Գիտությունների շտաբի պետը
Այսօր Գիտությունների ազգային ակադեմիայի նախագահ Ռադիկ Մարտիրոսյանը բավական տհաճ իրավիճակում է հայտնվել: Նա լրագրողներից է տեղեկացել, որ Վերահսկիչ պալատը գիտական թեմաների կրկնակի ֆինանսավորման դեպքեր և բազմաթիվ այլ չարաշահումներ է հայտնաբերել իր ղեկավարած ոլորտում և այդ մասին զեկույց ներկայացրել ԱԺ-ում: Երբ կառավարության այսօրվա նիստից հետո լրագրողները փորձել են պարզաբանում ստանալ ԳԱԱ նախագահից, նա` առանց ավելորդ ձևականությունների, ասել է, թե չի հասկանում` խոսքն ի՞նչ չարաշահումների մասին է:
Իսկ երբ լրագրողները տեղեկացրել են , որ խոսքը Գիտության պետական կոմիտեի կողմից թեմաների կրկնակի ֆինանսավորման մասին է, մեծավաստակ գիտնականը պատասխանել է. «Էդ որտե՞ղ է եղել: Չէ, չեմ իմացել, երեկ ես մի մոմենտ լսեցի: Որտեղի՞ց պիտի ես իմանամ, նրանք մեզ չեն ներկայացնում իրենց հաշվետվությունը»: Թե Ռ.Մարտիրոսյանն ինչ է ասել դրանից հետո, էական չէ: Խնդիրն այն է, որ իր այս պատասխանով, ըստ էության` անհամարժեք պատասխանով, Ռադիկ Մարտիրոսյանը խորհրդանշում է այն վերաբերմունքը, որ իշխանությունը դրսևորում է կրթության և գիտության հանդեպ: Նորմալ երկրում Ռադիկ Մարտիրոսյանի մեծության գիտնականն ու պաշտոնյան եթե արդեն հրաժարական տված չլիներ, ապա գոնե գնահատական կտար կատարվածի վերաբերյալ, կհայտարարեր, որ դա ոչ միայն առանձին վերցրած՝ գիտնականների, այլև՝ գիտական համքարության ամոթն ու խայտառակությունն է:
Սակայն Ռադիկ Մարտիրոսյանն ապրում ու աշխատում է Հայաստանում, որտեղ նման «մանրուքների» վրա ուշադրություն չեն դարձնում, քանի որ դրանք կյանքի սովորական նորմա են դարձել: Եվ գիտությունն էլ դարձել է այն բազմաթիվ ոլորտներից մեկը, որտեղ «հնարավորության սահմաններում» փող են աշխատում, «գործեր են կպցնում»: Մեծ հաշվով, գիտության ու, ասենք, շինարարության ոլորտի տարբերությունը Հայաստանում ընդամենը էսթետիկական է. երկուսում էլ ավելի կամ պակաս չափով գործում են նույն արատավոր մեխանիզմները, «ատկատները», «փող դուրս գրելու» սովորույթները, և այլն: Քանի որ երկուսին էլ իշխանությունը վերաբերվում է նույն կերպ: Գիտության նկատմամբ իշխանության կողմից առանձին վերաբերմունք` որպես այդպիսին, գոյություն չունի, քանի որ կրթության և գիտության նկատմամբ իշխանության մոտեցումը մեծ հաշվով չի տարբերվում, ասենք, գյուղատնտեսության, առողջապահության կամ տրանսպորտային համակարգի նկատմամբ «իշխանության կոնցեպտից»:
Բոլորին իշխանությունը վերաբերվում է որպես հենարան` ընտրությունների ժամանակ վերարտադրվելու համար: Իսկ ընտրությունից ընտրություն ընկած ժամանակահատվածում թույլ է տալիս մանր-մունր փողեր աշխատել` շատ չդժգոհելու համար: Այլ կերպ դժվար է բացատրել այն իրավիճակը, որ տարիներ շարունակ հաստատվել է կրթական ու գիտական համակարգում: Մասնավորապես կրթական համակարգը, առաջին հերթին՝ բուհերը, այնքան են քաղաքականացվել, որ նրանցից կրթական (հետագայում՝ նաև գիտական) արդյունք պահանջելն ուղղակի միամտություն է: Կա՞ որևէ բացատրություն, թե ինչու են Հայաստանի գրեթե բոլոր պետական բուհերի ռեկտորները Հանրապետական կուսակցության անդամ: Խնդիրն այն չէ, որ ավելի լավ կլիներ, եթե նրանք անդամակցեին ՍԴՀԿ-ին կամ մեկ այլ կուսակցության: Խնդիրը հենց կուսակցականացման մոլուցքի մեջ է:
Որևէ ռեկտոր մանկուց չի երազել դավանել նժդեհյան գաղափարախոսությանը, սակայն իշխանությունը նրանց ստիպել է դառնալ ՀՀԿ-ական` այդ պաշտոնները զբաղեցնելու կամ պահպանելու համար` դրանից բխող բոլոր հետևանքներով: Իսկ հետևանքն այն է, որ գրեթե բոլոր բուհերը վերածվել են երիտհանրապետականների բջիջների, քանի որ դրանցում «հարցեր են լուծում» ՀՀԿ-ականներով համալրված ուսխորհուրդներն ու այլ անիմաստ կառույցները: Նրանց դերը հատկապես կարևորվում է ընտրությունների ժամանակ, երբ նրանց միջոցով ապահովվում է իշխանական միջոցառումների «մասովկան»:
Անգամ, եթե այդ միջոցառումների ժամանակ փուչիկներ են պայթում, երիտ-ՀՀԿ-ականները կարողանում են ապահովել, որ հաշմանդամ դարձած երիտասարդները բողոքի որևէ ձայն չբարձրացնեն:
Ինչ վերաբերում է գիտության ոլորտին, ապա բուհերում գործող «կարգերը» քիչ այլ դրսևորումներով արմատավորված են նաև գիտության «վարչական ապարատներում», որի ամենաբարձր մարմինն էլ ԳԱԱ-ն է: Այդ կառույցը հասարակության շրջանում վերջին տարիներին ավելի շատ հայտնի է ոչ թե՝ որպես գիտության կաճառ, այլ՝ նախագահի իշխանական թեկնածուների նախընտրական շտաբ:
Եվ պետք չէ զարմանալ, որ Ռադիկ Մարտիրոսյանի գործունեությունը համապատասխանում է ոչ թե ԳԱԱ նախագահի բարձր կոչմանը, այլ սովորական շտաբի պետի կարգավիճակին: Առջևում նախագահական ընտրություններ են, և Ռ. Մարտիրոսյանն ավելի կարևոր գործեր ունի, քան գիտական թեմաների ֆինանսավորման ոլորտի չարաշահումները: Ի վերջո, նա ծառայում է այն իշխանությանը, որը թույլ է տալիս նման չարաշահումներ, ընտրություններից առաջ էլ «բացահայտում» է դրանք: