Թոմաս Բերնհարդ

Ձայներ նմանակողը
(մանրապատումների գրքից)

Համսունը

Ինչ-որ տեղ Օսլոյի մոտ մենք ծանոթացանք մի վաթսուն տարեկան մարդու հետ, որ մեզ ինչ-որ բաներ պատմեց ծերանոցի մասին, որի մասին մենք կարդացել էինք Համսունի մոտ, նրա գրառումներում այնտեղ անցկացրած իր վերջին տարու մասին` այդ մարդն աշխատել էր ծերանոցում հենց այդ ժամանակ, երբ այնտեղ էր գտնվում մեծագույն նորվեգացի գրողը: Ինչ-որ տեղ Օսլոյի մոտ, հյուրանոցի ռեստորանում, ուր մենք մի քանի օր գիշերել էինք, այդ ուրբաթ օրվա երեկոյան, բնականաբար, հատկապես աղմկոտ էր, և լռակյաց մարդն արդեն վաղուց իր վրա էր բևեռել մեր ուշադրությունը:

Նստելով նրա սեղանի շուրջ, մենք ասացինք մեր անունները, և նա մեզ պատմեց, որ ինքը փիլիսոփայության նախկին ուսանող է, այլ տեղերից զատ, չորս տարի Գեթինգենում: Իսկ մենք, այն է, որոշել էինք, թե նա նորվեգական նավի կապիտան է, և նստել էինք նրա մոտ` հուսով, թե ինչ-որ բան կիմանանք ծովային նավագնացության մասին, այլ ոչ թե փիլիսոփայության, չէ՞ որ մենք հենց դրանից էինք փախել Կենտրոնական Եվրոպայից դեպի հյուսիս:

Սակայն մարդը մեզ փիլիսոփայությամբ չէր խեղդում, այլ պատմեց, որ իրականում մեկ էլ թողեց փիլիսոփայությունը, և քսանյոթ տարեկանում իրեն նվիրաբերեց ծերերի խնամքին: Այդ որոշման համար նա չի փոշմանել: Աշխատանքի հենց առաջին օրը նա ծերերից մեկին օգնեց մահճակալից ելնել, փոխեց նրա տեղաշորը և նորից պառկեցրեց: Այդ ծերուկը, պարզվեց, Համսունն է: Մեր նոր ծանոթը և մի քանի ամիս Համսունին դուրս էր բերում, ծերանոցի ետևում գտնվող այգին, և գյուղում նրա համար առնում էր հենց այն մատիտները, որոնցով Համսունը գրել էր իր վերջին գիրքը: Նա առաջինն էր, ով տեսել էր մահացած Համսունին: Բնականաբար, նա գաղափար անգամ չուներ, թե ով է Համսունը, երբ սավանով ծածկեց մահացածի դեմքը:

Ձայներ նմանակողը

Ձայներ նմանակողը, ով երեկ երեկոյան Վիրաբուժական ընկերության հյուրն էր, ելույթից հետո Պալավիչինի ապարանքում, ուր էլ հենց նրան հրավիրել էր հենց այս Վիրաբուժական ընկերությունը, համաձայնվեց ուղևորվել Կալենբերգի վրա գտնվող մեր տուն, որպեսզի մեզ մոտ ևս, ուր արվեստի մարդկանց համար դռները միշտ բաց են, ցուցադրի իր վարպետությունը, բնականաբար, հատուկ հոնորարով: Մենք խնդրեցինք ձայներ նմանակողին, ով Անգլիայում էր ծնվել, Օքսֆորդում, բայց դպրոց էր հաճախել Լանդսգուտում և սկզբնապես զբաղվել էր զինագործությամբ Բերխդեսգադենում, չկրկնել Կալենբերգում իր նախկին ծրագիրը, այլ մեզ միանգամայն այլ բան ցուցադրել, Վիրաբուժական ընկերությանը չներկայացրածը, և կնշանակի` Կալենբերգում նմանակել բացարձակապես այլ ձայներ, քան Պալավիչինի ապարանքում, և նա մեզ, իսկ մենք հիացած էինք Պալավիչինիում նրա ելույթից, խոստացավ: Եվ իրոք, նմանակողը Կալենբերգում մեզ համար միանգամայն այլ ձայներ նմանակեց, ավելի կամ նվազ հայտնի ձայներ: Մենք նույնիսկ ձայներ էինք պատվիրում, իսկ նմանակողը հաճույքով կատարում էր մեր ցանկությունները: Իսկ ահա, երբ մենք նրան հետո առաջարկեցինք նմանակել իր իսկ ձայնը, նմանակողը պատասխանեց, որ ինքն ի վիճակի չէ դա անելու:

Պիզան և Վենետիկը

Պիզայի և Վենետիկի քաղաքագլուխները մտադրվեցին ապշեցնել եկվորներին, որոնք հարյուրամյակների ընթացքում միատեսակ հիացմունքի մեջ էին ընկնում ինչպես` Պիզայից, այնպես էլ` Վենետիկից, ինչ-որ գերանսպասելի բանով` որոշեցին վերցնել ու գաղտնի տեղափոխել Պիզայի աշտարակը Վենետիկ, իսկ Կամպանիլան Վենետիկից` Պիզա, և դրանք այդպես տեղադրել: Սակայն իրենց ծրագրերը գաղտնի պահել նրանց չհաջողվեց, և հենց այդ գիշեր, երբ նրանք պատրաստվում էին Պիզայի աշտարակը տեղափոխել Վենետիկ, իսկ վենետիկյան Կամպանիլան` Պիզա, նրանց տարան գժանոց, ընդ որում, բնականաբար, Պիզայի քաղաքագլխին` Պիզայի գժանոց, իսկ Վենետիկի քաղաքագլխին` Վենետիկի գժանոց: Իտալական իշխանությունները կարողացան այդ հարցը լուծել միանգամայն գաղտնաբար:
Շարունակելի

Ռուսերենից թարգամանեց ՎԱՐԴԱՆ ՖԵՐԵՇԵԹՅԱՆԸ

Տեսանյութեր

Լրահոս