Իրան. Շրջադարձի նախադրյալներն առկա են…
Իրանի ներքաղաքական կյանքում գնալով ավելի ակնհայտ է դառնում գալիք նախագահական ընտրությունների հունավորումը՝ նախընտրական անպաշտոն դրսևորումներով ու անդրադարձումներով: Եթե վերջին ամիսներին դա քննարկում-բարձրաձայնվում էր այս կամ այն քաղաքական գործչի թեկնածության հավանականությամբ, ապա այժմ, դրանք արտահայտում են քաղաքական ենթատեքստի կարևորմամբ. այսինքն՝ թե որ քաղաքական հոսանքին պետք է վստահել նախագահական ինստիտուտը՝ գալիք 4 կամ 8-ամյակներին: Եվ քանի որ անցնող 8-ամյա տիրապետությունը միանշանակ պատկանում էր պահպանողական հոսանքին, ընդ որում՝ գործադիր, օրենսդիր ու դատական եռյակ իշխանություններով, և որ միևնույն ուժերի մեջ դեռևս առաջին քառամյա շրջանից նկատելի դարձան մարտավարական թե ռազմավարական խորքային տարակարծություններն ու դրանց հետևանքներով՝ կոտորակումներ, ուստիև՝ չի բացառվում և ավելի իրական է թվում, որ նույն հոսանքի առավել բարեշրջական ու մեղմ քաղաքականությանը կողմնակից թևերի ներկայացուցիչները փոխարինելու գան նախորդ ծայրահեղական պահպանողականներին, որոնց ներկայացուցիչն էր համարվում նույն ինքն՝ Ահմադինեջադի իշխանախումբը: Այժմ «նախընտրական» խմորումների տվյալ փուլում այս հարցն է առանցքում, որն էլ արդյունավորվելու է համապատասխան դեմքերի ու թեկնածուների առաջադրման փուլով:
Իրանական ներքին կյանքի ներկայիս ամենացավոտ հարցը՝ դա ներտնտեսական աննախանձելի իրավիճակն է՝ սղաճի կտրուկ արտահայտությամբ, բարձր ցուցանիշներով արձանագրված գործազրկությամբ, գյուղատնտեսության քայքայմամբ (ներմուծումների անհարկի կիրառման հետևանքով), դրամական ու տարադրամային՝ ռիալի խիստ արժեզրկմամբ (1 դոլարի ռիալային փոխարժեքը՝ ավելի քան 25000 ռիալ) և այլնով… թեև փորձագետների կարծիքով՝ արևմտաեվրոպական տնտեսական շրջափակումներն են վերոգրյալների առաջացման բուն պատճառները, բայցևայնպես՝ գործադիրին հակադրվող ուժերը, արտաքինից բացի, մեղքի մեծ բաժինը վերագրում են կառավարության ապիկարությանն ու մասնավորապես նրա տնտեսական քաղաքականության ձախողումներին՝ բոլոր ոլորտներում:
Այս գծով շատ դիպուկ է հնչում օրենսդիրի ղեկավար, Իսլ. մեջլիսի խոսնակ դոկտ. Լարիջանիի վերջին հայտարարությունը, ըստ որի՝ «տնտեսության պատասխանատուները մշուշապատ արտահայտությունների փոխարեն՝ թող որ պարզորոշ խոսեն ժողովրդի հետ…», կամ նույն խորհրդարանի Ծրագրային-բյուջետային հանձնաժողովի մեկնաբանմամբ. «Տնտեսական պատասխանատուների որոշ տեսակետ-կարծիքները, հատկապես տարադրամային ոլորտին կապվող, ավարտվեցին նրանով, որ մեր ազգային դրամն ու տնտեսությունն է այժմ տուժել…»:
Դերենիկ Մելիքյան
Թեհրանի «Ալիք» օրաթերթի գլխավոր խմբագիր