«Ժյուրիի անդամներից և ոչ մեկը sms հաղորդագրությունների հետ կապ չունի»
Օրերս «Շանթ» հեռուստաընկերության «Ժողովրդական երգիչ» նախագծի եզրափակիչ գալա համերգից հետո, համացանցյան հասարակության շրջանում բուռն քննարկում ծավալվեց նախագծի՝ կողմնապահ լինելու շուրջ: Դեռ համերգի օրվանից ֆեյսբուքյան օգտատերերը բողոքում էին, որ մրցույթի ժամանակ իրենց ձայները հաշվի չեն առնվել: Պահանջում էին արդարություն: Այս թեմայի շուրջ մենք զրուցեցինք «Ժողովրդական երգիչ» նախագծի ժյուրիի անդամ Արսեն Գրիգորյանի հետ (Մրո):
– Ինչո՞վ էր պայմանավորված համացանցյան բողոքների այս մեծ ալիքը:
– Նախ՝ ես կցանկանայի ասել, որ բոլոր նրանք, ովքեր ինչ-որ «բոց» են հանել, իբր այդպես արդար էր, թե արդար չէր, պետք է դրա փոխարեն ուղղակի խոսեին նախագծից: Պետք է ուղղակի խոսել արդյունքից, որը sms հաղորդագրությունների արդյունք է: Ժյուրիի անդամներից և ոչ մեկն sms հաղորդագրությունների հետ կապ չունի: Մեր կարծիքը հաշվի է առնվել մինչ 14 լավագույններին ընտրելը: Երբ ընտրվեցին գալա համերգներին մասնակցող 14 երիտասարդները, մեր ձայնն արդեն հաշվի չէր առնվում: 10 համերգ եղավ, և մեր գնահատականներն ընդամենն ուղղված էին տվյալ կատարումներին, իսկ մասնակիցները դուրս էին մնում միայն քվեարկությունների միջոցով: Որտեղի՞ց է գալիս այն կարծիքը, որ ժյուրին կողմնապահ է եղել: Սա սխալ կարծիք է:
Բոլոր նրանց, ովքեր այսօր բողոքում են այդ կապակցությամբ, կասեմ, որ նրանց մոտեցումն ինդիվիդուալ մոտեցում է: Մրցույթին վերաբերվում էին սպորտային խաղի նման: Ես կասեի, որ բոլորն են հաղթել, որովհետև ունենք այդպիսի մի նախագիծ, որին հավաքագրվում են ազգային երգի ջահը պահող երիտասարդներ:
Այսօր մեր հասարակության մեջ տարածված են առավել օտարին հարիր մշակույթները, իսկ այսօր այս նախագիծն ուղղված է մեր ազգայինը վեր հանելուն և մատաղ սերնդին փոխանցելուն: Եթե դիտել եք նախագիծը, ապա կարող եք ասել, որ յուրաքանչյուրն էլ հաղթողի հավակնորդ էր: Ուրիշ հարց է, թե ինչ քանակությամբ sms հաղորդագրություններ է վաստակել: Սա մեր խնդիրը չէ, ոչ էլ «Շանթ» հեռուստաընկերության խնդիրն է: Այո՛, մենք ունենք մեր իրականության մեջ մի տարածված արատ՝ «թայֆաբազություն» անելը: Ում հարազատները շատ են` նրանք ավելի շատ ձայներ են հավաքում:
– Հանդիսատեսը դժգոհում էր, թե կողմնապահություն եք արել:
– Ո՞րն է խնդիրը, ինչո՞ւ ենք ուզում մեկին ինչ-որ բան անել: Եթե որևէ այլ մեկը հաղթեր` ես էլի ուրախանալու էի: Այս նույն երիտասարդները պայմանագիր ունեն «Շանթ» հեռուստաընկերության հետ, որ մի քանի տարի կարողանան իրենց դրսևորել: Հունվարին համերգային ծրագրով մեկնելու են ԱՄՆ:
Բոլորն էլ լավագույնն են: Ես վստահեցնում եմ, բոլորն էլ իրենց ուրույն դերն ունեն երգարվեստում: Սա շոու-ծրագիր է, որն ունի իր կանոնները: Ես խնդրում եմ բոլորին ավելի գաղափարական մոտենալ այս հարցին: Կատարողների մեջ սեր կար, ինչո՞ւ ենք ուզում իրենց մեջ թշնամություն սերմանել: Մենք պետք է սեր սերմանենք: Դա չի նշանակում, որ մեկը հաղթեց, մյուսները՝ հեչ: Մավրի ձայնային տվյալները հզոր են, յուրահատուկ տվյալներ ունի, իսկ Պետրոսը էշխով է երգում: Ամեն մեկն իր ոճն ու ձևն ունի: Ամեն մեկն ինչ-որ երանգ ունի:
– Մավր Մկրտչյանի հաղթանակը պաշտպանողները վստահեցնում էին, որ հաղթանակը հենց Մավրինն էր՝ զուտ այն պատճառով, որ նա, ի տարբերություն Պետրոսի, երգարվեստ նոր է մուտք գործում:
– Շատ բան կարող են ասել, բայց ասելուց առաջ մի հատ թող վստահ լինեն, որ այն, ինչ դառնալու է համացանցի քննարկման առարկա, պետք է հավաստի լինի: Բոլորն էլ փորձ ունեն: Մեր բոլոր ընտրյալներն էլ ունեն աշխատանքային փորձ: Նույն Մավրը երգչախմբում է երգում: Ամեն մեկը զբաղվում է դրանով: Մենք այսօր ինչ որ ասում ենք, պետք է մտածենք, թե ի՞նչն է ասվածի նպատակը: Եթե նպատակը սևացնելն է, ապա պետք է մտածել, թե ի՞նչն ենք ուզում սևացնել:
– Ասվում էր նաև, թե Պետրոսի հետ մասնագետներն առավել շատ աշխատանք են տարել, նրան տրվել են առավել հայտնի երգեր:
– Չկա այնպիսի բան, թե մեկի հետ ավելի շատ են աշխատել, մյուսի հետ` ավելի քիչ: Ոչ մեկի գնահատականները չեն եղել անձնական համակրանքի վրա հիմնված: Եթե մենք ուզում ենք մի բանում հասնել արդյունքի, ուրեմն ամեն բան պետք է մի կողմ թողնենք:
– Ըստ տարածված խոսակցությունների, ժյուրիի անդամների վրա` մասնակիցների ելույթների մասին կարծիք արտահայտելու շուրջ լծակներ են օգտագործվել: Դա այդպե՞ս է:
– Ամեն մեկն ինչ-որ մեկի փեսան է, մենք այդ ամենը մի կողմ ենք թողնում: Ամեն տեղ լծակներ կան, որ գործում են, բայց ես իմ մասով կարող եմ ասել, որ ոչինչ չի ազդել ու չի ազդելու: Չի եղել նման բան, որ մեզ վրա «Շանթը» ազդի, նրա տնօրեն Արթուր Եզեկյանն այնքան բարձր է այս ամենից, որ իրեն թույլ չէր տա նման բան: Երբեք չի եղել մեր խոսքի զսպվածություն, չի եղել նաև մոնտաժ:
Դրանք ուղղակի խոսակցություններ են, որ ուզում են որևէ բանով սևացնել: Չկա ապացույց, որ մեզ ինչ-որ բանի մեջ են դրել: Ամենասկզբում ամեն մասնակից իր երգն էր ընտրում, և, իհարկե, մենք պահանջում էինք, որ բացի պատրաստածից՝ մեկ այլ երգ ևս երգեր: Որոշ փուլեր անցնելուց հետո եկավ ծրագրային տարբերակը: Մենք պահանջում էինք, որ բոլորը Շերամ կամ հայ կոմպոզիտորների երգեր երգեն: Իսկ վերջնական փուլում մասնագետներն իրենք էին ընտրում մասնակիցների երգերը, իսկ ամենավերջին համերգի ժամանակ նրանք բոլորն իրենց սիրելի երգերն ընտրեցին: Նախագիծն ունի մասնագետներ, որոնք այդ հարցով զբաղվում են:
– Ի՞նչ էր իրականում կատարվում տաղավարում համերգային եզրափակիչ փուլից հետո, երբ հայտարարվեց հաղթողի անունը:
– Համերգի ժամանակ շատ սովորական ձևով էր, ոնց որ տեսել եք եթերում` հաղթողի հայտնի դառնալու պահին բոլորը սկսեցին ծափահարել նրան… Բնականաբար, Մավրի կողմնակիցները բղավում էին «Մա-վր», «Մա-վր»: Անգամ վերջում Մավրն ու Պետրոսը գրկախառնվեցին: Դա նորմալ էլ, որ երկրպագուները գոչում էին իրենց նախընտրած մասնակցի անունը: Եթե անուն ես տալիս, եթե պաշտպանում ես քո նախընտրած մասնակցին, ապա դա պետք է ճիշտ և կոռեկտ անես: