Անգինայի հետևանքները` մանկական ռևմատիզմ
Բուժիչ նամակներ
Անգինան սուր ինֆեկցիոն հիվանդություն է, առաջանում է նշագեղձի և կից հյուսվածքների բորբոքման հետևանքով։ Հարուցիչներն են վիրուսները, սնկերը, և այլն։ Տարածվում է օդակաթիլային եղանակով։
Հիմնական «բուժումից» մեկ շաբաթ անց երեխայի մոտ նկատվում են ռևմատիզմի առաջին ախտանիշերը` ցավեր հոդերում, ջերմ, ռևմոկարդիտի զարգացման վտանգ։
Հիմնականում հիվանդանում են կրտսեր և միջին դասարանների աշակերտները, պատճառն իմունային համակարգի թուլությունն է կամ ժառանգական նախահակվածությունը։
Ռևմատիզմի առաջացման պատճառ կարող են հանդիսանալ նաև ստրեպտոկոկային այլ բնույթի ինֆեկցիաներ։
Երբ երեխայի մոտ արդեն ստեղծված են ռևմատիզմի զարգացման նախապայմաններ, ապա կարող են նկատվել ջերմ, մաշկի գունատություն, հոդերի այտուցում, կարմրատակում, ցավեր ազդրերում և ծնկներում, երբեմն` նաև որովայնի շրջանում։ Միաժամանակ սկսում են վնասվել սրտամկանի հյուսվածքները, զարգանում է ռևմոկարդիտը։
Հաճախ հիվանդության ընթացքն աննկատ է, երեխան բողոքում է գլխացավից, նկատվում է ընդհանուր թուլություն, գունատություն, շուտ է հոգնում, դառնում կամակոր։
Հիվանդության առավել վտանգավոր ձևը նյարդային համակարգի ռևմատիզմն է։ Այս դեպքում երեխան դառնում է դյուրագրգիռ, ցրված, վատանում է հիշողությունը, անհանգիստ է քնում, փոխվում են խոսքի առոգանությունը և ձեռագիրը, քայլվածքը, նկատվում են դեմքի, ձեռքերի, ոտքերի մկանների ջղակծկումներ։ Նման ընթացքը հղի է սրտի արատի զարգացմամբ յուրաքանչյուր երրորդի մոտ։
Ծնողները պետք է շատ ուշադիր լինեն հատկապես առաջին մեկ ամսվա ընթացքում` նույնիսկ, եթե առաջին հայացքից թվում է, թե երեխան լրիվ ապաքինվել է անգինայից կամ մի այլ ինֆեկցիոն հիվանդությունից։
Ինֆեկցիոն հիվանդության բուժումը չի կարելի կիսատ թողնել, դա հղի է անդառնալի վտանգներով։ Նման հիվանդությունների բուժման ժամկետն առնվազն տասն օր է։ Այն, որ 5-7 օրից երեխայի մոտ նկատվում է առողջական վիճակի բարելավում, չի նշանակում, որ կարելի է ընդհատել բուժման ընթացքը. ջերմության նվազումը բավարար պայման չէ։ Կիսատ թողած բուժումը բազմակի բարձրացնում է ռևմատիզմի առաջացման և զարգացման վտանգը։
Հետևեք բժշկի նշանակումներին։
Եթե, այնուամենայնիվ, երեխան հիվանդացել է, ապա անհապաղ նրան տեղափոխեք հիվանդանոց, անհրաժեշտ է կոմպլեքսային հակաբորբոքային և հակամանրէ բուժում։
Բուժումը թերի կլինի, եթե չշարունակվի մասնագիտացված առողջարանում, դա կբացառի սրտի արատի զարգացումը։
Կան մի շարք միջոցներ, որոնք ուղղված են երեխայի օրգանիզմի դիմադրողականության բարձրացմանը։ Ծնողը պետք է ամենօրյա հոգածություն ցուցաբերի երեխայի ֆիզիկական կոփվածության հանդեպ։
Բուժումից հետո առաջին երկու տարին թույլ մի տվեք, որ երեխան լողանա բաց ջրավազանում։ Ցանկալի է, որ առավոտյան ընդունի գոլ ցնցուղ, կամ պարզապես շփեք նրա մարմինը։ Առավելագույն ջերմաստիճանն առաջին ամսում չի կարող լինել 37 C-ից բարձր, ջրի ջերմաստիճանը կարելի է հետզհետե իջեցնել մեկական աստիճան` մեկ ամսում արագությամբ, և հասցնել նվազագույնը մինչև 21 C-ի։
Պարտադիր է կանոնավոր ձևով կատարել առավոտյան մարզանք։
Եթե նկատվել է հոդացվի սուր նոպա, ապա կիրառեք վեցամսյա բուժում խոտաբույսերով.
- Մեկ բաժակ չմաքրած վարսակի սերմին (թեփուկի հետ միասին) ավելացրեք 3 բաժակ ջուր։ Եփեք թույլ կրակի վրա այնքան ժամանակ, մինչև մնա հեղուկի կեսը (մոտ 300 մլ)։ Քամեք։ Խմեցրեք երեխային 100-ական մլ` օրը 3 անգամ։ Նախօրոք գոլացրեք և լուծեք թուրմի մեջ կես թ/գ մեղր։
- Երկու թ/գ կռատուկի մանրացրած արմատը 8-10 ժամ թրմեք 200 մլ սառը նախօրոք եռացրած ջրի մեջ, քամեք։
- Նույն կերպ պատրաստեք թուրմ կղմուխի արմատներից։
- Խառնեք երկու թուրմերը։ Խմեցրեք 60-ական մլ, օրը 4 անգամ` սնվելուց առաջ։
Վարսակի և կռատուկի (կղմուխի հետ) թուրմերը տվեք հաջորդաբար` 2-4 շաբաթ տևողությամբ։
Բուժում կռատուկի կամ կաղամբի տերևներով. Թարմ հումքը փաթաթեք ցավոտ հոդի վրա հարթ կողմով, վիրակապեք կաղամբով։
Նույնը կարելի է կատարել եփած վարսակով կամ կռատուկի արմատով։
Կիրառվում է նաև աերոիոնոթերապևտիկ բուժում Չիժևսկու լամպի օգնությամբ։
Ուղղորդված լույս ճառագայթող սարքն առաջին օրերին տեղադրում են 1,5 մ հեռավորության վրա, տևողությունը` 5 րոպե։ Գործողությունը կատարեք օրը մեջ, ընդամենը 25 անգամ, վերջին հինգը` 9 րոպե տևողությամբ։ Գործողության վերջին 1-2 րոպեին լամպը մոտեցրեք հոդին` մինչև 30 սմ հեռավորության վրա։
Ռևմատիզմի նոպա տարած երեխան առնվազն 5 տարի պետք է գտնվի բժշկական հսկողության տակ։ Ցանկացած բուժում հարկավոր է համաձայնեցնել բուժող բժշկի հետ։