ ամենին, գիշերը քնելուց առաջ գրել է. «Իմ կարծիքով` այսինչ հայ երգչուհին ավելի սեքսուալ է, քան Մադոննան», և գնացել է քնելու: Առավոտյան տեսել է 3000 մեկնաբանություն: Հասարակական հետաքրքրությունը սա է, այսինքն` մեր ժողովուրդը ձևակերպված է` որպես լրիվ ապուշացած զանգված:

Հիմա ես Մադոննայի հարցը չեմ քննարկելու, իսկ Օսկանյանի հարցը Մադոննայի հարցից ոչնչով չի տարբերվում: Մինչդեռ Հայաստանում հիմա ստեղծվել է զարմանալի վիճակ, որը թույլ է տալիս լրիվ դուրս գալ այս վերահսկողությունից, և այն ամենը, ինչը նշվեց, մասամբ կախված է նաև դրանից:

– Բայց Մադոննան, ի տարբերություն Օսկանյանի, քաղաքական դեմք չէ:

– Մադոննան ավելի քաղաքական է, քան Օսկանյանը, որովհետև Մադոննան Օբամային պաշտպանեց` ասելով, որ պաշտպանում է մուսուլման Օբամային` դրանով ձայներ բերելով նրան: Այնպես որ` Մադոննան ավելի քաղաքական երևույթ է, քան Օսկանյանը:

– Այնուամենայնիվ, այստեղ ո՞րն է խնդիրը, սա քաղաքական հետապնդո՞ւմ է, թե՞ ոչ, միգուցե խնդիրը պետական համակարգի՞ մեջ է, որը կոմպրոմատներ է պատրաստում քաղաքական գործիչների վերաբերյալ:

– Քաղաքական գործիչ չկա, քաղաքական համակարգ չկա, քաղաքական հետապնդում չկագ Հիմա Ձեզ ասեմ, թե ինչ կա Հայաստանում: Կա երկու ուժ. մեկին պայմանականորեն անվանենք` Հյուսիս, մյուսին` Արևմուտք, որոնք կռվում են Հայաստանին տեր կանգնելու համար: Դրա շրջանակում տեղի է ունենում այն ամենը, ինչ տեսնում եք: Բառերը, որոնք օգտագործվում են` «քաղաքական», «ոչ քաղաքական», և այլն, դրա թատերականացված ներկայացումներն են` ուրիշ ոչինչ:

– Իսկ հնարավո՞ր է, որ Վ.Օսկանյանի կամ նրա կուսակցության` ԲՀԿ-ի համար կերտվում է ընդդիմադիրի կերպար, ինչպես շատերն են պնդում:

– Այսօրվա դաշտը լեփ-լեցուն է նման գործիքներով` ինչ-որ մեկին դարձնելու քաղաքական ֆիգուր, դարձնելու բանտարկյալ, բանտարկյալից հետո դարձնելու քավության նոխազ, և այլն: Ամենամեծ ողբերգությունն այն է, որ այդ հերոսը կարող է անգամ պատկերացում չունենալ, թե իր մասին ի՞նչ որոշում է կայացված: Ուրեմն` ի՞նչ է, մենք չգիտենք, և պետք էլ չի, որ իմանանք:

Մեզ համար կարևորագույնը հետևյալն է. մեր ամբողջ կեղծ քաղաքական դաշտին` իբր թե քաղաքականությամբ զբաղվող գործիչներին, պետք է ասենք` որ օրը ով իրենցից քավության նոխազ դառնա, ով իրենցից հերոս դառնա, դա դրսից նշանակովի է լինելու: Այսինքն` իրենցից ոչինչ կախված չէ, թե որ օրն ով` ինչ ողբերգություն կունենա: Այդ պատճառով այսօր շատերը ոգևորված գործում են, մտածում, քննարկում, և այլն, մինչդեռ միակ քննարկման հարցը պետք է լինի` ինչպե՞ս դուրս գալ այս վիճակից:

Այսօրվա աշխարհում խաբեությունը փաթաթված է խաբեության մեջ և փաթեթավորված է մի ուրիշ խաբեությամբ: Այսինքն` տեխնոլոգիաները շատ բարդ են. օրինակ` Արևմուտքն այստեղ ստեղծում է ռուսական ուժ, կամ` գոյություն ունեցող ռուսական ուժի մեջ իրական կառավարումը վերցնում է իր վրա, սակայն դա թողնում է` որպես ռուսական, որովհետև իրեն պետք է, որ Ռուսաստանը համարի, թե այստեղ ուժ ունի, որպեսզի Արևմուտքն այստեղ իր 100 տոկոսանոց հաղթանակը տոնի:

Իսկ Արևմուտքը գնում է դեպի այդ հաղթանակը, որպեսզի Ռուսաստանը մեծ դեստրուկցիա չկիրառի` մտածելով, թե ինքը ներկայացված է: Այնպես որ` սա խորամանկությունների մի շրջանակն է: Ռուսաստանն ինքն արագ սովորում է և ինքն է սկսում ուրիշ խորամանկություններ կիրառել: Հիմա ես ասում եմ` այս խորամանկությունների մեջ միակ խնդիրը հետևյալն է. այդ ամենն ավարտվելու է նրանով, որ մեզ բզկտում են, մենք կոտրվում ենք, կորչում ենք, և այլն, և մենք ոչինչ չենք անում:

Մենք կարող ենք հայտնվել իրենց այդ շուկայում` Ռուսաստան-Արևմուտք համակարգում, և մեկ էլ հայտնվի Հայաստանը (Հայաստանը քաղաքական ուժերը չեն և պետական համակարգը չէ), և հերիք է, որ, ժամանակակից լեզվով ասած, մի անմիջական դեմոկրատիայի դրսևորում լինի, ՀՀ քաղաքացիները դուրս գան ժողովի և որոշեն, թե ի՞նչ են պահանջում պայմանական քաղաքական ուժերից, այսինքն` Հայաստանում Արևմուտքի և Ռուսաստանի գործիքներից: Եթե այդ պահանջը ձևակերպվեց այսօր, միանգամից հայ ժողովուրդը դառնում է գործոն, որովհետև ով չկատարեց այդ պահանջը (առջևում նախագահական ընտրություններն են), նա դուրս է մնալու պայքարից:

Այդ պատճառով հիմա սրվել է հետաքրքրությունը: Այսինքն` կողմերը` Արևմուտքը և Ռուսաստանը, ձգտելու են իրենց պաշտպանած ուժերին ուժեղացնել ժողովրդի աչքում, եթե ժողովուրդը կա: Եթե ժողովուրդը չկա, ուժեղացնելու խնդիր չկա: Այսպիսով, հերիք է` մենք դուրս գանք ժողովի, բոլորը սկսելու են ձգտել ներկայանալու, որ իրենք ավելի բարձր են ժողովրդի աչքում, որպեսզի ժողովուրդը կողմնորոշվի դեպի իրենց կողմը: Իհարկե, այսօր ընտրություններում քիչ բան է որոշվում, որովհետև ժողովուրդը չկա, բայց հենց ժողովուրդը ոտքի է կանգնում, այդ գործոնի հետ բոլորը հաշվի են նստում:

– Իսկ, ըստ Ձեզ, Ռուսաստանի ընտրությունն ուժերից ո՞ւմ վրա կանգ կառնի:

– Իրավիճակը բացարձակ խաղային է. վաղը մեկ էլ Ռուսաստանը կարող է պարզի, որ ում վրա ինքը հաշվարկում էր, նա վաղուց արդեն Արևմուտքի հետ խորը գործարքի մեջ է և լրիվ նրա գործիքն է դարձել: Այդ դեպքում ՌԴ-ում մի քիչ այլ ձևով են մտածելու: Ես արդեն ասացի` գործիքները խիստ նրբացված և հարստացված են Արևմուտքի կողմից, և ՌԴ-ն սկսել է ավելի ու ավելի շատ հասկանալ: Եվ այդ պատճառով, եթե որևէ մեկը կասի, թե Ռուսաստանի թեկնածուն սա է, ուրեմն` դա խոսակցություն է պահի ազդեցության տակ, քանի որ վաղն այդ ամենը կարող է լրիվ փոխվել:

– Իսկ ՀԱԿ առաջնորդ Լևոն Տեր-Պետրոսյանի լռությունն իր թեկնածության առաջադրման վերաբերյալ ինչո՞վ է պայմանավորված:

– Ես կարծում եմ` այն մարդիկ, ովքեր քաղաքականության մեջ են վաղուց, վերևում իմ շարադրածը հասկանում են: Կարևոր չէ` այդ մարդիկ որոշում կայացնո՞ւմ են` մասնակցե՞լ այս խաղին, թե՞ վարել այլ գործառույթներ, բայց նրանք այս ամենը տեսնում են:

Հիմա այս իրավիճակում, երբ ամեն ինչ հեղհեղուկ է, բոբիկանալը և մեջ ընկնելը բավական անլուրջ խաղ է անգամ այն խաղացողների համար, ովքեր կանոնները պահպանելով են խաղում, առավել ևս նրանց համար, ովքեր չեն ուզում պահպանել այդ կանոնները: Կրկնում եմ` այսօր շատ ճակատագրական պահ է մեզ համար:

Եթե մենք որոշել ենք («անկախություն» բառն անգամ չեմ ուզում օգտագործել, որովհետև անկախությունը շատ մեծ հասկացություն է) ընդհանրապես գոյություն ունենալ` որպես երկիր, ժողովուրդ, պետք է ոտքի կանգնենք: Ես խոսեցի զինվորի սպանությունից: Հայաստանում մի զարմանալի վիճակ է: Այդ զինվորի սպանությունը հիմա պետք է լիներ երկրի հարցերի հարցը: Իհարկե, ամենակարևոր հարցն այս վիճակից դուրս գալն է, որի մասին ասացի, բայց մինչև այդ օրը մենք պետք է ապրենք:

Այդ զինվորի հետ կապվածը սպառնում է մեր գոյությանը: Ի՞նչ կատարվեց. հարևան երկրում Բաքվի ռեժիմ կոչվածը, որին թյուրիմացաբար անվանում են Ադրբեջան, որտեղ ոչնչացվում են տարբեր ժողովուրդներ ու կրոններ, ստեղծում է սպանդի մեքենա, և թիրախներից մեկն էլ հայերն են: Հիմա, երբ Սաֆարովի դեպքից հետո լինում է սպանություն, գոնե ՀՀ քաղաքական ընտրանու համար, ովքեր հավաքվել են ԱԺ-ում և հարց են լսում, դա կատեգորիկ մի ազդանշան պետք է լիներ: Ադրբեջանն առաջին երկիրն է մոլորակի վրա, որը հայտարարում է, թե ինքը տեր է այդպիսի սպանություններին:

Մինչև հիմա եղել են «թալիբաններ», եղել է «ալ-Քաիդա» և այլն, բայց ոչ մի երկիր չի ասել, որ պաշտպանում է այսպիսի սպանությունը: Մի րոպե պատկերացրեք` ի՞նչ կլիներ, եթե Սաֆարովը լիներ ոչ թե Ադրբեջանի թուրքալեզուներից, այլ լիներ Իրանի թուրքալեզուներից և սպաներ իսրայելցու, և դրանից հետո, ասենք, Իրանի նախագահ Ահմադինեջադը վերադարձներ նրան, ազատ արձակեր, պարգևատրեր: Իսրայելը կհայտարարեր, որ` «վե՛րջ, մեզ արդեն ոչնչացրել են», և աշխարհի բոլոր նավատորմերը կմտնեին Պարսից Ծոց: Աշխարհն այսպիսի «կլիշեներով» է գործում:

Այս զինվորի հարցը շատ կարևոր հարց է: Կատարվել է հետևյալը. ոչ մի նավատորմ ոչ մի տեղ չի շարժվել, ոչ մի սանկցիա ոչ ոք չի կիրառել, ուղղակի ասել են` «վատ է, ոչինչ, երիտասարդը կուղղվի»: Բայց երիտասարդը` Բաքվի ռեժիմը, սպանել է ևս մի հայ զինվորի: Այսինքն` դա նշանակում է, որ ամեն ինչ մնաց իր տեղում, և ոչինչ չփոխվեց: Զարմանալի բան է. մերոնք հայտարարում են, թե բանակցելու ենք:

Մենք ռասիստների հետ չպետք է բանակցենք: Հայաստանը պետք է ասի` «Ես բանակցում եմ աշխարհի ուժեղների` եռանախագահների հետ: Էս Բաքվի ռեժիմը ձեր ստեղծածն է, և նա սպանեց հայ զինվորին»:

Մեր խոսակցությունը սրանց հետ պետք է լինի հետևյալ կերպ. «Եթե դուք ի վիճակի չեք այդ խնդիրը լուծելու, ուրեմն` ասեք, որ ես իմանամ, թե ինչ եմ անելու»: Բանակցությունները պետք է լինեն միա՛յն սրանց հետ` պարզելու համար մի հարց, թե իրենք ի զորո՞ւ են մի բան անելու, թե՞ ոչ: Բայց մեր Արտգործնախարարությունը մեր անունից գնում և ասում է. «Ես բանակցությունները շարունակում եմ ղարաբաղյան կարգավորման շուրջ»: Ո՞ւմ հետ, ինչի՞ մասին ես խոսում: Ղարաբաղյան կարգավորում այլևս չկա, կա մեկ հարց` ստեղծված է սպանդի մեքենա, այդ մեքենան պետք է կանգնեցվի:

Տեսանյութեր

Լրահոս