Մալթուսականությունից՝ մինչև համասեռամոլություն
Վերջերս ռուսաստանյան հեռուստաալիքներից մեկով մի հաղորդում էին ցուցադրում ՝ համասեռամոլության և դրա ազդեցության մասին։ Նշվում էր, որ այս երևույթն, ամերիկացիների ակտիվ ջանքերով, նախ՝ դադարեց որակվել որպես հիվանդություն (սակայն զոոֆիլիան, պեդոֆիլիան և այլ ֆիլիաները մնացին որպես շեղումներ) և սկսեց ակտիվորեն տարածվել ու պրոպագանդվել։ Տարածումը հաղորդման հեղինակները կապում էին «Ոսկե միլիարդի» գաղափարի հետ։ Այսինքն` երկիր մոլորակի և տնտեսության ռեսուրսները խիստ սահմանափակ են և չեն կարող բավարարել մի քանի միլիարդ բնակչության կարիքները։ Հետևաբար` հարկավոր է այդ թիվը կրճատել տարբեր մեթոդներով` չխորշելով անգամ պատերազմներ հրահրելուց։
Սակայն 1970-ականներին, ըստ այդ հաղորդման հեղինակների, «աշխարհի տերերը» գտել են բնակչության աճը կանգնեցնելու լավագույն ձևը՝ միասեռականության տարածումը։ Միասեռական շփումն անպտուղ է, և, բնականաբար, որքան շատ լինեն միասեռականները, այնքան կդանդաղի բնակչության ավելացումը։ Այդ պատճառով՝ հարկավոր է այն պրոպագանդել, տարածել, տեղ տալ այդ մարդկանց՝ դարձնելով աստղեր, որոնց կհետևեն երիտասարդները, նրանց իրավունքները պաշտպանել ավելի լավ, քան նորմալ մարդկանց իրավունքները, և այլն։ Կարճ ասած՝ ֆիլմի իմաստն այն էր, որ միասեռականության տարածումը կազմակերպված քաղաքականություն է, որն ունի խիստ որոշակի տնտեսական նպատակներ։
Հիմա շատերը կասեն՝ դա դավադրությունների տեսության շարքից է։ Միգուցե։ Սակայն տրամաբանություն այդ ամենի մեջ կա։ Կա անգամ գիտական հենք՝ նախապատմություն։ Մի առիթով գրել ենք, որ 18-րդ դարի վերջին, 19-ի սկզբում մեծ հեղինակություն էր վայելում անգլիացի մի տնտեսագետ՝ Թոմաս Մալթուս անունով։ Եթե շատ կարճ ձևակերպենք, ապա Մալթուսի ասածը հետևյալն էր՝ գոյատևման միջոցները աճում են թվաբանական պրոգրեսիայով, իսկ բնակչությունը՝ շատ ավելի արագ՝ երկրաչափական պրոգրեսիայով։ Եվ արդյունքում, մարդիկ ընդհանուր առմամբ սկսում են ավելի վատ ապրել։ Գիտնականը համոզված էր, որ բնակչության թվի կրճատումը կբարձրացնի մեկ շնչին ընկնող միջին եկամուտը։ Այսինքն՝ գրեթե նույն կարծիքին էր, ինչ (ըստ վերը նշված տեսանյութի) միասեռականությունը զարգացնող «աշխարհի տերերը»։
Ինչո՞ւ գրեթե։ Որովհետև Մալթուսը պարկեշտ մարդ էր և դեմ էր նման այլասերումներին, ինչպես նաև սպանություններին, ինքնասպանություններին և ինքնասպանության դրդող աղանդներին, պատերազմների հրահրմանը, և այլն։ Նա գտնում էր, որ բնակիչները գիտակցված պետք է զուսպ լինեն և քիչ երեխաներ ունենան։ Կարճ ասած՝ Մալթուսը ռոմանտիկ էր։ Նրան, իհարկե, հետո սխալ հանեցին, ապացուցեցին, որ նա հաշվի չի առել միգրացիոն հոսքերը և գիտատեխնիկական առաջընթացը, որը թույլ է տալիս մեծացնել բարիքների քանակը։ Սակայն նրա գաղափարների մեջ թարմության հատիկը պահպանվել է։
Ի՞նչ կապ ունի այս ամենը Հայաստանի հետ։ Եթե հավատանք պաշտոնական վիճակագրությանը, ապա վերջին տարիներին մենք ունենք բնական աճ. 1000 բնակչի հաշվով՝ ամեն տարի ծնվում է 15 երեխա, մահանում՝ 9 մարդ (թեպետ նույն Ադրբեջանի համեմատ՝ բնական աճի մեր ցուցանիշը շատ ցածր է. այնտեղ 1000 բնակչի հաշվով ամեն տարի ծնվում է 19 երեխա, մահանում՝ 6 մարդ)։ Ինչևէ, Հայաստանում բնական աճը, պաշտոնական վիճակագրության համաձայն, վերջին տարիներին կազմում է տարեկան 15-16 հազար մարդ։
Սակայն փոխարենը՝ ունենք արտագաղթ, որի ծավալները, անգամ պաշտոնական տվյալներով, նկատելիորեն գերազանցում են բնական աճի ցուցանիշին։ Կարճ ասած՝ բնակչության թիվը գնալով փոքրանում է (չնայած ընտրողների թիվն աճում է)։ Օրինակ՝ Համաշխարհային բանկի տվյալներով՝ 1991թ. Հայաստանի բնակչությունը կազմում էր 3.512 միլիոն, իսկ 2011-ին՝ 3.1 միլիոն։
Ըստ Մալթուսի տեսության՝ ստացվում է, որ դա նպաստում է մեր բարեկեցությանը։ Սակայն, քանի որ այդ բարելավումն առանձնապես չի զգացվում, ապա կարելի է ենթադրել, որ, եթե բնակչության թիվը չպակասեր, ավելի վատ ապրելիս կլինեինք։ Սև հումորի պես է հնչում, սակայն կարելի է ավելին ասել՝ մալթուսականությունը խորթ չէ ՀՀ նախկին և ներկա իշխանություններին՝ տարբեր դրսևորումներով (իհարկե՝ նախապատվությունը տալիս են ոչ թե բնական աճի սահմանափակմանը, այլ միգրացիոն «լուծումներին»)։ Օրինակ՝ նախկին իշխանություններն ասում են, որ իրենց օրոք եղած արտագաղթը Հայաստանի ամենալուրջ օտարերկրյա ներդրումն է, քանի որ դրա արդյունքում տրանսֆերտների տեսքով Հայաստան են մտնում լուրջ գումարներ։ Ներկաներն ասում են, որ արտագաղթը հեղափոխությունը կանխելու ձև է։ Իհարկե, ասում են կատակով, բայց դե ի՞նչ կատակ, որի կեսի ճիշտ չէ։ Ասվածն էլ տնտեսության հետ անմիջական կապ չունի, սակայն հեղափոխությունն իր հետ բերում է նաև տնտեսական ցնցումներ։
Բաց է մնում այն հարցը, թե ո՞վ է դրսից այդպես «սրտացավ»՝ Հայաստանի բնակչության բարեկեցության բարձրացման հարցում։ Նկատի ունենք՝ համասեռամոլության ակտիվ քարոզչությունն ու նրանց իրավունքների ոտնահարման վերաբերյալ օրեցօր ուժեղացող աղմուկը։ Եթե հեղինակը հայտնի լիներ, կարելի էր նամակով շնորհակալություն հայտնել և ասել՝ բավական է չարչարվեք, մեր տնտեսական ցուցանիշները բարելավվում են, ծնելիությունը ցածր է, արտագաղթն էլ շարունակվում է, այնպես որ, մի անհանգստացեք և «բարեկեցության բարձրացման» ձեր ռեսուրսներն ինքներդ օգտագործեք։