Բաժիններ՝

Հայաստանում հնարավոր կլինի բջջայինով գումար վաստակել

Այսօր՝ սեպտեմբերի 15-ին, «Կոնգրես» հյուրանոցում մեկնարկեց առաջին m2Work Հեքըթոնը: Այն համախմբել է ծրագրավորողների, ձեռներեցների, տեխնոլոգիաների ջատագովներին և համապատասխան փորձագետներին: Ծրագրի նպատակն է՝ բացահայտել մոբայլ միկրոաշխատանքների զարգացման հնարավորությունները Հայաստանում:

Նշենք, որ միջոցառումն անցկացվում է միաժամանակ 5 երկրների մոբայլ լաբորատորիաներում. Հայաստան՝ mLabECA (Արևելյան Եվրոպա, Հարավային Կովկաս և Կենտրոնական Ասիա), Քենիա՝ mLabEasternAfrica, Հարավային Աֆրիկա՝ mLabSouthernAfrica, Վիետնամ՝ mLabEastAsia, և Նեպալ՝ mHubNepal:

Առաջին m2Work Հեքըթոնը Հայաստանում կազմակերպել է «Ձեռնարկությունների ինկուբատոր» հիմնադրամը, «mLab ECA» ծրագրի շրջանակներում Համաշխարհային Բանկի նորարարության և ձեռներեցության զարգացման infoDev ծրագրի աջակցությամբ:

Միջոցառման ամբողջ գաղափարը նրանում է, որ մարդկանց համար ստեղծվեն եկամտի աղբյուր՝ հեռախոսի միջոցով: Այսինքն՝ ստեղծել ծրագրեր, որոնց շնորհիվ տարբեր միկրոաշխատանքների միջոցով կարող եք գումար վաստակել Հայաստանում բջջային հեռախոսի միջոցով:

Կարդացեք նաև

Այս մասին 168.amի թղթակցի հետ զրույցում ասաց Մոբայլ լուծումների տարածաշրջանային լաբորատորիայի (mLab ECA) ծրագրի ղեկավար Մարիամ Դավթյանը:

«Օրինակ՝ արդյունքում ինչ-որ մի երեխայի տնային աշխատանքը ստուգել և ստուգված աշխատանքի համար գումար ստանալ կամ, օրինակ, տնտեսագետ ուսանողներին խորհուրդ տալ՝ ինչպես կազմել բիզնես պլան, և այլն, և այդ բոլոր աշխատանքները կատարել հեռախոսով»,- ասաց Մ. Դավթյանը:

Նշենք, որ m2Work Հեքըթոնի նպատակներն են՝ մշակել մոբայլ միկրոաշխատանքին վերաբերվող խոստումնալից գաղափարների մոբայլ ծրագրերի նախատիպեր, ինչպես նաև՝  բարձրացնել զարգացող երկրներում մոբայլ միկրոաշխատանքը՝ որպես աշխատանքի ստեղծման հնարավորություն դիտարկելու մասին իրազեկման մակարդակը:
Մասնակցել հնարավոր է ինչպես՝ թիմերով, այնպես էլ՝ անհատապես, եթե անձամբ կարող եք ծրագրավորել ձեր գաղափարը:

Այս պահին Հայաստանում մշակվում է 15 ծրագիր, թեև դիմել են 20 ծրագիր, իսկ մոբայլ միկրոաշխատանքի ծրագրավորմանը մասնակցում է 80 հոգի:

Ծրագրավորող Նարեկ Հայրապետյանը, ով «Test my app» ծրագրի հեղինակներից է, ասում է, որ գրում են mobile application-ներ՝ Windows phone, Android և iOS օպերացիոն համակարգերի համար:

«Մեր ծրագիրը՝ «Test my app»-ը, ծրագրավորողների համար է, ովքեր ծրագիր են գրում, իսկ ծրագրավորման վերջում ցանկանում են փորձարկել և գտնել իրենց գրած ծրագրի սխալներն ու անճշտությունները, այդ սխալները գտնելու համար, իհարկե, մասնագետներ կան, սակայն մեր գրած ծրագրի միջոցով ծրագրի անճշտությունների հայտնաբերմանը կարող են մասնակցել մարդիկ, ովքեր կարող են զուտ քաշել իրենց սմարթֆոնում և փորձարկել, օրինակ՝ նոր խաղը, իսկ դրա համար շատ գիտելիքներ անհրաժեշտ չեն»,- ասաց Ն. Հայրապետյանը՝ նշելով, որ դա ծրագրավորողներից ոչ միայն բավական ժամանակ է պահանջում, այլև՝ բավական գումարներ:

Ն. Հայրապետյանի խոսքով՝ այսկերպ բազմաթիվ մարդիկ կարող են մասնակցել ծրագրի փորձարկմանը և դրա դիմաց սիմվոլիկ գումար ստանալ: «Ամեն մի սխալի համար կստանա ինչ-որ փոքրիկ վարձատրություն, օրինակ՝ խաղ խաղալով, որը ոչ մի մասնագիտական հմտություն չի պահանջում: Այդկերպ ծրագրավորողը կտնտեսի իր ժամանակը և նաև՝ միջոցները»:

Առաջին m2Work Հեքըթոնին մասնակիցներ կային նաև Գյումրիից: Նրանք գրել էին «Mikro picture translator» ծրագիրը, որի միջոցով օգտագործողը ոչ միայն կարող է թարգմանել նկարված պատկերի վրա գրված տեքստն, այլ նաև ասել, թե ինչ շենք է դա կամ ինչ արձան է պատկերված: Խմբի անդամների խոսքով՝ սա հատկապես օգտակար կլինի տուրիստների համար, որոնք հաճախ են ցանկանում իմանալ, թե ինչ նշանակություն ունի այս կամ այն հուշարձանը կամ շինությունը:

Թիմի անդամ Հռիփսիմե Փահլևանյանի խոսքով՝ մեր քաղաքի բնակիչները կարող են իրենք կատարել այդ միկրոաշխատանքը և մասնակցել այդ աշխատանքներին և գրել, թե ինչ է դա՝ տեսնելով հարցադրումը բազայում՝ և դրա դիմաց որոշակի գումար վաստակել:

Նշենք, որ միջոցառման շրջանակներում այսօր ծրագրավորողները կաշխատեն մինչև լույս, իսկ միջոցառումը կշարունակվի նաև վաղը: Բոլոր նախագծերը կլինեն բազայում, իսկ միջոցառման վերջում կլինի նաև մրցանակաբաշխություն:

Նշենք, որ այս տարվա սկզբին Համաշխարհային բանկի նորարարության և ձեռներեցության զարգացման infoDev ծրագրի և Nokia ընկերության համատեղ ջանքերով մեկնարկած m2Work մրցույթի արդյունքում ամբողջ աշխարհում ձևավորվել են միկրոաշխատանքների մոտ 1000 գաղափարներ/աշխատանքներ, որոնք մարդիկ կարող են կատարել իրենց բջջային հեռախոսներով ցանկացած վայրից: m2Work Հեքըթոնը մրցույթի հաջորդ փուլն է՝ նախատեսված այդ գաղափարները կյանքի կոչելու համար:

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս