Թոմաս Բերնհարդ
ՁԱՅՆԵՐ ՆՄԱՆԱԿՈՂԸ
(մանրապատումների գրքից)
Սկիզբը` թիվ 87
ՄԱՀԱՑՈՒ ՎԱՐԿԱԲԵԿՈՒՄ
Երկու փիլիսոփա, որոնց մասին մինչ այդ ժամանակներն ավելի շատ աշխատություններ էին գրվել, քան նրանք հասցրել էին գրել, հանդիպեցին մի անգամ, տասնյակ տարիներ հետո, ընդ որում, ոչ թե ինչ-որ տեղ, այլ հենց Վայմարում` Գյոթեի տանը, ուր նրանք ժամանել էին, յուրաքանչյուրն իր համար, հակադիր կողմերից, մեն մի նպատակով` ավելի մոտիկից ծանոթանալու Գյոթեի նիստուկացին, որը նրանց համար այնքան էլ հեշտ գործ չեղավ, չէ՞ որ դրսում ձմեռ էր և ուզածիդ պես ցուրտ էր, և ահա այդ անսպասելի, նրանց երկուսի համար էլ իրականում շատ ծանր հանդիպման ժամանակ նրանք միմյանց հավաստեցին փոխադարձ հարգանքն ու պատկառանքը, և յուրաքանչյուրը խոստացավ տուն դառնալուց հետո խորանալ գործընկերոջ աշխատությունների մեջ այն ինքնազոհաբերմամբ, որը կհամապատասխանի այդ ստեղծագործություններին: Իսկ երբ ահա փիլիսոփաներից մեկն ասաց, որ կգրի, իր կարծիքով` լավագույն թերթերից մեկում այն մասին, թե նա ում հանդիպեց Վայմարում Գյոթեի տանը, բնականաբար, շարադրելով իր տպավորությունները փիլիսոփայական հոդվածի ձևով, մյուսը տեղնուտեղը հայտարարեց, որ կտրականապես առարկում է, և գործընկերոջ մտահղացումը կոչեց մահացու վարկաբեկում:
ՖՈՒՐԱՏԻՆ
Մոնտրեում, Ժնևի լճի ափին, մեր ուշադրությունը գրավեց նստարանին նստած մի տիկին, ով, անշարժ նստած այդ նստարանի վրա, անընդհատ տարատեսակ այցելուներ էր ընդունում: Երկու անգամ ափին նրա կողքին մեքենա էր կանգնում, դրանից դուրս էր գալիս համազգեստավոր մի երիտասարդ, տիկնոջն էր հանձնում թերթերը և դարձյալ գնում էր, և մենք մտածեցինք, որ նա նրա անձնական վարորդն է: Տիկինը փաթաթված էր մի քանի բրդյա ծածկոցներով, տեսքից նա ութսուն տարեկանի մոտ էր: Երբեմն նա գլխով էր անում անցորդներից որևէ մեկին: Նա, հավանաբար, այն հարուստ և հանրահայտ շվեյցարուհիներից էր, ովքեր ձմեռն անցկացնում են Ժնևի լճի ափին` այնժամ, երբ նրանց անունից աշխարհով մեկ գործարքներ են կատարվում, մտածեցինք մենք:
Եվ իսկապես, ինչպես մեզ շուտով պատմեցին, տիկինը, պարզվեց, այն հարուստ և հանրահայտ շվեյցարուհիներից էր, ովքեր ձմեռն անցկացնում են Ժնևի լճափին, արդեն քսան տարի է` ինչ նրան լայնակի կաթված էր խփել, և այդ քսան տարվա ընթացքում վարորդն ամեն օր նրան տանում է ժնևյան լճափ, նստեցնում է միևնույն նստարանի վրա և նրան թերթեր է բերում: Տասնյակ տարիներ Մոնտրեն ստանում է իր հարկային փոխանցումների հիսուն տոկոսն այն հարկերից, որ վճարում է այդ կինը: Քսան տարի առաջ հիպնոսի հայտնի վարպետ Ֆուրատին հիպնոսացրել էր նրան և այլևս չէր կարողացել այդ վիճակից դուրս բերել: Ինչպես հայտնի է, Ֆուրատին դրանով ջնջեց ոչ միայն այդ տիկնոջ կյանքը, այլ նաև` իր սեփական կյանքը, ընդ որում, ընդմիշտ:
ԳՈՎԱԶԴԱՅԻՆ ԹԵՐԹԻԿ
Ամուսինները Զալցբուրգից, ովքեր ողջ կյանքում աշխատել էին առանձին, իսկ այժմ, ի հաճոյություն երկուսի, ստանում էին կրկնակի համատեղ թոշակ, որոշել էին իրենց կյանքի մայրամուտին գնալ Ցել-էմ-Զեե, որ Պինգայոում է, որի համար էլ ձեռք էին բերել այդ արժանափառ վայրի գովազդային թերթիկը, որպեսզի ուսումնասիրեն այն և այդպիսով իրենց համար մի հարմար հյուրանոց ընտրեն, և այնտեղ երկու կամ երեք շաբաթ անցկացնեն: Ամուսինները, որ սիրում էին ճամփորդել, իսկապես գտան այդ գովազդային թերթիկում այն հյուրանոցը, որը, ինչպես իրենց էր թվում, համապատասխանում էր իրենց պատկերացումներին և ցանկություններին, և ուղևորվեցին Ցե-էմ-Զեե: Եվ երբ վերջապես ծայրաստիճան հոգնեցուցիչ ուղևորությունն ավարտված էր, և ամուսինները հասել էին Ցել-էմ-Զեե, նրանք մտան հյուրանոց և ստիպված էին խոստովանել, որ հյուրանոցում տեսածը բնավ չարդարացրեց իրենց սպասումները: Օրինակ, գովազդային թերթիկի զարմանալիորեն հարմարավետ սենյակներն իրականում մռայլ գտնվեցին, և սարսափած ամուսիններին պատկերացավ, թե իբր յուրաքանչյուր սենյակում փակված դագաղ է դրված, և ամեն մի դագաղի կափարիչի վրա գրված են իրենց անունները:
ԲԱՐԵԳԹՈՒԹՅԱՆ ԴՐՍԵՎՈՐՈՒՄՆԵՐ
Մեզ դրկից ապրող տարեց մի կին իր բարեգթության մեջ շատ հեռու էր գնացել: Նա իր մոտ պատսպարել էր, ինչպես իրեն էր թվում, խեղճ մի թուրքի, և սկզբում այս թուրքը երախտապարտ էր նրան, չէ՞ որ իրադարձությունների նոր շրջադարձը, որ հարուցվել էր տարեց տիկնոջ բարեգթությամբ, նրան թույլ տվեց ապրել կնոջ քաղաքային տանը, որը տեղակայված էր մեծ այգու մեջ, այլ ոչ թե մի կերպ քարշ գալ քանդվելու ենթակա շինարարների համար նախատեսված բարաքում: Տարեց տիկնոջ մոտ նա պարտիզպան էր և նրա շնորհիվ քիչ-քիչ նոր հագուկապ ձեռք բերեց, և բացի այդ` նաև տեղը տեղին երես առավ: Մի անգամ թուրքն այս եկավ ոստիկանատուն և խոստովանեց, որ սպանել է տիկնոջը, ով բարեգթությունից նրան իր տուն էր բերել: Խեղդել է, ինչպես հաստատեց դատաքննչական փորձաքննությունը ոճրի կատարման վայրի մեկեն ձեռնարկած հետաքննության ժամանակ: Երբ դատարանում թուրքին հարցրին, թե ինչու նա սպանեց, իսկ ավելի ճիշտ` խեղդեց տարեց տիկնոջը, նա պատասխանեց` բարեգթությունից:
ՎԱԽԸ
Անցած տարվա հուլիսին մի տիրոլցի դատարանի առաջ կանգնեց` մեղադրվելով աշակերտի սպանության մեջ, և դատապարտվեց ցմահ բանտարկության: Տիրոլցին մասնագիտությամբ տառշար էր, ում աշխատանքը երեք տասնամյակի ընթացքում լիովին ձեռք էր տալիս ինսբրուկյան տպարանի տերերին, ի արդարացում ասաց, որ վախենում էր աշակերտից, սակայն ատենակալները դրան չհավատացին, որովհետև տառշարը, ով իրականում ծնվել էր Շվացում, և նրա հայրը, որ ղեկավարում էր տիրոլյան մսագործների գիլդիան, Տիրոլում շրջապատված էր հարգանքով և պատկառանքով: Այս մեր տիրոլցին մետր իննսուն հասակ ուներ և, ինչին որ երդվյալ ատենակալներն ականատես եղան հենց դատարանի դահլիճում, առանց որևէ ճիգի երկումետրանոց բարձրության հանեց չուգունե գունդը, որ հարյուր հիսուն կիլոգրամ էր: Այս տիրոլցին սպանել էր աշակերտին Ինստից, այսպես կոչված քարտաշի մուրճով:
ՀՈԳԵԿԱՆ ՄՂՈՒՄ
Հրշեջները Կրեմսից կանգնեցին դատարանի առաջ այն պատճառով, որ փրկարար սավանով մի կողմ էին վազել այն պահին, երբ ինքնասպանը, ով արդեն մի քանի ժամ կանգնած էր քաղաքային շենքի հինգերորդ հարկի քիվի վրա և սպառնում էր, թե իբր, հիմա կյանքի հետ հաշիվները կփակի, իսկապես վար թռավ: Հրշեջներից ամենաջահելն իր ցուցումներում հաղորդեց, որ գործել է` ղեկավարվելով հոգեկան մղումով, և, տեսնելով, որ ինքնասպանը որոշել է ի կատար ածել իր սպառնալիքը, վազեց` ձեռքերի մեջ սեղմած փրկարար սավանի ծայրը: Այն պատճառով, որ երիտասարդ հրշեջը վեցից ամենաուժեղն էր, նա իր ետևից սավանի հետ քարշ էր տվել մնացած հինգին, և այն պահին, երբ ինքնասպանը` դժբախտ մի ուսանող, ինչպես գրում է թերթը, ով այդքան երկար մնացել էր քիվի վրա, ընկել էր բակի առմուտքի մոտ և ջարդուփշուր էր եղել, տարբեր աստիճանի վնասվածքներ ստանալով: Դատարանը, որի առջև կանգնել էր հրշեջը, ով առաջինն էր վազել` իր ետքից քարշ տալով սավանը, ինչպես արդեն ասացինք, ամենաջահելը և ուժեղն էր, և հենց նա կանգնեց դատարանի առաջ, որպես գլխավոր մեղադրյալ: Դատարանը չկարողացավ քամահրել նրա բացատրությունները և արդարացրեց ինչպես այդ հրշեջին, այնպես էլ մնացած հրշեջներին, թեպետ, ինչը որ բնական է, այդպես էլ մինչև վերջ չհամոզվեց նրա անմեղության մեջ: Կրեմսի հրշեջ խումբն արդեն մի քանի տասնամյակ համարվում է լավագույնը ողջ աշխարհում:
ՔԱՐԱՆՁԱՎ ՀԵՏԱԶՈՏՈՂՆԵՐԸ
Այսպես կոչված, քարանձավ հետազոտողները, ովքեր քարանձավ հետազոտելու գործընթացը դարձրել էին իրենց ողջ կյանքի գործը և միշտ վիթխարի հետաքրքրություն էին հարուցում մայրաքաղաքային հասարակության մեջ, որ փայլփլուն ամսագրեր էր կարդում, վերջերս հետազոտել էին մի քարանձավ, որ տեղակայված էր Տակսենբախի և Շվարցախի միջև, որը, ինչպես մենք իմացանք թերթից, մինչև այժմ չհետազոտված էր մնացել: Ինչպես հաղորդում էր «Զալցբուրգեր Ֆոլկսբլատը», օգոստոսի վերջին և իդեալական եղանակային պայմաններում քարանձավ հետազոտողները ներթափանցել էին հենց այդ քարանձավը սեպտեմբերի կեսերին`այնտեղից դուրս գալու հաստատակամ մտադրությամբ: Վրա հասավ սեպտեմբերի վերջը, իսկ քարանձավ հետազոտողներն այդպես էլ քարանձավից չվերադարձան, և այդժամ փրկարարների բրիգադը, որ հատուկ կազմավորվել և քարանձավ հետազոտողների փրկարարների անունն էր վաստակել, ուղևորվեց քարանձավ, որպեսզի օգնության հասնի քարանձավ հետազոտողներին, ովքեր քարանձավում էին գտնվում դեռ օգոստոսի վերջից: Սակայն և այդ քարանձավ հետազոտողների փրկարարների բրիգադը հոկտեմբերի կեսերին այդպես էլ քարանձավից դուրս չեկավ, ինչը որ զալցբուրգյան երկրաբանական ղեկավարությանը դրդեց քարանձավ ուղարկել քարանձավ հետազոտողների փրկարարների երկրորդ բրիգադը:
Քարանձավ հետազոտողների փրկարարների երկրորդ բրիգադը բաղկացած էր զալցբուրգյան երկրամասի ամենապինդ և խիզախ տղամարդկանցից և զինված էր ամենաժամանակակից տեխնիկայով, այսպես կոչված, քարանձավներում փրկելու ամենաժամանակակից հանդերձանքով: Այս բրիգադը, ինչպես և առաջինը, մտավ քարանձավ պլանավորված օրը, բայց նույնիսկ դեկտեմբերի սկզբին այդպես էլ քարանձավից դուրս չեկավ: Այդժամ Զալցբուրգի երկրաբանական կառավարությունը, որ զբաղված էր քարանձավների հետազոտմամբ, Պոնգայի շինարարական ֆիրմային հանձնարարեց Տակսենբախի և Շվարցախի միջև ընկած քարանձավը զմռսել, ինչը որ անմիջապես ի կատար ածվեց դեռ մինչև Նոր տարվա գալուստը:
ՍՐԱՄԻՏ ԵՎ ԹՈՒԼԱՄԻՏ
Աշխարհով մեկ հայտնի ֆրանսիացի մի փիլիսոփա, ում տասնամյակներ շարունակ համարում էին իր ժամանակի ամենանշանակալից փիլիսոփաներից մեկը, Մոսկվայից վերադառնալիս, ուր նրան հրավիրել էր Գիտությունների ակադեմիան, գնաց Վիեննա, որպեսզի այնտեղի ակադեմիայում հանդես գա նույն զեկույցով, որով նա արդեն հանդես էր եկել Մոսկվայում: Նրա զեկույցից հետո ես եղա Վիեննայի Գիտությունների ակադեմիայի անդամ երկու պրոֆեսորների մոտ, ովքեր նույնպես, ինչպես և ես, լսել էին ֆրանսիացի փիլիսոփային: Նրանցից մեկին և զեկույցը, և զեկուցողը բավական սրամիտ էին թվացել, իսկ մյուսին` բավական թուլամիտ, ընդ որում, երկուսն էլ կարողացան շարադրել իրենց կարծիքը` ինչպես ապացուցողաբար, այնպես էլ` հանգամանալից:
ՓՈԽԱՆԱԿՈՒԹՅՈՒՆ
Մտածողը` նրանցից, որոնց մասին ասում են, թե իբր նրանք մտածում են կեսօրին, մտածում են գիշերը և մտածում են նույնիսկ քնած ժամանակ, մի անգամ եկավ Ֆեկլաբրուկ և, տեղեկանալով կենտրոնական հրապարակում քաղաքում ամենաառաջնակարգ հյուրանոցի մասին, կանգ առավ բոլոր առումներով հանրահայտ «Ցախաքլոր» հյուրանոցում, որ, ինչպես ասում են, Ավստրիայում լավագույն խոհանոցն է: «Ցախաքլորը» չհիասթափեցրեց նույնիսկ այդպիսի մտածողին, ընդհակառակը, ուտելիքներն ու ըմպելիքները բազմիցս գերազանցեցին իր սպասումները, և նա, չկարողանալով իր մղումը զսպել, տիրոջն իր սեղանի մոտ հրավիրեց մեն մի նպատակով` նրան արժանին մատուցելու: Այն բանից հետո, որ մտածողը կյանքում առաջին անգամ գովասանքների տարափ տեղաց, հյուրանոցի տիրոջը դրանց արժանացնելով, հանկարծ նրա գլխում մի միտք հղացավ` ավելի լավ չէ՞ այսուհետ հյուրանոցի տիրոջ կյանքով ապրել, այլ ոչ թե մտածողի, և հանկարծ «Ցախաքլորի» տիրոջն առաջարկեց, թե արդյո՞ք նա չի կամենա իր հետ տեղերով փոխվել: Մտածողը դեռ խոսքը չէր ավարտել, իսկ «Ցախաքլորի» տերն արդեն պատրաստակամորեն համաձայնվեց փոխանակությանը: Եվ ահա հյուրանոցի տերը լքեց «Ցախաքլորը» և ուղևորվեց ճամփորդելու, կարծես թե նա մտածող լիներ, իսկ մտածողը մնաց «Ցախաքլորում», կարծես թե դրա տերը լիներ: Այդ պահից ի վեր նրանք երկուսն էլ ոչ մի բանի պիտանի չէին` ոչ հյուրանոցի տերը, ոչ էլ մտածողը:
ՀԻԱՆԱԼԻ ՏԵՍԱՐԱՆ
Գրոսգլոկներ բազմաժամ վերելքից հետո երկու ընկերությամբ կապված Գեթինգենի համալսարանի պրոֆեսորներ, որ գիշերելու համար կանգնել էին Հայլիանբլոտ վայրում, հասան վերնամասի հարթատեղում տեղադրված հեռադիտակին: Եվ թեպետ երկուսն էլ կասկածամիտ էին, նրանք, ինչը որ բնական է, չկարողացան, տեղ հասնելով, ուր դրված էր հեռադիտակը, չհիանալ լեռնաշխարհի գեղեցկությամբ և սկսեցին իրար զիջել հեռադիտակի մոտ լինելու տեղը, որպեսզի հետո խուսափեն այն կշտամբանքներից, թե իբր իրենցից մեկը լկտիորեն առաջինն է գրավել այդ տեղը: Վերջապես այս երկուսը համաձայնության եկան, և ավագը, ավելի կրթվածը և, ինչը բնական է, ավելի հարգալիցը, առաջինը նայեց հեռադիտակով, և տեսածից ցնցվել էր: Իսկ երբ հեռադիտակին մոտեցավ նրա գործընկերը, ապա, հազիվ հեռադիտակով նայեց, ականջ ծակող ճիչ արձակեց ու մահացու վիրավորված վայր ընկավ: Այդքան տարօրինակ կերպով մահացած պրոֆեսորի ողջ մնացած ընկերը, բնականաբար, մինչև այժմ փորձում է հասկանալ, թե ինչ է իրականում այդ օրը տեսել իր գործընկերը, չէ՞ որ նույն բանը նա հաստատ չէր կարող տեսնել:
ԿԱՏԱԿԸ ՄԻ ԿՈՂՄ
Կատակերգակ դերասանը, ում ելույթների ժամանակ դահլիճներում սովորաբար ոչ մի ազատ տեղ չէր մնում, տասնամյակներ շարունակ իր հացը վաստակում էր այն բանով, որ ծիծաղեցնում էր մարդկանց: Նա Բավարիայից եկած տուրիստների ուրախությունն էր, ովքեր նրան գտան Զալցբուրգի կենտրոնում, ձիերի, այսպես կոչված, ջուր խմելու համար նախատեսված վայրի կողքի ժայռի կատարին: Կատակերգու դերասանն ավանական կաշվե անդրավարտիք հագած, գլխին` տիրոլյան գլխարկ, տուրիստների խմբին հայտարարեց, որ մտադիր է հենց հիմա վայր նետվել, ինչը որ տեղնուտեղը, ինչպես և հարկ էր սպասել, հռհռոցի ալիք առաջացրեց: Դերասանը դրան ի պատասխան` կարծես թե ասաց` «կատակը մի կողմ», և իսկապես տեղնուտեղը ժայռից իրեն վար նետեց:
ԳԵՐԱԶԱՆՑԵՑԻՆ
Ընտանիքի հայրը, ում շրջապատող բոլորը տասնամյակներ շարունակ փառաբանում էին ընտանիքի իդեալներին արտասովոր հավատարմության համար, մի շաբաթ երեկո, իհարկե, շատ հեղձուցիչ պահի, իր վեց երեխաներից չորսին սպանեց, կանգնեց դատարանի առաջ և ի արդարացում` հայտարարեց, որ երեխաներն այդ քանակությամբ գերազանցեցին խելամտության բոլոր սահմանները:
ՀԻԱՍԹԱՓՎԱԾ ԱՆԳԼԻԱՑԻՆԵՐԸ
Մի քանի անգլիացի Արևելյան Տիրոլից մի լեռնագնացի թակարդն ընկան և նրա հետ ելան երեք բարձունքներից ամենաբարձր գտնվողը, նրանք խորապես հիասթափված էին այն համայնապատկերից, որ նրանց առաջ փռել էր բնությունը, և հենց լեռան կատարին, առանց երկար մտածելու, սպանեցին իրենց ուղեկցորդին, ընտանիքի հորը, ում խնամքի տակ երեք երեխա էր և, այսպես ասած, մի խուլ կին: Երբ նրանք գիտակցեցին, թե ինչ են իրականում արել, ապա մեկը մյուսի ետևից նետվեցին անդունդը: Ինչպես այդ իրադարձության մասին գրեց բիրմինգհեմյան թերթերից մեկը, Բիրմինգհեմը կորցրեց իր ամենաերևելի թերթ հրատարակողին, իր ամենահիանալի բանկի կառավարչին և իր ամենակարգին դագաղագործին:
ՀԱՋՈՂ ՀԱՄԵՐԳ
Այսպես կոչված, Կամերային երաժշտության ընկերությունը, որ հայտնի էր այն բանով, որ լոկ հինավուրց երաժշտություն էր կատարում օրիգինալ հնամենի գործիքներով և իր ծրագրի մեջ էր մտցնում միայն Ռոսսինի, Ֆրեսկոբալդի, Վիվալդի և Պերգոլեզի, համերգ էր տալիս հին դղյակում` Ատերզեեում մինչ այդ չտեսնված հաջողությամբ: Ծափերը դադարեցին լոկ այն պահին, երբ արդեն նվագախումբը բան չուներ նվագելու: Եվ միայն հաջորդ առավոտյան պարզվեց այն հանգամանքը, որ նրանք նվագել են խուլուհամրերի համար:
ԳԻՏԱԿԱՆ ՀԱՅՏՆԱԳՈՐԾՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀԱՄԱՐ
Հանկարծակի խելքը թռցրած վարսավիրը, ով իր լոնդոնյան սալոնում վտանգավոր ածելիով կտրել էր ինչ-որ հերցոգի գլուխը, իբր թե արքայական ընտանիքի անդամի, և հիմա գտնվում է Ռեդինգի գժանոցում` նախկինում դա փառաբանված Ռեդինգի բանտն էր, ըստ լուրերի, վերջերս հայտարարել էր, որ իր գլուխը կտրամադրի հենց գիտական հայտնագործությունների համար, որոնք, ըստ իր կարծիքի, Ստոքհոլմյան ակադեմիան կարժանացնի Նոբելյան մրցանակի, ընդ որում, մի ութ, ամենաշատը` տասը տարուց:
ՄՈՈՍՊՐՈՒԳԵՐԻ ՄՈԼՈՐՈՒԹՅՈՒՆԸ
Պրոֆեսոր Մոոսպրուգերն ասաց, թե իբր ուղևորվել էր Արևմտյան կայարանում դիմավորելու իր գործընկերոջը, ում նա ծանոթ էր միայն նամակագրությամբ: Բայց իրականում նա սպասում էր տեսնել ամենևին էլ ոչ այն մարդուն, ով իրոք եկել էր Արևմտյան կայարան: Երբ ես Մոոսպրուգերին բացատրեցի, որ միշտ է այդպես լինում` միշտ գալիս է ինչ-որ մեկ ուրիշը, այլ ոչ թե նա, ում մենք սպասում ենք տեսնել, նա վեր թռավ և գնաց մեն մի նպատակով` խզել բոլոր ծանոթությունները, որոնք հայտնվել են իր ողջ կյանքի ընթացքում, և ընդմիշտ դրանցից հրաժարվել:
ՓՈՍՏԸ
Մեր մոր մահից հետո փոստը մի քանի տարի շարունակ շարունակում էր տեղ հասցնել նրան հասցեագրված նամակները: Նրա մահը փոստը հաշվի չէր առել:
ԿԱՏԱԿԵՐԳՈՒԹՅՈՒՆ
Մի թատրոնում չորս դերասան տարվեցին ինքնուրույն կատակերգություն գրելու գաղափարով, որովհետև կատակերգություն հորինողների ստեղծագործությունները նրանց օրեցօր ավելի նողկալի և տաղտկալի էին թվում, և ահա նրանք տեղնուտեղը գործի անցան, բայց գրում էին, բնականաբար, միայն իրենց մասին, թեև նախօրոք պայմանավորվել էին, որ յուրաքանչյուրը, իբր, կգրի իր համար մի դեր կատակերգության մեջ, որը նրանք հիմնավոր և իրոք շաբաթներ ձգձգվող խորհրդածություններից հետո, այդպես էլ այլ բան չմտածելով, անվանեցին «Հեղինակը», և ահա երեք ամիս անց նրանք այն ներկայացրին բեմի վրա: Ինչպես հաղորդվում է, նույնիսկ այս հեղինակին լրիվ ձախողում էր սպասում:
ՆԱԽԱԶԳՈՒՇԱՑՈՒՄ
Անցյալ տարի մի վաճառական Կոբլենցից իրականացրեց իր կյանքի երազանքը` տեսնել Գիզայի բուրգերը, բայց բուրգերը զննելուց հետո ուղևորությունը Եգիպտոս կոչեց իր կյանքի մեծագույն հիասթափությունը, որ ինձ համար հեշտ է հասկանալը, չէ՞ որ ես ինքս անցյալ տարի եղել եմ Եգիպտոսում, և ինձ հիասթափեցրել էին հենց բուրգերը: Ինձ, իհարկե, հաջողվեց շատ շուտով ազատվել այդ զգացողությունից, իսկ վաճառականը Կոբլենցից իր հիասթափության համար որոշեց վրեժ լուծել` մի քանի ամիս շարունակ նա տեղադրում էր բազում էջերով հայտարարություններ Գերմանիայի, Շվեյցարիայի ու Ավստրիայի ամենաազդեցիկ թերթերում, կոչ անելով բոլորին, ով պատրաստվում էր Եգիպտոս գնալ, հրաժարվել բուրգերը նայելուց և ամենից առաջ Քեոփսի բուրգից, որ նրան մինչև հոգու խորքը հիասթափեցրել էր: Տպագրելով ադ հակաեգիպտական և հակաբրգային հայտարարությունները, ինչպես նա ինքն էր դրանք անվանում, վաճառականը կարճ ընթացքում ծախսեց իր ողջ կարողությունը և ծայրահեղ չքավորության մեջ ընկավ: Նրա հայտարարությունները, բնականաբար, սպասվող ներգործությունը չունեցան նրանց վրա, ով պատրաստվում է Եգիպտոս գնալ, ընդհակառակը` Եգիպտոս գնացողների թիվը կրկնապատկվեց:
ՄՏԱՎ
Տասնմեկ տարի առաջ մտավ Ավստրալիա, իսկ տասը տարի հետո դարձյալ վերադարձավ իր հայրենիք` Շտիրիա, իմ վաղեմի համադասարանցին, ով կես տարի առաջ դարձյալ լքեց Շտիրիան, թեպետ հիանալիորեն գիտեր, որ նորից կվերադառնա և կմտնի Ավստրալիա և կվերադառնա Շտիրիա մինչև այն պահը, մինչև որ կամ Ավստրալիայում, կամ Շտիրիայում կկնքի իր մահկանացուն: Իր ժամանակին նրա հայրը, ով կրտսեր բժիշկ էր Մելտալից, նա, ով իմ հոր հետ էր սովորել դպրոցում, ամենաքիչը քսան անգամ տեղափոխվում էր Կարինտիայից Շտիրիա, մինչև որ իր հավերժական հանգիստը գտավ Կարինտիայում հին դարբնոցում, որ իր վերջին կացարանը դարձավ, ուր նա կախվեց առաջին պատահած երկաթե կեռաձողից` Շտիրիայի կարոտից, նույնիսկ չմտածելով կնոջ ու երեխաների մասին, ինչպես կշտամբանքով ասում էին մարդիկ նրա մահից հետո և այնուհետև` տարիներ շարունակ:
ԿՅԱՆՔԻՑ ԿՏՐՎԱԾ
Ոմն ատաղձագործ Մարիա-Զաալ քաղաքավանից (Կարինտիայում ուխտագնացության հանրահայտ վայր). սկսեց գրականությամբ զբաղվել ի բնե օժտված մի կոմպոզիտորի ազդեցության տակ, մենք նույնպես մի քանի տարի շարունակ համարում էինք, որ երկրորդ այդպիսի հանճար պարզապես չկա, և նա սկսեց բանաստեղծություններ և փոքրիկ կատակերգություններ գրել, որոնք, նրանց տեսանկյունից, ում ձեռքն էին ընկնում այդ բանաստեղծություններն ու կատակերգությունները, մի կողմից` ընթերցելու համար պիտանի չէին, մյուս կողմից` պիտանի չէին բեմադրելու համար, այն պարզ պատճառով, որ դրանք ոչ ոք չէր հասկանում, և ահա այդ ատաղձագործն անհայտությունից հուսահատության մեջ ընկավ և այն օրը, երբ լրացավ նրա քսաներկու ամյակը, նետվեց Պենգզեե լիճն ու խեղդվեց: Տեղական թերթի փոքրիկ նշագրության մեջ, այն բանից հետո, երբ հայտնաբերեցին նրա մարմինը, առանձնահատուկ շեշտվում էր նրա կտրվածությունը կյանքից:
ԴԵ ՕՐԻՈՆ
Գրանսբերգ լեռան վրա, որ Գմունդենի ծայրամասերում է, հայտնաբերվել էր իտալական անձնագրով մի տղամարդ, ով վստահեցնում էր, որ ծնունդով նա Ռայդելմյուլե գյուղից է, որ տեղակայված է հենց լեռան ստորոտին, ինչին որ ոստիկանները, բնականաբար, չհավատացին, բայց, քանի որ նա մինչև ուղնուծուծը դողում էր, նրան սկզբի համար թույլատրեցին տաքանալ Շախինգեր պանսիոնատում, Ռայնդելմյուլեում:
Անձնագրով այս մարդուն կոչում էին Դե Օրիո, բայց նա հայտարարեց, որ իր իսկական ազգանունը Պրուստեր է, և, որ մոտավորապես 1907 թվականին, երբ նա դեռ ութ տարեկան էլ չկար, նա հեռացել էր թափառիկ կրկեսի հետ, որ հանդես էր գալիս Ռայդելմյուլե գյուղում: Կրկեսը սկզբում ուղևորվեց Չեխիա, իսկ հետո` Լեհաստանի և Ռումինիայի միջով` Իտալիա, և նա ի վերջո մնաց այդ կրկեսում: Երկրորդ համաշխարհային պատերազմի շեմին, իսկ ավելի ճիշտ, ասաց նա, 1937 թվականին, երբ նա արդեն վաղուց երեսունն անց էր, նա կրկեսի հետ դարձյալ եկավ Վերին Ավստրիա, Տրաուն լճի շրջանը, կրկեսն այն ժամանակ իրոք հանդես էր գալիս Ռայնդելմյուլեում:
Սակայն, շարունակում է տղամարդը, նա շարունակում էր անճանաչելի մնալ, նա Ռայնդելմյուլեում մնալու ոչ մի ցանկություն չուներ, և դարձյալ կրկեսի հետ հեռացավ, այս անգամ` Հունգարիա և Մակեդոնիա: Եվ միայն այժմ, այսպես ասած, իր կյանքի մայրամուտին, նա խիզախեց այս դժվար ճամփորդությունը կատարել և վերադառնալ Ռայնդելմյուլե: Շատ շուտով ոստիկանները կարողացան համոզվել նրանից ստացված բոլոր տեղեկությունների արժանահավատության մեջ, ով անձնագրով իտալացի էր, իսկ իրականում` Ռայնդելմյուլեից: Ինչպես հընթացս պարզվեց, այս գյուղի բնակիչները երկար ժամանակ չէին կասկածում, որ փոքրիկ Պրուստերն ընկել է փոթորկալից Աոուրախ գետը, և, որ հոսանքը տարել է նրան:
ԼՈՒՍԱՆԿԱՐԻՉՆԵՐԸ
Էբենզեե վայրում մի քանի տարի առաջ հայտնվեց մի լուսանկարիչ, ում մասին հենց առաջին օրվանից լուր տարածվեց, թե իբր նա երկար տարիներ անցկացրել է բանտում` Իշլից տասներեք տարեկան մի տղայի բռնաբարելու համար:
Բնականաբար, Էբենզեեում ոչ մեկը չգտնվեց, ով կկամենար այդ լուսանկարչի մոտ մտնել: Նա մեծ շահույթ էր սպասում կամ գոնե տանելի աշխատավարձ հենց Էբենզեեում, ուր կլոր տարի հարսանիքներ էին լինում, սակայն նա ստիպված եղավ փակել լուսանկարչատունն ու դարձյալ հեռանալ: Այդ լուրի մեջ դույզն-ինչ ճշմարտություն չկար, իսկ տարածել էր դա Շտրյոսները, որ լուսանկարիչ էր Տրաունկիրխենից: Շտրյոսները վերջերս մեզ հայտնեց, որ իր գործընկերն ինքնասպան է եղել, բայց ինչպես, դա, իբր, հայտնի չէ:
ՎԵՐԱԴԱՐՁԵԼ Է
Եթե տեղի թերթերը գրում էլ են այս տեղերում ծնված երևելի նկարչի մասին, ով համաշխարհային համբավ ունի, նրանք միշտ նրան կոչում են որոշակի տեսակի նկարիչ, դրանով նրան իր հայրենի վայրերում ավելի վնաս հասցնելով, քան, եթե ուղղակի գրեին, թե ճշմարտապես և իրականում ինչ էին նրա մասին մտածում, ում ատում են ինչպես և ոչ ոքի և կատեն մինչև նրա մահը` այն բանի համար, որ նա ծնվել է իրենց երկրում և պատկանում է իրենց սերնդին, որ այդքան քիչ է նշանակալից բաներ ստեղծել:
Մի անգամ նա լքեց նրանց հանուն արվեստի և գիտության և այդ պահից ի վեր անխոնջ ստեղծագործական աշխատանքով մշտապես ապացուցում է նրանց ոչնչությունն ու իր մեծությունը, իսկ դա նրան չեն ներում: Նրանց աչքին նա փոփոխման չենթակա հերձվածող է, և գրում են նրա մասին այստեղ լոկ այն պատճառով, որ այլ կերպ չեն կարող, չէ՞ որ ողջ աշխարհն արդեն իր մասին գրում է, բայց ինչ էլ որ նրանք գրեն, նրանք կոխում են նրան կեղտի մեջ։ Եվ չեն նկատում, թե ինչպես հենց իրենք ավելի ու ավելի խորն են թաղվում այդ կեղտի մեջ: Իրենց նախանձով և ատելությամբ նրանք ընկերոջս քշեցին Ավստրալիա, Նյուքասլ, ուր նա լիովին նվիրվեց գիտությանը: Երբ շատ տարիներ առաջ, հայրենիքի կարոտից ուժասպառ, նա ինձ հայտնեց, որ ուզում է լքել Նյուքասլը և վերադառնալ հայրենիք, ես նրան անմիջապես հեռագրեցի, նախազգուշացնելով վերադարձից, և նախազգուշացրի, որ իր հայրենիքն իրականում գեհենի ամենաստորին աստիճանում է, ուր ոգին անդադար ենթարկվում է բամբասկոտ հարձակումների, իսկ արվեստն ու գիտությունը վերացնում են, և, որ վերադարձը կլինի իր համար կործանարար: Նա իմ խորհրդին չհետևեց: Այժմ նա` մահացու հիվանդ մարդ է, ում համար «Շայնհոֆ» գժանոցը երկակի տարիներ ի վեր միակ և սարսափելի կացարանն է:
Ռուսերենից թարգմանեց ՎԱՐԴԱՆ ՖԵՐԵՇԵԹՅԱՆԸ