Բաժիններ՝

Տարօրինակ համընկնում

Դժվար է հիշել, թե նման հետաքրքրություն վերջին անգամ երբ է եղել: Բոլոր լրատվամիջոցները օր օրի ավելի ու ավելի մեծ տարածք ու ժամանակ են հատկացնում 2011թ բյուջեի կատարողականի քննարկմանը: Այն կամաց-կամաց շոուին բնորոշ մասշտաբայնություն է ստանում:

Մինչդեռ կառավարության ներկայացրած հաշվետվություն-կատարողականը հրապարակվել էր մի քանի ամիս առաջ: Կառավարությունը, գործող օրենսդրության համաձայն` դեռ մայիս ամսին էր կատարողականը խորհրդարան ուղարկել: Բայց քննարկումները հետաձգվեցին: Խորհրդարանական ընտրություններ էին: Հետո նորընտիրը (իմա` ԱԺ-ն) դեռ չաշխատած` արձակուրդ գնաց: Գնաց գործող օրենսդրության համաձայն: Ու հիմա մի շաբաթից ավելի է` սկսել է պարզել, թե ով, որքան և ինչպես է ծախսել հանրային փողերը 2011թ.:

Սկսել է պարզել առանձնակի եռանդով: Նախորդ առնվազն 10 տարիների ընթացքում նման շահախնդիր քննարկում չի եղել: «Ի՞նչ է փոխվել»` հարցը մի քանի պատասխան ունի: Դրանց մի մասն իրավիճակի վերլուծության արդյունք են, մյուս մասը` քաղաքական կանխատեսում-բամբասանքների: Տնտեսական թեմաների նկատմամբ հետաքրքրությունն առաջինը խթանեց նախագահ Սերժ Սարգսյանը: Խթանեց` տնտեսական թեմաներով հայտնի խորհրդակցության ընթացքում, որի արդյունքում առայժմ միայն պետական գնումների համակարգը «գլխատվեց»: Հասարակական հետաքրքրասիրությունն ակնհայտ շարունակության ու նոր զարգացումների է սպասում:

Ու ծնվեցին վերլուծություններ: Իբրև` բյուջեի կատարողականի տապալումը խորհրդարանում թե իշխող, թե ոչ այնքան իշխող կուսակցություններին վերջապես հնարավորություն կտա ազատվել վարչապետ Տիգրան Սարգսյանից: Չնայած, ավելի տրամաբանական կարելի է համարել այն բացատրությունը, որ այս գումարման խորհրդարանում պատգամավորի մանդատ են ստացել մի քանի եռանդուն քաղաքական գործիչներ: Նրանց թվում ամենանկատելին թերևս նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանն է:

Երկրի լավագույն տնտեսագետներից մեկը, բնականաբար, առիթը բաց չի թողնում հրապարակայնորեն վիճել իր գործող գործընկերոջ հետ: Անաչառության համար կարելի է արձանագրել, որ բանավիճողներն իրար արժանի են: Մասնագիտական որակներով, իհարկե: Եթե մեր երկրում քիչ թե շատ քաղաքակիրթ քաղաքական միջավայր ձևավորված լիներ, դրանից առաջին հերթին պետությունն ու հասարակությունն էին շահելու: Երկրում տարվող տնտեսական հստակ քաղաքականություն էր մշակվելու ու կիրառվելու: Բայց, ցավոք, հիմա հասարակությունը բավարարվելու է միայն նրանով, որ այս վեճ-քննարկումների արդյունքում սոսկ տեղեկատվություն է ստանալու:

Տեղեկատվություն, թե ինչ նպատակներով ու ինչ արդյունավետությամբ են ծախսվել պետական բյուջեի փողերը: Ցավոք, այդ տեղեկատվությունը համակարգված չէ: Մեկ հրապարակվում է, ասենք, Սփյուռքի նախարարի գործուղումների օրերի քանակն ու ծախսված միջոցները, մեկ` ասենք, թե որքան պետբյուջետային փող է ծախսվել այս կամ այն հեռուստահաղորդման վրա: (Հատկապես, որ հայրենասիրություն քարոզող այդ հաղորդման ընթացքում սեփական ժողովրդի պատմության աշակերտների իմացությունը «ստուգվում է» պատմավեպերի միջոցով:

Ու ոչ մի մանկավարժ, ոչ մի պատմաբան կամ որևէ այլ մտավորական չի փորձել քննադատել նման դիլետանտիզմը): Այս ու մյուս տվյալները երբեք թաքցված չեն եղել: Բայց ինչ-որ ազդակ էր պետք, որ հասարակությանը հետաքրքրի, թե որքան գումար է «նստում» պետբյուջեի վրա, ասենք, խորհրդարանի (2 մլրդ 700 մլն դրամ) գործունեությունը: 2011թ. ընդունումից համարյա մեկ տարի է անցել, բայց մեր մամուլում միայն նոր են տոտալ հրապարակում, թե մեզ կառավարելու համար որքան գումար է իր համար նախատեսել ու ծախսել գործադիր իշխանությունը (6 մլրդ 300 մլն դրամ): Ցաքուցրիվ այս հրապարակումներն ընթանում են հացի ու դեղորայքի թանկացումներին զուգընթաց:

Կառավարության բյուջետային հաշվետվության մեջ նշվում է, որ, օրինակ, առողջապահության ոլորտում պետբյուջետային ծախսերն ավելացել են 12,8 տոկոսով: Ասել, թե հասարակությունն այդ ավելացումը զգացել է իր առողջության վրա, չափազանցություն կլինի: Որովհետև նույն այդ հասարակությունը գիտի, թե ինչպես են անցկացվում պետբյուջեի միջոցներով դեղորայքի գնման մրցույթներ: Հետևաբար` հասարակությունը նույնիսկ գիտի, թե որ անձանց գրպաններում է կուտակվել այդ 12.8 տոկոսանոց ավելացումը: Բայց հիմա հույս կա, որ մի կողմից` քաղաքական ուժերը, մյուս կողմից` հասարակությունը ուշադրություն կդարձնեն դրանց վրա:Կդարձնեն ու հետևություններ կանեն:Հատկապես, որ նախադրյալներ կան:

Մի քանի օր առաջ զբաղեցրած պաշտոնից ազատվեց ԶՈւ Գլխավոր շտաբի պետի տեղակալը: Մամուլը ենթադրեց (ավելի ստույգ` տեղեկացրեց), որ պատճառը հենց բանակի համար գնումներն են: Այդ մասին պաշտոնապես ոչինչ չհայտարարվեց, բայց խորհրդային լրատվության տողատակից որևէ բան քաղելու հմտություն ունեցող ավագ սերնդի համար ամեն ինչ պարզ էր: Հատկապես, որ երեկ այդ թեմայով քննարկում էր հրավիրել նախագահ Սերժ Սարգսյանը: Ակնհայտ է, որ հասարակական փողերի ծախսման ոլորտում լուրջ խնդիրներ կան: Ու տարօրինակ համընկնում եղավ: Հասարակության կասկածները, որ մեր բյուջետային միջոցներն արդյունավետ չեն կառավարվում, տարօրինակորեն համընկավ այդ նույն միջոցների յուրացման մասին իշխանությունների ունեցած տեղեկատվության հետ: Հետևաբար` առաջիկա շաբաթներին մեզ նոր բացահայտումներ ու հետաքրքիր տեղեկություններ են սպասում:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս