«Ադրբեջանը ցույց տվեց, որ ցանկացած հայ իր թշնամին է ու ենթակա է ոչնչացման»

Հարցազրույց ԱԺ Արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախկին նախագահ,
ՀՀՇ վարչության անդամ Հովհաննես Իգիթյանի հետ

Եվրոպական խորհրդարանի Ռ. Սաֆարովի գործով հրապարակված բանաձևն ի՞նչ կարևորություն ունի ՀՀի համար, և արդյո՞ք հենց այս գնահատականն էր ակնկալում Հայաստանը Եվրախորհրդարանից:

– Ճիշտն ասած` ես չգիտեմ Հայաստանի ակնկալիքները Եվրոպայից: Ինչ վերաբերում է բանաձևին, ապա այն կարելի է համարել դրական, քանի որ պարզ նշված է, որ Եվրախորհրդարանը դժգոհ է, իր տարակուսանքն է հայտնում Ռամիլ Սաֆարովի հետ կատարվածի առիթով: Հայաստանն իր դիրքորոշումների մեջ մեղադրանքներն ուղղում է դեպի Հունգարիան, բայց կարծում եմ, որ պետք է դատապարտել Ադրբեջանի քայլը, ինչպես, ընդհանուր առմամբ, դա արծարծվեց այս բանաձևում: Փաստորեն, այս փաստաթուղթն ամբողջությամբ դատապարտում է Ալիևի քայլը:

Ո՞ր դեպքերում կարող է օգնել այս փաստաթուղթը Հայաստանին, ու միջազգային ո՞ր կառույցներում այն կարող է շահեկան ներկայացնել Հայաստանը:

Կարդացեք նաև

– Ինքը` փաստաթուղթը, որևէ իրավաբանական գործադիր քայլեր իրականացնելու համար բավարար չէ, սա պարզապես Եվրոպական խորհրդարանի վերաբերմունքն է: Այսինքն` այն մարդկանց, ովքեր ընտրվել են ամբողջ Եվրամիության կազմից, ամեն մեկն` իր տարածքից: Սակայն այս բանաձևը չենք կարող անգամ համարել Եվրամիության անդամ երկրների կարծիք: Եվ ահա հաջորդ քայլը, որը պետք է իրականացնի Հայաստանը, պետք է լինի այն, որ Ադրբեջանի կատարած քայլի վերաբերյալ նույն կարծիքն առնվազն ունենան Եվրամիության անդամ երկրները` աշխարհի լուրջ խաղացող պետությունները:

Հինգերորդ կետով Եվրոպական խորհրդարանը կոչ է անում Ադրբեջանի իշխանություններին` ջանքեր գործադրել` բարեփոխելու դատական ողջ համակարգը, մասնավորապես` դատական կարգով հետապնդման, դատավարության, դատապարտման, ազատազրկման ու բողոքարկման գործընթացները: Որքանո՞վ Ադրբեջանի համար կկարևորվի այս փաստաթուղթը:

– Ինչ վերաբերում է այս փաստաթղթի կարևորությանը` ադրբեջանական կողմի համար, ըստ իս, Ադրբեջանն այսօր ունակ չէ լսելու որևէ այլ կարծիք, բացի այն կարծիքից, որը հնչում է իրենց քարոզչական մեքենայից: Խոսքս շարքային քաղաքացիների մասին չէ, այլ այն պաշտոնյաների, ում հարցազրույցները ես պարբերաբար կարդում եմ ադրբեջանական մամուլում: Եվ տարօրինակ չէ, որ Ադրբեջանը խիստ բացասաբար է արձագանքել այս բանաձևին:

Դեռևս այս բանաձևի հրապարակումից առաջ պարբերաբար շրջանառվում էր այն տեսակետը, թե Հայաստանը պետք է օգտվի ստեղծված իրավիճակից ու վերջապես լուծում տա ԼՂՀ հիմնահարցին: Ի՞նչ եք կարծում, այս միջադեպն իրո՞ք կարող է ԼՂՀ հարցի լուծման առիթ դառնալ:

– Այստեղ դժվար է ասել` կխթանի՞ հարցի լուծմանը, թե՞ ոչ: Ի՞նչ արեց Ադրբեջանը. նրանք դրեցին մեզ այնպիսի իրավիճակի մեջ, որ բանակցել Հայաստանի հետ` ԼՂՀ-ին մի քիչ ավել կամ պակաս կարգավիճակ տալու մասին, զավեշտական է հնչում, քանի որ այս արարքով նրանք հստակեցրին իրենց պատկերացումը Ղարաբաղի մասին: Այսինքն` մենք իրենց համար հանդիսանում ենք մի պատկեր, որ իրենք կարող են գալ, գրավել հողը, սպանել կանանց ու աղջիկներին: Իսկ Սաֆարովի դեպքը մարմնավորեց կամ պրակտիկայի մեջ դրեց իրենց պատկերացումները: Ադրբեջանն այս քայլով ցույց տվեց, որ ցանկացած տեղ ցանկացած հայ իր թշնամին է ու ենթակա է ոչնչացման:

Ունենալով նման մոտեցումներ, ինչպե՞ս կարող է Ադրբեջանը հանգիստ նստել բանակցությունների սեղանի շուրջ, որտեղ առկա է նաև հայկական կողմը, Մինսկի խմբի համանախագահները կամ միջնորդող կողմերը, ու քննարկել ԼՂՀ անկախության հարցը: Ադրբեջանը հիմա միայն մեկ տեսակետ ունի, որ հայերը շտապ դուրս գան այդ տարածքից: Կարող ենք ասել, որ Ադրբեջանը տապալեց բանակցությունները: Ես մտավախություն ունեմ, հաշվի առնելով Ադրբեջանի կոշտ անտրամաբանական մոտեցումները, որ Մինսկի խմբի համանախագահող երկրները եթե մի օր վերսկսեն բանակցությունները, կարող են հարցը լուծել հօգուտ Ադրբեջանի: Սա ես, իհարկե, ենթադրում եմ` հասկանալու համար Ադրբեջանի կատարած քայլերը: Միայն այս տարբերակի առկայությամբ եմ պայմանավորում Ադրբեջանի անհեթեթ քայլերը: Կարծում եմ` այստեղ կա նաև պրիմիտիվ խորամանկություն:

Ի՞նչ պետք է անի Հայաստանը ստեղծված իրավիճակում:

– Սա լավ պահ է ոչ թե կտրուկ քայլեր անելու, այլ հանգիստ գործելու համար: Ստեղծված իրավիճակում հայկական կողմը չպետք է կտրուկ քայլեր, հայտարարություններ անի, որոնք կհակասեն Եվրախորհրդարանի բանաձևին: Ինչ-որ վրեժխնդրության, Ադրբեջանին համարժեք հակահարված տալու կամ նման այլ շեշտակի քայլերը պետք է բացառվեն: Հայկական կողմը պետք է օգտվի նրանից, որ Եվրոպան, որոշ առումով, տարբեր հարթակներում դրեց Ադրբեջանին ու Հայաստանին:

Մենք պետք է այս իրավիճակում` պահպանելով հանգստություն, հարցի լուծումը շրջանառենք մեր ցանկացած կողմով: Սա կապացուցի, որ Հայաստանը քաղաքակիրթ ու ժողովրդավար երկիր է, իսկ Ադրբեջանը ձևացնում է միայն իր այդպիսին լինելը: Ես շփվում եմ իմ կոլեգաների հետ, որոնք Ղարաբաղի հարցի լուծումը տեսնում են Ադրբեջանի առաջարկած հարցի լուծման տարբերակում, այն է` ԼՂՀ անկախ կարգավիճակ, բայց` Ադրբեջանի կազմում:

Մենք պետք է ստեղծենք կարճ ու հասկանալի թեզիս ու առաջ տանենք մեր տեսակետը, որ տեսնում ենք ԼՂՀ-ին անկախ ու ինքնուրույն կարգավիճակում: ՆԱՏՕ-ից մենք պետք է պահանջենք Ադրբեջանի քայլին համապատասխան վերաբերմունք ցուցաբերել` չնայած պետք է հասկանալ, որ ՆԱՏՕ-ի չինովնիկներն իրավունք չունեն խիստ քաղաքական հայտարարություն անելու` ի տարբերություն ՆԱՏՕ-ի անդամ երկրների: Ուշադրություն եմ ուզում հրավիրել նաև այն փաստի վրա, որ Ադրբեջանն ընտրվել է ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի ոչ մշտական անդամ:

Հայաստանը պետք է համապատասխան քայլեր անի` Ադրբեջանի մասնակցությունը կասեցնելու ուղղությամբ: Բոլոր դեպքերում Հայաստանը կարող է իր դժգոհությունը հայտնել մի անդամ երկրի հանդեպ, որը լիովին խախտում է այն առաքելությունը, ինչի համար ինքն անդամագրվել է Անվտանգության խորհրդի կազմում:

Հիմա անընդմեջ խոսվում է այն մասին, որ Ադրբեջանն իր իրականացրած քայլերով Հայաստանին նախապատրաստում է պատերազմի: Որքանո՞վ եք ստեղծված իրավիճակում հնարավոր համարում պատերազմական գործողությունների վերսկսումը:

– Եթե հաշվի առնենք, որ Ադրբեջանը մեծ գումարներ է վատնում զինամթերք ձեռք բերելու համար (նկատի ունենանք բարձաստիճան այրերի ու նախագահի հնչեցրած հայտարարությունները), այստեղից երևում է, որ Ալիևը պատրաստվում է պատերազմի: Այլ բացատրություն ես ադրբեջանական կողմի քայլերում չեմ տեսնում: Եթե դու սերմանում ես ծայրաստիճան ատելություն մի ազգի հանդեպ, ուրեմն` դու քո ժողովրդին, քո զինվորին նախապատրաստում ես կռվի: Այս մեթոդն օգտագործվում է միայն պատերազմի պատրաստման դեպքում:

Այլ հարց է, որ Ադրբեջանը չի կարող գնալ այս քայլին` հաշվի չառնելով հետևանքները: Իհարկե, այստեղ կա հնարավոր հակահարված, ու Ադրբեջանը` անկախ իր ռազմական պոտենցիալից, պետք է հաշվի առնի, որ հեշտ չի լինի իր համար պատերազմելը: Սրան կգումարվի միջագային հանրության կողմից ստեղծված աղմուկն ու արձագանքը: Չնայած կարծում եմ, որ այս ռազմատենչ հայտարարությունների 70%-ը ներքաղաքական խաղաղության համար են:

Ի վերջո, Ալիևն ինչ-որ իդեաներով պետք է սնուցի իր ժողովրդին, ստեղծի թշնամու կերպար ու մարդկանց հավաքի ընդհանուր վտանգի շուրջ: Բայց, իհարկե, Ադրբեջանը հաշվարկում է` ինչպիսին կլինի արձագանքը միջազգային կառույցների կողմից, ու առանց 100 տոկոս իմանալու, որ պատերազմը կլինի իր օգտին, դժվար թե վերսկսի գործողությունները:

Տեսանյութեր

Լրահոս