
Փաշինյանը գործում է որպես բռնապետ. Սասունյանը` Սամվել Կարապետյանին կալանավորելու մասին

Նիկոլ Փաշինյանն իրավունք չունի միջամտել Հայ առաքելական եկեղեցու գործերին, նա գործում է որպես բռնապետ։ ՌԻԱ Նովոստիին այս մասին ասել է «Կալիֆոռնիա Կուրիեր» թերթի խմբագիր Հարութ Սասունյանը՝ մեկնաբանելով գործարար և բարերար Սամվել Կարապետյանի ձերբակալությունը։
«Նա իրավունք չունի միջամտել եկեղեցու գործերին, քանի որ ՀՀ Սահմանադրության համաձայն՝ եկեղեցին անջատ է պետությունից»,- ասել է Սասունյանը։
Ըստ նրա՝ Փաշինյանը փորձում է օգտագործել եկեղեցին իր քաղաքական նպատակների համար և ցանկանում է Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին II-ին փոխարինել ավելի կախյալ կերպարով։
«Եկեղեցին ունի իր 1700-ամյա ավանդույթները՝ թե ինչպես լուծել հոգևորականության հետ կապված խնդիրները։ Եվ վարչապետի գործը չէ դրանով զբաղվելը», – ասել է գործակալության զրուցակիցը։
Ըստ նրա՝ Փաշինյանը, այդպիսով խախտում է օրենքը։ «Նա շատ անհանդուրժող է։ Չնայած նա իրեն դեմոկրատ է անվանում, նա դեմոկրատ չէ։ Նա բռնապետ է, որը չի հանդուրժում նրանց, ովքեր համաձայն չեն իր հետ», – ասել է Սասունյանը։
ԱՄՆ-ում հայկական սփյուռքի ներկայացուցչի տեսանկյունից՝ Փաշինյանի խոսքերը Հայ առաքելական եկեղեցու մասին վայել չեն վարչապետին։
«Բացի այն, որ վարչապետը ձեռնարկում է Սահմանադրությանը հակասող անօրինական գործողություններ, նա նաև շատ անպարկեշտ և կոպիտ արտահայտություններ է օգտագործում հոգևորականության նկատմամբ։ Սա անհարիր պահվածք է կառավարության ղեկավարի համար»,- ասել է Սասունյանը։
Նրա խոսքով՝ Փաշինյանը պետք է օրինակ ծառայի, և եթե ինչ-որ բանի հետ համաձայն չէ, պետք է դա արտահայտի քաղաքավարի և ճիշտ, այլ ոչ թե կոպտորեն։