Բաժիններ՝

«Անհրաժեշտ է գտնել մի գաղափար, որի համար ձեզ կվճարեն». Շոն Գրիֆին

Նոր ընկերություն ստեղծելու համար անհրաժեշտ է տեսնել հնարավորությունները, թե կոնկրետ ինչ ապրանքի կամ ծառայության համար են մարդիկ պատրաստ գումար վճարել: Այսինքն՝ գտնել մի գաղափար, որն իրենից արժեք կներկայացնի, և որի իրագործման համար ձեզ կվճարեն: Այս մասին 168.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց StartUp Cup-ի հիմնադիր և գլխավոր գործադիր տնօրեն Շոն Գրիֆինը:

Նրա խոսքով՝ մարդկանց 69 տոկոսն ունի բիզնես գաղափար, սակայն նրանց ընդամենը 1 տոկոսն է հետագայում նոր բիզնես սկսում: Դա, իհարկե, ըստ նրա` այդքան էլ վատ չէ, սակայն, եթե հաշվի առնենք, որ՝ տոկոսային հարաբերությամբ, ապա դա 2 տոկոսից էլ քիչ է: Օրինակ, ԱՄՆ-ում տարեկան մոտ 500000 նոր ընկերություններ են ստեղծվում, որոնց ընդամենը 2 տոկոսն է տարեվերջին հաջողակ ընկերություն դառնում:

Ըստ Շ. Գրիֆինի`Հայաստանում և ընդհանրապես աշխարհում տեղեկատվական տեխնոլոգիաները տնտեսության զարգացման և մրցունակության համար կարևոր բաղադրիչ են հանդիսանում, դա է պատճառը, որ որոշ երկրներ լուրջ ուշադրություն են դարձնում ՏՏ ոլորտին և ընդհանրապես այդ ոլորտի մասնագետների պատրաստմանը: «Ներկայում ընկերությունները լուրջ մարտահրավերներ ունեն: Այսօր տեխնոլոգիական մասնագետների լուրջ պահանջարկ կա,  անհրաժեշտ է դրան ուշադրություն դարձնել՝ մրցակցությունից դուրս չմնալու համար»,- ասաց Շ. Գրիֆինը: Ըստ նրա՝ Հայաստանում բիզնես սկսելու բազմաթիվ հնարավորություններ կան, ինչը, սակայն, այստեղ ապրող մարդիկ երբեմն չեն նկատում:

«Բիզնես սկսելու համար չկա ավելի լավ վայր, քան Հայաստանն է, գուցե միայն Սիլիկոնային հովտում»,- ասաց Շ. Գրիֆինը՝ ավելացնելով, որ ինչպես Հայաստանում, այնպես էլ աշխարհի ցանկացած երկրում մարտահրավերներ կան, և իրականում բիզնես սկսելու լավ հնարավորություններ կան, որոնք պարզապես անհրաժեշտ է նկատել:

Կարդացեք նաև

Այդ հնարավորությունները չտեսնելու հնարավոր պատճառներից, ըստ Շ. Գրիֆինի՝ կարող է լինել այն, որ մարդիկ շատ չեն շրջագայում և տեղյակ չեն, թե ինչ է կատարվում դրսում: Սակայն մշտապես ծանոթ լինելով շուկայի տենդենցներին և կայուն շուկաների փորձին` կարելի է ոչ միայն կրկնօրինակել այն, ինչ կա, այլ նաև միշտ էլ նոր բան ստեղծել:

«Պետք է այս հնարավորությունները նկատելու հավանականությունը մաքսիմումի հասցնել՝ նոր և շահավետ բիզնես ստեղծելու և հաջողակ ընկերություն ունենալու համար»,- ասաց Շ. Գրիֆինը: Ըստ նրա` Հայաստանում հնարավորություններ կան տեղեկատվական տեխնոլոգիաների և տուրիզմի բնագավառներում, որոնք երկուսն էլ, ի դեպ, արդեն երկար տարիներ Հայաստանում համարվում են տնտեսության գերակա ճյուղ:

Շ. Գրիֆինը նշում է նաև, որ ցանկացած բիզնես գաղափարի հաջողության հիմքում ընկած է ոչ միայն գաղափարի յուրահատկությունը, այլև՝ թիմի առկայությունը, որն իրագործում է այդ գաղափարը:

«Անհրաժեշտ է թիմի այնպիսի ղեկավար, որը կօգնի իր թիմի անդամներին՝ իրենց պոտենցիալը բացահայտելու և դրանք արդյունավետ օգտագործելու, գաղափարի իրագործման համար»,-ասաց StartUp Cup-ի հիմնադիրը:

Նշենք, որ սեպտեմբերի 22-23-ը Հայաստանի ամերիկյան համալսարանում մեկնարկեց Հայաստանի ստարտափների առաջնությունը` Armenia StartUp Cup-ը:

StartUp Cup բիզնես մոդելների մրցույթի նպատակն է՝ խրախուսել գործարար StartUp-ները և խթանել նոր կազմակերպությունների մուտքը շուկա: Այն հիմնվում է նախաձեռնողական և տեղի ներուժի օգտագործման սկզբունքների վրա և հնարավորություն է տալիս մրցույթին ներկայացնել ցանկացած բիզնես-գաղափար:

Հայաստանի StartUp Cup-ին ներկայացված էին ամենատարբեր գաղափարներ՝ Հայաստանի գործարարների համար սոցիալական ցանցի ստեղծումից՝ մինչև յուրահատուկ բժշկական նպատակներով ստեղծվող պանրի տեխնոլոգիայի մշակում: StartUp Cup-ի մասին մանրամասներն՝ այստեղ.

 

 

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս