Բաժիններ՝

Աստղերը դիտելու և ուսումնասիրելու հնարավորություն կունենանք նաև ինտերնետի միջոցով

Վիրտուալ աստղադիտարանների միջազգային ալյանսը ստեղծվել է 2002թ.: Հայաստանը միջազգային ալյանսին միացել է 2005-ին: Ալյանսին միացած են 19 վիրտուալ աստղադիտարանային ծրագրեր` ԱՄՆ-ից, Մեծ Բրիտանիայից, Ճապոնիայից, Գերմանիայից, Ֆրանսիայից, Կանադայից, Չինաստանից, Ավստրալիայից, Հնդկաստանից, Իտալիայից, Ռուսաստանից և այլն: Վիրտուալ աստղադիտարանը հնարավորություն է ընձեռում աստղագետներին` աստղագիտական հետազոտություններ իրականացնել ինտերնետի միջոցով: Ծրագրի շնորհիվ` արդեն կարևոր չէ, թե որտեղ է գտնվում աստղագետը` նա կարող է ուսումնասիրել տարբեր աստղերը` գտնվելով թեկուզև միևնույն վայրում:

Վերջին տարիներին աստղագիտության մեջ այնքան մեծ ծավալի տեղեկատվություն կուտակվեց, որ նոր մեթոդների և նույնիսկ նոր միջավայրի` վիրտուալ աստղադիտարանների, ստեղծման կարիք առաջացավ: Այսօր ավելի ու ավելի էական են դառնում մեծաքանակ տվյալների վերլուծությամբ ստացվող վիճակագրական արդյունքները, քան առանձին օբյեկտների ուսումնասիրությունները: Այս մասին մեզ հետ զրույցում ասաց Հայկական վիրտուալ աստղադիտարանի ծրագրի ղեկավար Արեգ Միքայելյանը` նշելով, որ դեռևս 2002թ. աշխարհի առաջատար աստղագիտական երկրների կողմից ստեղծվել էր Վիրտուալ աստղադիտարանների միջազգային ալյանսը (IVOA` http://www.ivoa.net):

«Միևնույն վայրից, սակայն տարբեր երկրներում գտնվող դիտակների միջոցով կարելի է դիտել և ուսումնասիրել աստղերը: Այդ ամենից բացի, վիրտուալ աստղադիտարանն աստղագետներին հնարավորություն է տալիս համադրել տարբեր ժամանակահատվածներում տեղի ունեցող տվյալների փոփոխություները»,- ասաց Ա. Միքայելյանը: Ն

րա խոսքով` վիրտուալ աստղադիտարանը մի միջավայր է, որտեղ աստղագետը հնարավորություն ունի օգտվելու աշխարհում կուտակված աստղագիտական տվյալների բոլոր շտեմարաններից, կիրառել հզոր համակարգչային եղանակներ, համադրել ալիքային տարբեր տիրույթներում ստացված տեղեկատվությունը, համեմատական վերլուծություններ և բազմաթիվ նոր հայտնագործություններ կատարել: Այն ներառում է աստղագիտության մեջ աշխարհում ստացված տվյալները` ընձեռելով համապատասխան ստանդարտներով և ծրագրերով աշխատելու հնարավորություն:

Կարդացեք նաև

«Աստղագիտական միջազգային ալյանսի մշակած ստանդարտների, հատուկ ծրագրերի և տեխնոլոգիաների շնորհիվ էլ ավելի է բարձրացել համաշխարհային աստղագիտական հանրության օգտակարության աստիճանը»,- ասաց Ա. Միքայելյանը` հավելելով, թե աստղադիտարանների հսկայական տվյալների շտեմարանների ու ընթացիկ աստղագիտական նյութերի շնորհիվ հնարավոր է դառնում նոր ուսումնասիրություններ իրականացնել առավել քիչ ծախսատարությամբ:

«Դիտակները բավականին թանկ արժեն, օրինակ` 2,5 մետր տրամագիծ ունեցող դիտակն արժե 25 մլն դոլար, սա վերաբերում է ցամաքային դիտակներին։ Իսկ ինչ վերաբերում է տիեզերական դիտակներին, ապա դրանց գինը հասնում է անգամ միլիարդ դոլարների: Վիրտուալ աստղադիտարանը մեզ հնարավորություն է ընձեռում օգտագործել մի խումբ երկրների դիտակները նաև միևնույն վայրից, սակայն տարբեր երկրներում գտնվող դիտակետերի միջոցով հնարավոր է դիտել և ուսումնասիրել աստղերը»,- ասաց Ա. Միքայելյանը` նշելով, որ Վիրտուալ աստղադիտարանը բաց է, և հատկապես կարևոր է երիտասարդ աստղագետների համար` աստղագիտության զարգացման համար:

Ա. Միքայելյանի խոսքով` Հայաստանում նույնպես ստեղծվել է Հայկական վիրտուալ աստղադիտարան (ՀՎԱ, ArVO, http://arvo.sci. am): ՀՎԱ-ն ստեղծվել է երկնքի Մարգարյանի սպեկտրալ շրջահայության թվայնացման և հայկական աստղագիտական խոշորագույն տվյալների շտեմարանի ստեղծման շնորհիվ: Այն եզակի դիտողական նյութ է ամբողջ աշխարհի աստղագիտության մեջ և հնարավորություն է տալիս ուսումնասիրել 20 միլիոն տիեզերական մարմինների բնույթը: Ի դեպ, Ա. Միքայելյանի խոսքով` այս նախագիծը Հայաստանում առաջին թվայնացման նախագիծն է, որն իրականացվել է 2002-2005թթ. իտալացի և ամերիկացի գործընկերների հետ համագործակցությամբ (http://www. aras.am/Dfbs/dfbs. html):

Պատկերների վրա յուրաքանչյուր երկնային մարմին ներկայացված է սպեկտրով, ինչն` ի տարբերություն ուղղակի պատկերների, թույլ է տալիս գնահատել նրանց ֆիզիկական բնույթը: Հենց այս ներկայացված բացառիկ աշխատանքը հնարավորություն տվեց Հայաստանին միանալ Վիրտուալ աստղադիտարանների միջազգային ալյանսին:
«Հայկական վիրտուալ աստղադիտարանի ծրագիրը հնարավորություն է տալիս բազմաթիվ աստղադիտարանների, գործիքների և աստղագետների կողմից ստացված բազմաալիքային տվյալների համատեղ օգտագործման և համեմատական վերլուծության շնորհիվ` կատարել նորանոր հայտնագործություններ»,- ասաց Ա. Միքայելյանը` նշելով, որ, ըստ էության, այս ալյանսում ընդգրկված երկրներն ուղենշում են աստղագիտության հետագա զարգացումը:

Ալյանսին միանալու համար երկիրը դիմում է IVOA ղեկավարությանը, որի կողմից քննարկվում է տվյալ պետության ներդրումը վիրտուալ աստղագիտության ոլորտում, և ըստ այդմ էլ` ընդունվում կամ մերժվում է այդ հայտը: Հետաքրքրական է, որ մինչև վերջերս ալյանսին միանալու Բրազիլիայի և Արգենտինայի հարցը մի քանի անգամ քննարկվել ու մերժվել էր, և միայն վերջերս է այն հաստատվել:

Վիրտուալ աստղադիտարանների միջազգային ալյանսի հետ համագործակցության շնորհիվ` Հայաստանը մասնակցում է աշխարհում վիրտուալ աստղադիտարանների զարգացմանը, աստղագիտության ոլորտում որոշումների կայացմանը, վիրտուալ աստղադիտարանների ծրագրերի և ապագայում աստղագետների աշխատաոճի մշակմանը: Օրինակ, այդ ծրագրերից են աստղագիտական պատկերների համադրման և համալիր ուսումնասիրության Aladin ծրագիրը և սպեկտրի տարբեր տիրույթներում ստացված տեղեկատվությունը համադրող, մշակող և վերլուծող VOSpec ծրագիրը, և այլն:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս