Բաժիններ՝

Օգտակար և բուժարար հալվեն

Հալվեն իրավամբ համարվում է սենյակային բույսերի թագուհին։ Բուսական աշխարհում քիչ բույսեր կան, որ կարող են համեմատվել հալվեի հետ իրենց բուժիչ հատկություններով։ Այդ բույսով բուժվելու դեպքում կարևոր է իմանալ, որ կան մի շարք հակացուցումներ։
Չի կարելի ընդունել բույսի պատրաստուկները երեկոյան ժամը 19։00-ից հետո, հնարավոր է` առաջացնի անքնություն։ Բույսը հակացուցված է ներքին արյունահոսությունների, դաշտանի դեպքում։

Հյութը չի կարելի օգտագործել լեղապարկի, լյարդի, երիկամների, սրտի ծանր հիվանդությունների, ցիստիտի, թութքի սուր ընթացքի դեպքում։
Աղեստամոքսային համակարգի հիվանդությունների բուժման համար կիրառեք հուսալի դեղատնային միջոցները, այն էլ` միայն բժշկի հետ խորհրդակցելուց հետո։ Սենյակային պայմաններում զտված հյութը կարող է պարունակել թույլատրելի չափաբաժնից ավելի «ալոին»։ Ինչպես նշել ենք` ալոինը հիմնականում պարունակվում է տերևի կեղևում։ Հղիներին հակացուցված են նաև հալվեի պատրաստուկները։
Չափաբաժինների խախտումը կարող է առաջացնել հաստ աղու բորբոքում և մարսողության խանգարում։

Հալվեի պատրաստուկները հնագույն ժամանակներից կիրառվել են ժողովրդական բժշկության մեջ, նույնիսկ մեր ժամանակներում որոշ երկրներում այն համարվում է սուրբ բույս։
Դարերի ընթացքում կուտակվել է մեծ փորձ, մշակվել են ժամանակի փորձություն անցած բազմաթիվ բուժման մեթոդներ, հարյուրավոր դեղատոմսեր։ Այսօր մենք կնկարագրենք դրանց մի մասը։

Ընտրեք առավել առողջ, շատ պտղամիս ունեցող տերևները։ Լվացեք հոսող ջրի տակ, որից հետո կարճ ժամանակով ընկղմեք եռջրի մեջ և լվացեք տաք ջրով։ Տերևը, հյութը կամ դրանց խառնուրդները կարող եք պահել սառնարանում մինչև 2 ամիս։
Գարնանային ավիտամինոզ. Խառնեք 8 ճ/գ հալվեի և 200 մլ կիտրոնի հյութերը, 300-ական գրամ ընկույզի միջուկ և մեղր, կերեք 1-2-ական թ/գ, օրը 3 անգամ` սնվելուց առաջ։
Ախորժակի անկում, մարսողության խանգարում. Խառնեք 100-ական մլ «Կագոր» գինի և հալվեի հյութ, 300 գ մեղր։ Հինգ օր թրմեք սառնարանում։ Կերեք 1-ական ճ/գ, օրը 3 անգամ` սնվելուց առաջ։

Կարդացեք նաև

Անգինա.

  • Խառնեք 1-ական ճ/գ չոր մանրացրած երիցուկի ծաղիկը, ծիծեռնախոտի վերգետնյա մասը, հալվեի թարմ տերևը։ Ավելացրեք 200 մլ եռջուր, 15 րոպե տաքացրեք ջրային բաղնիքի վրա։ Թրմեք մինչև հովանալը, քամեք, վերականգնեք նախնական ծավալը եռջրով։ Օրը 5-7 անգամ կատարեք ողողումներ, շարունակեք մինչև առողջանալը (7-10 օր)։
  • Խառնեք կեսական ճ/գ կատվալեզու, եղեսպակի տերև, 1 ժամ թրմեք 200 մլ եռջրի մեջ, քամեք։ Ավելացրեք 2 ճ/գ հալվեի հյութ, 1 կիտրոնի փոշիացրած կեղև։ Խմեք 50-ական մլ, օրը 2 անգամ` սնվելուց հետո, գոլ վիճակում` 1 թ/գ մեղրի հետ։

Մրսածություն. Խառնեք կեսական թ/գ երիցուկի և թանթրվենի սևի ծաղիկները, հալվեի տերևը։ 15 րոպե թրմեք 200 մլ եռջրում, քամեք։ Խմեք 200-ական մլ, օրը 3-4 անգամ` տաք վիճակում։
Հայմորիտ. Զտեք հալվեի հյութը քառատակ ծալած թանզիֆով։ Կաթեցրեք 2-ական կաթիլ` օրը 3-4 անգամ։
Ստոմատիտ. Խառնեք լորենու և երիցուկի ծաղիկները (3։2)։ 3 ճ/գ հումքին ավելացրեք 1 ճ/գ հալվեի տերև։ 20 րոպե թրմեք 200 մլ եռջրում, քամեք։ Օրը 5-7 անգամ կատարեք ողողում գոլ ջրով։
Տոնզիլիտ, ֆարինգիտ. 1 թ/գ հալվեի հյութը լուծեք 200 մլ տաք, նախօրոք եռացրած ջրում։ Օրը 4-5 անգամ կատարեք ողողումներ։
Բրոնխների ասթմա. Աղացեք 4 կիտրոն (կեղևով)։ Փոշիացրեք տնական 2 հավի ձվի կճեպ։ Ավելացրեք 500 մլ «Կագոր» գինի, 150 գ մեղր, 100 մլ հալվեի հյութ։ Խառնուրդը 7 օր թրմեք սառնարանում։

Խմեք 1 ճ/գ` մինչև նախաճաշը։ Շարունակեք 3-6 ամիս։

  • Խառնեք հավասար քանակությամբ հազարատերևուկի խոտը, պատրինջի տերևը, կատվախոտի արմատը։ Հումքի 1ճ/գ-ն 2-3 ժամ թրմեք 400 մլ եռջրում, քամեք։ Խմեք 100 մլ, օրը 1 անգամ` փոքր կումերով։
  • Խառնեք հալվեի տերևը, մատիտեղ թռչնի խոտը, խնկածաղկի և երիցուկի ծաղիկները (8։4։4։3)։ Չորս ճ/գ հումքը 12 ժամ թրմեք 1 լ եռջրում, քամեք։ Խմեք 100-ական մլ, օրը 4 անգամ, սնվելուց 1 ժամ հետո։

Թուրմն օգտակար է նաև երիկամների քրոնիկ բորբոքման դեպքում։

  • Խառնեք 1 ճ/գ գետնամորու տերևը, 2 ճ/գ ալոճի պտուղը, 1 թ/գ շաքար։ 24 ժամ թրմեք 200 մլ եռջրում, քամեք։ Ավելացրեք 1 թ/գ հալվեի հյութ, լավ խառնեք փայտե գդալով։ Խմեք 200 մլ` քնելուց առաջ։ Շարունակեք 7 օր` ստենոկարդիայի (սրտի ցավեր) դեպքում։
  • Խառնեք մաքրած-մանրացրած սխտոր, օղի, մեղր (6։4։3)։ Տասը օր թրմեք մութ տեղում, քամեք։ Երեք բաժին ոգեթուրմի մեջ լուծեք մեկ բաժին հալվեի թարմ հյութ։ Խմեք կեսական թ/գ, օրը 1 անգամ` սրտի ցավերի դեպքում։

Ցածր թթվայնությամբ ստամոքսաբորբ. Խառնեք թարմ զտված 1 ճ/գ հալվեի և 2 թ/գ խատուտիկի հյութերը։ Պահեք սառնարանում։ Խմեք 1-ական թ/գ, օրը 2 անգամ` սնվելուց 30 րոպե առաջ` հիվանդության սրացման շրջանում։

Բարձր թթվայնությամբ ստամոքսաբորբ. Մանրացրեք, խառնեք 1-ական ճ/գ երկտուն եղինջի և սամիթի խոտը։ Ավելացրեք 200 մլ տաք ջուր, 20 րոպե եփեք փակ կափարիչի տակ։ Թրմեք մինչև գոլանալը, քամեք։ Ավելացրեք թուրմին 1 ճ/գ հալվեի հյութ։ Խմեք
1-ական ճ/գ` 3 ժամ ընդմիջումներով։ Բուժման առավելագույն ժամկետը 2 շաբաթ է։
Ստամոքսաբորբի սրացում.

  • 2 ճ/գ տերևը 5 օր թրմեք 500 մլ 70 տոկոսանոց սպիրտի մեջ։ Քամեք։ Խմեք 30-ական կաթիլ, օրը 3 անգամ` սնվելու ընթացքում։
  • Խառնեք 1-ական ճ/գ եղինջի տերևները, ասպիրակի ծաղիկը։ 6 ժամ թրմեք 400 մլ եռջրում, քամեք։ Խմեք 100-ական մլ, օրը 5 անգամ։ Կանխում է սուր ցավերը։

Հիպերտոնիա. Մաքրեք 2 միջին սխտոր, մանրացրեք։ Ավելացրեք 200 մլ հալվեի հյութ։ 3 օր թրմեք մութ, հով տեղում, քամեք։ Խմեք 1-ական ճ/գ, օրը 3 անգամ։ Կարգավորում է խոլեստերինի մակարդակը։ Օգտակար է խմել 50-100-ական մլ կանաչ խնձորի հյութի հետ։
Թութք. Խառնեք 1-ական ճ/գ մանրացրած սրոհունդի խոտ, կաղամախու (դողդոջուն բարդի) տերև, հալվեի տերև։ 1 ժամ թրմեք գոլ (նախապես եռացրած) ջրում, քամեք։ Թրջեք լաթե անձեռոցիկը, դրեք վերքին, պահեք 90 րոպե։ Կանխում է հիվանդության զարգացումը։
Փորկապություն.

  • Մանրացրեք, խառնեք 1 թ/գ բեկտենու պտուղը, 1 ճ/գ հալվեի տերևը։ 8 ժամ թրմեք 200 մլ եռջրում, կիպ փակված տարայում, հով տեղում։ Քամեք։ Խմեք 2-ական ճ/գ, օրը 4 անգամ։ Շարունակեք 1-2 օր։
  • 1ճ/գ հալվեի տերևը 4 ժամ թրմեք 300 մլ եռջրում։ Խմեք 1-ական ճ/գ, օրը 2 անգամ` որպես կանխարգելիչ միջոց։

Դիզենտերիա. Մանրացրեք, խառնեք գետնամորու արմատը, սպիտակ ուռենու կեղևը։ Ավելացրեք 400 մլ եռջրուր, 10 րոպե տաքացրեք ջրային բաղնիքի վրա։ Թրմեք մինչև հովանալը։ Քամեք։ Ավելացրեք 40 մլ հալվեի հյութ։ Խմեք օրվա ընթացքում փոքր կումերով։
Ստամոքսի խոց.

  •  2 ճ/գ դաղձի մանրացրած տերևը 20 րոպե թրմեք 200 մլ գոլ ջրում, քամեք։ Երբ թուրմը հովանա` ավելացրեք 2 ճ/գ հալվեի թարմ հյութ։ Խմեք 200-ական մլ, օրը 3 անգամ` սնվելուց 30 րոպե առաջ։ Շարունակեք 28 օր, ընդմիջեք 14 օր, անհրաժեշտության դեպքում կրկնեք։ Միջոցը նախատեսված է նաև 12-մատնյա աղիի խոցի բուժման համար։
  • Կտրեք 500 գ, 2 շաբաթ չջրված 3-5 տարեկան հալվեի տերևները։ Նախքան կտրելը հումքը մի քանի անգամ մաքրեք խոնավ շորով։ 5 օր պահեք մութ, հով, լավ օդափոխվող տեղում։ Աղացեք, շերտ առ շերտ խառնեք 500 գ գոլացրած (40C) մեղրի հետ, ավելացրեք 50 մլ կարմիր գինի։ Խառնուրդը 7 օր թրմեք կիպ փակված ապակե տարայում, մութ տեղում։ Առաջին շաբաթը խմեք 1-ական թ/գ, օրը 3 անգամ` սնվելուց 1 ժամ առաջ։ Երկրորդ շաբաթը` 1-ական ճ/գ, երրորդ շաբաթը` 2-ական ճ/գ։

Կոլիտ.

  •   2 ճ/գ հազարատերևուկի խոտին ավելացրեք 100 մլ տաք ջուր, 10 րոպե եփեք թույլ կրակի վրա։ Քամեք, վերականգնեք նախնական ծավալը եռջրով։ Թրմեք մինչև հովանալը, ավելացրեք 1 թ/գ հալվեի ոգեթուրմ (տես` ստամոքսաբորբի սրացում)։ Խմեք 1-ական ճ/գ, օրը 5-7 անգամ, հիվանդության սրացման շրջանում։
  • Մանր կտրատեք կամ աղացեք ջղախոտ մեծի և հալվե «Վերայի» տերևները (1։1)։ 4 ճ/գ 20 րոպե թրմեք 200 մլ եռջրում, քամեք։ Խմեք 1-ական ճ/գ, օրը 3 անգամ։ Շարունակեք 15-20 օր, ընդմիջեք 30-40 օր։ Կանխարգելում է քրոնիկ կոլիտի սրացումը։

Քրոնիկ խոլեցիստիտ. Խառնեք կղմուխի արմատը, հալվեի և խաղողի թարմ տերևները, սրոհունդի ծաղիկը (1։1։2։4)։ Ավելացրեք 1 լ եռջուր, 15-20 րոպե եփեք թույլ կրակի վրա։ Թրմեք 2 ժամ, քամեք։ Խմեք 100-ական մլ, օրը 3 անգամ` սնվելու ընթացքում։
Լյարդի հիվանդություններ.

  • Խառնեք դաղձի և հալվեի տերևները, հավանգով տրորած անիսոնի սերմը, սրոհունդի խոտը (1։1։3։4)։ 9 ճ/գ 30 րոպե թրմեք 400 մլ եռջրում, քամեք։ Խմեք 50-ական մլ, օրը 8 անգամ` փոքր կումերով։ Կանխարգելիչ միջոց է, շարունակեք 5-7 օր։
  •   3 ճ/գ գետնամորու տերևը 4 ժամ թրմեք 800 մլ եռջրում, քամեք։ Ավելացրեք 200 մլ հալվեի հյութ։ Խմեք 150-ական մլ, օրը 3 անգամ։ Կիրառվում է որպես օժանդակ միջոց` հեպատիտի բուժման ընթացքում։

Ավազ լեղապարկում և լյարդում. 1 ճ/գ փոշիացրած գազարի սերմը լուծեք 2 ճ/գ հալվեի հյութի մեջ։ Խմեք կեսական թ/գ, օրը 3 անգամ` սնվելուց 30 րոպե առաջ։
Երիկամային քարեր.

  • Խառնեք 2 ական ճ/գ արջախաղողի (Arctostaphylos uva-ursi), տերև, սամիթի խոտ։ Ավելացրեք 200 մլ տաք ջուր, թրմեք 30 րոպե, 10 րոպե եփեք ջրային բաղնիքի վրա։ Թրմեք մինչև հովանալը, քամեք, 4ճ/գ հալվեի տերևը 30 րոպե թրմեք 200 մլ եռջրում։ Միացրեք երկու առանձին պատրաստված թուրմերը։ Խմեք 50-ական մլ` օրը 4 անգամ, սնվելուց 40 րոպե հետո։ Նվազեցնում է ցավերը, օգտակար է դժվար միզարձակության դեպքում։
  • 3 ճ/գ ճնճղկապաշարի խոտը 3-4 ժամ թրմեք 1 լ եռջրում, քամեք։ Ավելացրեք 40 մլ հալվեի հյութ։ Խմեք 200-ական մլ, օրը 2 անգամ` նախքան սնվելը, ընդ որում, առաջինը` առավոտյան:

Երիկամաբորբ. Մանր կտրատեք եռման ջրի մեջ ընկղմված հալվեի տերևը, սպիտակ կաղամբը և մաղադանոսը (5։3։2), խառնեք։ 10ճ/գ հումքին ավելացրեք 2 ճ/գ թարմ կիտրոնի հյութ։ Նման չափաբաժնով կերեք օրը 3 անգամ, սնվելուց առաջ։ Շարունակեք 7 օր։ Նպաստում է ազոտային միացություններ պարունակող նյութերի հեռացմանն օրգանիզմից։
Երիկամների աշխատանքը կարգավորող. 200 մլ ծավալ զբաղեցնող հալվեի մանրացրած տերևին խառնեք 4 ճ/գ շաքարավազ։ 1 ժամ թրմեք տաք տեղում` մինչև շաքարը լուծվի։ Այդ ընթացքում 2 ճ/գ մասուրի պտուղը (առանց սերմերի) թրմեք 100 մլ եռջրում, քամեք։ Հալվեի և շաքարի խառնուրդը խառնեք մասուրի թուրմի հետ։ Խմեք 1-ական ճ/գ, օրը 3 անգամ` սնվելուց կես ժամ հետո։
Գինեկոլոգիա։ Քրոնիկ բորբոքումներ. Խառնեք 2 ճ/գ չորացրած չիչխանի պտուղ և երիցուկի ծաղիկ։ Ավելացրեք 1 լ ջուր, հասցրեք եռման ջերմաստիճանի, եփեք 2-3 րոպե թույլ կրակի վրա։ Թրմեք մինչև հովանալը, քամեք, տեղափոխեք ապակե տարայի մեջ։ Թուրմի մեջ լուծեք 3 ճ/գ հալվեի հյութ, 2 ճ/գ օղի, 2 թ/գ մայիսյան մեղր։ Կիպ փակեք, 3 օր թրմեք հով տեղում։ Խմեք 1-ական ճ/գ` օրը 3 անգամ։
Կանացի անպտղություն. 4 ճ/գ լավ մանրացրած հալվեի տերևը լցրեք նախօրոք տաքացրած տարայի մեջ։ Ավելացրեք 2-ական ճ/գ գոլացրած մայիսյան մեղր, սագի ճարպ և չիչխանի յուղ։ Ընթացքում խառնեք փայտե գդալով։ 7 օր թրմեք մութ, հով տեղում։ Խմեք 1-ական ճ/գ, օրը 3 անգամ` 200 մլ տաք կաթի հետ։ Կիրառվում է` որպես օժանդակ միջոց։
Նոր գոյացող ֆիբրոմիոմա. Մանր կտրատած, 300 մլ ծավալ զբաղեցնող հալվեի տերևը 5 օր թրմեք 300 մլ մեղրի և 600 մլ «Կագոր» գինու խառնուրդի մեջ։ Առաջին օրը խմեք 1-ական թ/գ, 3 անգամ, սնվելուց 1 ժամ առաջ։ Հաջորդ օրերը խմեք 1-ական ճ/գ։ Ընդունման ժամկետը 15-45 օր է, կախված հետազոտության արդյունքներից։
Դաշտանադադար. 3 ճ/գ ալոճի պտղին ավելացրեք 600 մլ եռջուր։ 15 րոպե եփեք թույլ կրակի վրա, թրմեք մինչև գոլանալը։ Քամեք։ Ավելացրեք 3 ճ/գ հալվեի հյութ։ Խմեք 200-ական մլ, օրը 3 անգամ։
Դեպրեսիա. Մանրացրեք 400 մլ ծավալ զբաղեցնող հալվեի տերևներ, տրորեք փայտե գդալով։ Ավելացրեք 8 ճ/գ հալվեի հյութ, 300 գ մեղր, 300 մլ կարմիր գինի։ Մեկ շաբաթ թրմեք մութ, հով տեղում։ Խմեք 1-ական ճ/գ, օրը 3-4 անգամ` սնվելուց 30 րոպե առաջ։ Կանխարգելիչ միջոց է։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս