Հայաստանով տարանցիկ չվերթների թիվն ավելացել է
Ավելացել է Հայաստանով դեպի այլ երկրների տարանցիկ չվերթների թիվը: Այս մասին ասաց ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Դավիթ Խուդաթյանն ԱԺ մշտական հանձնաժողովների համատեղ նիստում ՀՀ 2026 թվականի պետական բյուջեի մասին» ՀՀ օրենքի նախագծի նախնական քննարկումներում:
Նա վստահեցրեց, որ Հայաստանի կառավարության քաղաքականությունը հետևյալն է՝ զարգացնել Հայաստանում ինչպես տեղական ավիացիան, այնպես էլ ավիացիան առհասարակ:
«Հայաստանով դեպի այլ երկրներ տարանցիկ չվերթների թիվն է ավելացել: Նաև ավելացել է «Հայաէրոնավիգացիա» ՓԲԸ-ի կողմից սպասարկվող չվերթների թիվը, որոնց ճնշող մեծամասնության դեպքում օդանավերը հատում են Հայաստանի օդային տարածքը և վայրէջք չեն կատարում Հայաստանում: Եվ մեր գործառույթն իրենց անխափան տեղափոխումը Հայաստանով ապահովելն է, որը լրացուցիչ մուտքեր է ապահովում ՓԲԸ-ի և Հայաստանի պետական բյուջեի համար»,-նշեց Խուդաթյանը:

