«Վաճառվող հացի մեկ երրորդն անհայտ ծագում ունի կամ թերմակնշված է»

Վաճառքում այլևս չկան փչացած ձվեր, բնակչությունն անհանգստանալու կարիք չունի: Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարեց Սպառողների ազգային ասոցիացիայի և Հայաստանի սպառողների ազգային ակադեմիայի նախագահ Մելիտա Հակոբյանը: Նա վստահեցրեց, թե վաճառքից արդեն հանվել է փչացած արտադրանքը:

«Լինում են դեպքեր, երբ արտադրողը նորմալ սննդամթերք է մատակարարում, իսկ ճանապարհին փչացնում են արտադրանքը, բայց այս անգամ խոսքը նման դեպքերի մասին չէ, քանի որ նման համատարած դեպքեր չեն կարող լինլ»,- ասաց Մ. Հակոբյանը:

Սպառողների ազգային ասոցիացիայի մարքետինգի և մոնիտորինգի բաժնի պետ Ֆրունզե Հաճյանը փաստեց, որ նման խնդիրներ Հայաստանում միշտ եղել են ու կլինեն, քանի որ ձվի առաջարկը գերազանցում է պահանջարկին: Վերջինս սպառողներին խորհուրդ տվեց նախքան ձու գնելը ծանոթանալ արտադրության ու պիտանելիության ժամկետներին.  «Ձուն գնելուց առաջ մարդիկ կարող են այն թափահարել. եթե ձայն լսեն, նշանակում է՝ ձուն հին է»:

Ըստ Սպառողների ազգային ասոցիացիայի նախագահի`այս խնդիրները կարող էին չլինել, եթե իրականացվեր կառավարության ու թռչնաբույծների միության նախագիծը. «Մոտ 4 տարի առաջ կառավարությունը և թռչնաբույծների միությունը պայմանավորվածություն էին ձեռք բերել, որ Հայաստան ներկրվի ապարատուրա, որ ձուն ընդհանրապես ավելցուկ տալու դեպքում չորացվի, և այն դառնա փոշի: Պայմանավորվածությունը, չգիտես ինչու, մնաց սառած: Պրոցեսը, ցավոք, չընթացավ»:

Կարդացեք նաև

Անդրադառնալով հացաբուլկեղենի շուկայում տիրող իրավիճակին` Ֆրունզե Հաճյանը նշեց, որ վաճառվող հացի մեկ երրորդն անհայտ ծագում ունի կամ թերմակնշված է: Նույն խնդիրը կա նաև հրուշակեղենի շուկայում. բուլկեղենի մեկ քառորդն անհայտ ծագում ունի.

«Հացաբուլկեղենի շուկայում այսօր ամենաանվտանգը լավաշն է»,- ասաց նա:

 

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս