Բաժիններ՝

Որքան շատ StartUp կա երկրում, այնքան հավանականությունն ավելի մեծ է, որ դրանցից մեկը կդառնա facebook, amazon կամ google

StartUp Cup-ի հիմնադիրներն արդեն ժամանել են Երևան: Նրանք Երևանում վարելու են Build-A-Business Weekend (Կառուցիր բիզնես) երկօրյա սեմինարը:

Այսօր՝ սեպտեմբերի 22-ին, Հայաստանի ամերիկյան համալսարանում մեկնարկեց Հայաստանի ստարտափների առաջնությունը՝ Armenia StartUp Cup-ը:

StartUp Cup բիզնես մոդելների միցույթի նպատակն է խրախուսել գործարար StartUp-ները և խթանել նոր կազմակերպությունների մուտքը շուկա: Այն հիմնվում է նախաձեռնողական և տեղի ներուժի օգտագործման սկզբունքների վրա և հնարավորություն է տալիս մրցույթին ներկայացնել ցանկացած բիզնես-գաղափար:

Հայաստանի StartUp Cup-ին ներկայացված էին ամենատարբեր գաղափարներ՝ Հայաստանի գործարարների համար սոցիալական ցանցի ստեղծումից մինչև յուրահատուկ բժշկական նպատակներով ստեղծվող պանրի տեխնոլոգիայի մշակում:

Կարդացեք նաև

«Որքան շատ StartUp կա երկրում, ապա այնքան հավանականությունը շատ ավելի մեծ է, որ դրանցից մեկը կդառնա facebook, amazon, google կամ մեծ այլ հայտնի և հաջողակ ընկերություն: StartUp Cup-ն այն հաջողության օղակն է, որով ցանկացած մարդ, ով ունի երազանք, բիզնես ծրագիր կարող է կյանքի կոչել»,- այս մասին 168.am-ի հետ զրույցում ասաց Հայաստանում StartUp Cup-ի կազմակերպիչ Հայկ Ասրիյանցը՝ հավելելով, թե անհրաժեշտ է Հայաստանում ունենալ տասնյակ հազարավոր ստարտափներ, որպեսզի արդյունքում հաջողակ ընկերությունների քանակը մեծ լինի, քանի որ 10, 1000 կամ 10.000 նորաստեղծ ընկերություններից ընդամենը մեկն է դառնում հաջողակ և հայտնի ընկերություն:

Հ. Ասրիյանցի խոսքով՝ մրցույթի ընթացքում մասնակից ձեռներեցներին կուսուցանեն, խորհրդատվություն կտրամադրեն և կուղղորդեն տեղի շուկայի փորձառու մասնագետները: Մրցույթին ներկայացել են 14 թիմ, որոնց մեծ մասը տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտից են հաշվի առնելով ժամանակակից տրենդները՝ Facebook, Սիլիկոնային հովիտ և այլն:

«Երբ ասում ենք StartUp` առաջին միտքը, որ գալիս է, դա տեխնոլոգիական  StartUp-ն է, թեև StartUp ընդհանրապես նշանակում է նորաստեղծ ընկերություն, իսկ նորաստեղծ կարող է լինել ցանկացած ոլորտի ընկերությունը, սակայն ժամանակակից միտումների հաշվի առնելով` ավելի շատ են տեխնոլոգիական նորաստեղծ ընկերությունները»,- ասաց Հ. Ասրիյանցը՝  նշելով, որ Հայաստանում StartUo Cup-ը բաց է ցանկացած բիզնեսի համար:

Նշենք, որ սեպտեմբերի 22–23-ը միջոցառման մասնակիցները կմշակեն և կքննարկեն գործող բիզնես մոդելները և կիրականցվի վերապատրաստում մասնագետների կողմից: Միջոցառման ավարտին տասներկու լավագույն նախագծերը կմասնակցեն մրցույթի երկրորդ փուլին: Միջոցառումն ունի աջակիցներ, որոնց շնորհիվ առաջին, երկրորդ և երրորդ տեղերը զբաղեցրած ձեռներեցների համար նախատեսված են դրամական պարգևատրումներ՝ նրանց ապագա բիզնեսի հիմնադրմանը նպաստելու համար:

Նշենք, որ Armenia StartUp Cup մրցույթի հաղթողները կհայտարարվեն նոյեմբերին՝ Գլոբալ ձեռնարկատիրական շաբաթվա ընթացքում կայանալիք մրցանակաբաշխության ժամանակ:

 

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս