Փարիզում կկազմակերպվի Հայոց ցեղասպանությանը նվիրված աննախադեպ ցուցադրություն

Հայոց ցեղասպանության հարյուրամյա տարելիցին նվիրված միջոցառումները համակարգող պետական հանձնաժողովի երկրորդ նիստում հնչել են առաջարկներ` աշխարհի  խոշոր մայրաքաղաքներում կազմակերպել մշտական հիմունքներով գործող թանգարանային ցուցադրություններ: Լրագրողների հետ հանդիպմանը հանձնաժողովի քարտուղար Հայկ Դեմոյանը նկատեց, որ թանգարան ստեղծելը մեկ-երկու տարվա գործ չէ: «Թանգարանային ցուցադրություն մշակելը, պատրաստելն ահռելի աշխատատար պրոցես է: Թանգարանը որեւէ իր ապակու տակ դնել չէ, ցուցադրության կազմակերպմանը նախորդում է գիտական-հավաքչական աշխատանք, գիտական հայեցակարգի մշակում, ապա նոր ցուցադրության կազմակերպում ու ներկայացում»,- նշեց Դեմոյանը:

Նրա համոզմամբ` Ցեղասպանության թանգարաններն ավելին են, քան թանգարան, քան հիշողության զետեղարաններ. դրանք քաղաքականություն ձեւավորող գործիքներ են: Աշխարհում հիսունից ավելի խոշորագույն թանգարաններ կան, որոնք նվիրված են Հոլոքոստին: Դրանք պատմությունն են ներկայացնում, հիշողություն եւ ողբերգություն, բայց միաժամանակ շատ արդյունավետ գործիքներ են հասարակությունն իրազեկելու, կրթական համակարգի եւ տեղական քաղաքականության վրա ներազդելու առումով: Մինչդեռ մենք ունենք Հայոց ցեղասպանության ընդամենը մեկ թանգարան:

«Կարեւորում եմ խոշոր մայրաքաղաքներում գոնե ժամանակավոր, որը հետո կդառնա մշտական, ցուցադրությունների կազմակերպումը: Մեր ներուժն այս առումով բավարար է, պարզապես դեռ չկա միասնականություն դրան հասնելու համար»,- ասաց հանձնաժողովի քարտուղարը: Նրա խոսքով` ցանկացած թանգարան իր կենդանության մասին հայտարարում է մշտապես ժամանակավոր ցուցադրություններ կազմակերպելով: Առաջիկայում նախատեսված է կազմակերպել շուրջ 30 շարժական ցուցահանդեսներ:

Դեմոյանը տեղեկացրեց, որ Փարիզի քաղաքապետարանի հետ համագործակցությամբ Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտը 2013 թ. ապրիլին կկազմակերպի բացառիկ եւ աննախադեպ մի ցուցադրություն` Ֆրանսիայի մայրաքաղաքի կենտրոնական ցուցասրահներից մեկում:  Ցեղասպանության մանուկ զոհերին նվիրված ցուցադրությանը կաջակցի նաեւ Փարիզի քաղաքապետարանը:

Տեսանյութեր

Լրահոս