«Պատերազմական սցենարի պարագայում իրանական հարվածն Ադրբեջանին այնքան հուժկու կլինի, որ Ադրբեջանը չի էլ կարողանա մտածել Ղարաբաղի մասին»
Հարցազրույց իրանագետ, բանասիրական գիտությունների թեկնածու, դոցենտ Վարդան Ոսկանյանի հետ
– Պարոն Ոսկանյան, նախ` ինչպե՞ս եք գնահատում Իրանի նախագահ Մ.Ահմադինեջադի սեպտեմբերի 23-ի ելույթը ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեայում, որում նա կրկին սուր քննադատության ենթարկեց Իսրայելի և ԱՄՆ-ի քաղաքականությունը` վերջինիս մեղադրելով երկակի ստանդարտներ կիրառելու մեջ:
– Գիտեք, սովորաբար ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեայում ունեցած ելույթները հիմնականում դեկլարատիվ բնույթ են կրում: Այս տեսանկյունից Իրանի նախագահի ելույթը նույնպես դեկլարատիվ էր: Ինչ վերաբերում է այդ ելույթի հիմնական մեխին, որը վերաբերում էր երկակի ստանդարտների կիրառությանը Մերձավոր Արևելքի տարածաշրջանի տարբեր երկրների նկատմամբ, ապա իրականության մեջ նման երևույթ կա. այսինքն` շատ դեպքերում, ենթադրենք, ժողովրդավարության խրախուսման և ժողովրդավարությանը տրվող գնահատականների առումով այդ ստանդարտները հստակորեն կիրառվում են:
Ես երբևիցե չեմ տեսել, որ ԱՄՆ-ը կամ Արևմուտքը քննադատի Սաուդյան Արաբիային` ժողովրդավարական սկզբունքները խախտելու համար, այնինչ Սաուդյան Արաբիան, եթե համեմատելու լինենք Իրանի Իսլամական Հանրապետության հետ, բազմակի անգամ ավելի ոչ ժողովրդավարական երկիր է, քան Իրանը: Իրանը, համենայն դեպս, իր սահմանադրության շրջանակներում ընդգծված ժողովրդավարության կանոնները հստակորեն պահպանում է: Այլ խնդիր է, թե այդ սահմանադրությանն ինչքանով են համապատասխանում Արևմուտքի կողմից ժողովրդավարության ընկալումները:
Նույնը վերաբերում է նաև Իրանի միջուկային ծրագրին. այդ կապակցությամբ էլ կիրառվում են երկակի ստանդարտներ: Օրինակ` եթե նույնիսկ թույլ տալու լինենք այն միտքը, որ Իրանը գնում է միջուկային զենքի ստեղծման, ինչն իրականում որևէ մեկը հստակորեն չի կարող ասել` արդյոք Իրանը ռազմակա՞ն ծրագիր է իրականացնում, թե՞ խաղաղ միջուկային ծրագիր, այս տեսանկյունից էլ երկակի ստանդարտները գործում են: Խոսքը վերաբերում է, օրինակ, Պակիստանին, որը պետական կառավարելիության իր աստիճանով, ընդհանրապես պատմության մեջ ունեցած իր դերով, ներկայում այդ երկրում տիրող իրավիճակի առումով բազմիցս զիջում է Իրանին և ունի միջուկային զենք: Եվ որևէ մեկը չէր խոչընդոտում Պակիստանի` միջուկային տերություն դառնալուն:
Այնինչ, Պակիստանի պարագայում է միջուկային զենքի հիմնական վտանգը, քանի որ, ինչպես գիտեք, Պակիստանում կան բազմաթիվ շրջաններ, որոնք ուղղակի չեն ենթարկվում կենտրոնական իշխանությանը կամ նոմինալ ենթակայության մեջ են, որտեղ գործում են բազմաթիվ ահաբեկչական կազմակերպություններ` այդ թվում «Թալիբները», «ալ-Քաիդան» և բազմաթիվ այլ խմբավորումներ: Այդ երկրում մշտապես առկա է ահաբեկչության վտանգը, և առկա է վտանգն առ այն, որ երկրի միջուկային արսենալը կարող է հայտնվել ահաբեկիչների ձեռքում, և մեծ ջանքեր են պահանջվում այդ երկրում կայունությունը պահպանելու համար թե՛ պակիստանյան իշխանությունների, և թե՛ այդ երկրի համապատասխան արևմտյան գործընկերների կողմից:
Մինչդեռ Իրանի պարագայում մենք չունենք նման խնդիր. Իրանը կենտրոնացված պետություն է, երկրի կառավարելիությունը գրեթե 100 տոկոսի է հասցված, այսինքն` Իրանում չկա կենտրոնական իշխանության վերահսկողությունից դուրս գտնվող որևէ շրջան կամ որևէ ահաբեկչական վտանգ ներկայացնող կազմակերպություն, որը կարող է հնարավոր միջուկային զենք ստեղծելու պարագայում ձեռնհաս լինել այդ զենքին: Այս տեսանկյունից է, որ փոքր-ինչ տարօրինակ է թվում նման խիստ վերաբերմունքը Իրանի հանդեպ և նման բարձիթողի վերաբերմունքը Պակիստանի հանդեպ այս հարցում:
– Իսկ Արևմուտքի կողմից Պակիստանի հանդեպ այդ բարձիթողի վերաբերմունքը որևէ կապ ունի՞ այդ երկրում ահաբեկչական կազմակերպությունների` հատկապես «ալ-Քաիդայի» գոյության և գործունեության հետ:
– Շատ երկրներ կան, որտեղ այդ երկրների կառավարությունները հաճախ ստեղծում են իմիտացիա` ձև, թե իբր լրջորեն զբաղվում են ահաբեկչության դեմ պայքարով: Դրանցից մեկն, օրինակ, հարևան Ադրբեջանն է, մյուսն, ավելի պակաս չափով, Պակիստանն է, որն ընդհանրապես արհեստածին պետություն է, ինչպես և Ադրբեջանը: Այնտեղ բավական բարդ են խնդիրները` կապված տարբեր կրոնական ուղղությունների, ծայրահեղական, ահաբեկչական խմբավորումների հետ:
Իզուր չէ, որ Պակիստանը համարվում է «ալ-Քաիդայի» հիմնական կենտրոններից մեկը, և ի վերջո «ալ-Քաիդայի» ղեկավարն էլ ձերբակալվեց և պահվեց հենց Պակիստանի տարածքում, ոչ թե Աֆղանստանում, ոչ թե արաբական որևէ երկրում կամ Իրանում: Դա ևս մեկ անգամ ցույց է տալիս, որ պակիստանյան իշխանությունը կամ չի վերահսկում իր երկրի տարածքը, կամ էլ գտնվում է որոշակի գաղտնի համագործակցության մեջ այդ կազմակերպությունների հետ` տարբեր խողովակներով:
– Վերջին շրջանում գնալով ավելանում են կանխատեսումներն Իրանի վրա հնարավոր հարձակման կամ Իրանի և Իսրայելի միջև պատերազմ սկսելու վերաբերյալ: Դրանք որքանո՞վ են արդարացված, և ինչպե՞ս եք գնահատում պատերազմի հավանականությունը:
– Դատելով առկա տեղեկատվությունից և հետևելով գործընթացին, համենայն դեպս, վերջին 1,5-2 տարիների ընթացքում` ակնհայտ է դառնում, որ մենք ավելի շուտ գործ ունենք պատերազմական հռետորաբանության, քան բուն պատերազմի վտանգի առկայության հետ: Իհարկե, պատերազմական հռետորաբանությունն, ի վերջո, հնարավոր է, որ հանգեցնի պատերազմի, բայց ամենևին պարտադիր չէ, որ այդպես լինի:
Երկու կողմից էլ տեսնում ենք պատերազմական կամ սպառնալիքների հռետորաբանության տոնայնության բարձրացում, հետո` տոնայնության որոշակի իջեցում, հետո` ինչ-որ խնդրի հետ կապված` նորից սրում: Ի պաշտպանություն այդ հռետորաբանության` շատ հաճախ լինում են որոշակի գործողություններ, հայտարարություններ այս կամ այն երկրի կամ կազմակերպության կողմից, և այլն, սակայն իրականում, համենայն դեպս` իմ գնահատականով, պատերազմի վտանգ ներկայում չկա:
Ներկայումս տարածաշրջանային որևէ պետության, այդ թվում` նաև Իսրայելին, այդ պատերազմը ձեռնտու չէ: Իսրայելին պատերազմը ձեռնտու չէ, որովհետև իրանա-իսրայելական պատերազմը Իսրայելի և «Հըզբոլլահի» կամ Իսրայելի և Լիբանանի միջև պատերազմ չէ: Իրանի հնարավորությունները` ազդելու այդ պատերազմի ընթացքի վրա, բազմիցս ավելի մեծ են, քան ցանկացած արաբական երկրի, որի հետ Իսրայելն ունի ինչ-որ կոնֆլիկտային հարցեր: Այս տեսանկյունից` իսրայելական իշխանություններն էլ, իմ կարծիքով, այդքան կարճատես չեն, որպեսզի գնան պատերազմական հստակ գործողությունների, նկատի ունեմ բուն Իսրայելի ուժերին:
Ինչ վերաբերում է ԱՄՆ-ին Իրանի դեմ պատերազմի դրդելու գործին, ապա մենք, համենայն դեպս, կատարվող հայտարարություններում նկատում ենք նման միտում, երբ իսրայելական քաղաքական էլիտան ձգտում է ԱՄՆ-ին հրահրել Իրանի դեմ պատերազմի կամ պատերազմական գործողությունների:
Մինչդեռ, չեմ կարծում, որ ԱՄՆ-ում չկան քաղաքական լուրջ ծրագրավորողներ, որպեսզի ծրագրավորեն այդ պատերազմի հնարավոր հետևանքները և հնարավոր այն խոշոր ապակայունացումը, որին կհանգեցնի այդ պատերազմը: Իրանի հանդեպ ցամաքային գործողություն կիրառելը հավասար է ինքնասպանության, այն դատապարտված է ի սկզբանե: Ինչ վերաբերում է որևէ կոնկրետ ռազմավարական հետաքրքրություն ներկայացնող կամ ռազմական օբյեկտի վրա օդային հարձակումներին, ապա նման օդային հարվածների դեպքում էլ դժվար է հաջողություն ակնկալել:
Փաստորեն, մենք գործ ունենք փակուղու հետ, երբ ցամաքային օպերացիան չի կարող լինել, իսկ օդային հարվածները չեն կարող էֆեկտիվ լինել: Այս առումով` պատերազմի վտանգ առայժմ չկա: Կա անընդհատ պատերազմական հռետորաբանության աճ` փոխադարձ մեղադրանքների և սպառնալիքների տեսքով:
– Այսինքն` կարո՞ղ ենք եզրակացնել, որ Արևմուտքի և Իրանի հարաբերություններում կա որոշակի «կարմիր գիծ», որն ԱՄՆ-ը ամեն դեպքում ձգտում է չանցնել:
– Ըստ իս` այդ «կարմիր գիծը» կա, և դրա պահպանումը կախված է Իրանի ներքին կայունությունից: Շատ հավանական է, որ կապված ինչ-որ ընտրական, հետընտրական կամ ոչ ընտրական գործընթացների հետ, եթե Իրանում, Աստված մի արասցե, տեղի ունենա իրավիճակի լուրջ ապակայունացում, ապա այդ դեպքում հնարավոր է` այդ «կարմիր գիծը» հատվի: Բայց տեսանելի ապագայում այդ «կարմիր գիծը» պաշտպանվելու է: Թե՛ իրանական, թե՛ ամերիկյան կողմերը հստակորեն գիտակցում են այդ «կարմիր գծի» առկայությունը և երբևիցե իրենց թույլ չեն տա անցնել այն:
– Այնուամենայնիվ, որոշակի գործընթացների դեպքում զարգացումները կարո՞ղ են բերել Իրանի դեմ պատերազմի, եթե այս ամենը կապենք մերձավորարևելյան տարածաշրջանում տեղի ունեցող իրադարձությունների և, մասնավորապես, Սիրիայում Ասադի ռեժիմի հնարավոր տապալման հետ:
– Անշուշտ, Սիրիայի ներկայիս վարչակարգի գոյությունը և Սիրիայի գոյությունը ներկա կարգավիճակով կարելի է համարել Իրանի արևմտյան դարպասները, որոնք առայժմ փակ են: Սիրիայում որոշակի հաջողություն գրանցելուց հետո, անշուշտ, տարածաշրջանային հավասարակշռությունը հնարավոր է, որ խախտվի: Եվ սիրիական ճակատը (եթե կարելի է այդպես կոչել) Իրանի դեմ գործողությունների առաջին գիծն է, և տվյալ պարագայում, կախված Արևմուտքի հաջողությունից կամ անհաջողությունից` շատ բան կարող է փոխվել:
– Իսկ Իրանում հնարավոր պատերազմն ի՞նչ հետևանքներ կարող է ունենալ կովկասյան տարածաշրջանի և, մասնավորապես, Հայաստանի վրա:
– Եթե դիտարկելու լինենք պատերազմական սցենարը, այսինքն` հնարավոր պատերազմի դեպքում ինչ կլինի, ապա այդ դեպքում, բնական է, որ Իրանի դեմ պատերազմական գործողությունների համար որպես ամենակարևոր պլացդարմներից մեկը` Արևմուտքը և Իսրայելը դիտարկում են Ադրբեջանին: Հետևաբար, Ադրբեջանի տարածքն աներկբայորեն օգտագործվելու է, եթե նման գործողություն լինի: Հիմա էլ Արևմուտքը նրա տարածքն օգտագործում է Իրանի նկատմամբ լրտեսական գործողություններ, տարբեր տեսակի դիտարկումներ իրականացնելու նպատակով, և նաև Ադրբեջանին օգտագործում է Իրանի դեմ քարոզչական ճակատում:
Ուստի, ես չեմ կասկածում, որ պատերազմական նման սցենարի պարագայում իրանական հարվածն Ադրբեջանի Հանրապետությանն այնքան հուժկու կլինի, որ Ադրբեջանը չի էլ կարողանա մտածել Ղարաբաղում պատերազմ սկսելու մասին: Որևէ մեկը չի կասկածում, որ եթե Ադրբեջանի տարածքն օգտագործվի Իրանի դեմ պատերազմի նպատակով, ապա իրանական հրթիռների առաջին թիրախներից մեկը լինելու են Բաքվում արևմտյան ընկերությունների նավթային համապատասխան ենթակառուցվածքները: Այսինքն` նման պարագայում Ադրբեջանի կողմից Հայաստանի և ԼՂՀ-ի դեմ ագրեսիայի կիրառումը ես համարում եմ գրեթե բացառված:
Հակառակը` Ադրբեջանը կարող է զգալի կերպով տուժել այդ պատերազմից: Անշուշտ, Իրանն ընդհանրապես հարավկովկասյան տարածաշրջանի համար ունի կայունացնող, այլ խոսքերով ասած` ամորտիզացիոն դիրք, և հավասարակշռում է տարբեր ուժերի բալանսը մեր տարածաշրջանում: Այս տեսանկյունից է, որ Իրանի թե՛ ներքին կայունությունը, և թե՛ արտաքին աշխարհի հետ ունեցած հարաբերությունների բարելավումը ձեռնտու է անխտիր բոլոր հարավկովկասյան երկրներին` թերևս, բացառությամբ Ադրբեջանի:
– Իսկ Հարավային Օսիայի և Վրաստանի սահմանին ռուսական զորքերի կենտրոնացումը, ՀԱՊԿ վերջին զորավարժությունները ի՞նչ կապ կարող են ունենալ Իրանի շուրջ զարգացումների հետ:
– Չնայած որոշ ռուսաստանյան վերլուծաբանների կողմից այդ զորավարժությունների շրջանակում տարբեր սցենարների գծագրմանը` դրանք, մասնավորապես, Վրաստանի ընտրությունների և Իրանի շուրջ կատարվող զարգացումների հետ կապելը, իմ կարծիքով, սխալ է: ՀԱՊԿ զորավարժությունները նախօրոք ծրագրավորված զորավարժություններ էին և կոնկրետ ժամանակային երևույթ չէին: Անշուշտ, ցանկացած զորավարժություն ունի իր նպատակները, բայց, եթե ավելի մոտիկից դիտարկելու լինենք զորավարժությունների ընթացքը և ծրագիրը, դա առաջին հերթին ուղղված էր ՀՀ պաշտպանունակությունն ապահովելուն և որևէ երրորդ կողմի դեմ չէր:
– Այնուամենայնիվ, Արևմուտքի կողմից Իրանի դեմ ոտնձգությունների դեպքում Ռուսաստանը կմիջամտի՞:
– Կարծում եմ, որ դա առայժմ հեռավոր սցենար է: