Փոքր ՀԷԿ-երը ջրազրկում ու ամայացնում են շրջապատը. բնապահպաններ
Փոքր ՀԷԿ-երի գոյությունը վնասում է Ենոքավան ու Գետահովիտ գյուղերի բնությունը և ամայացնում շրջակա տարածքները: Այսօր հրավիրված մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարեցին այդ գյուղերից ժամանած մի քանի բնակիչներ:
Գետահովիտ գյուղի բնակիչ Արթուր Ավագյանը նշեց, որ իրենց գետերը ցամաքում են և գյուղի բնակչության մի մասն արդեն իսկ զրկվել է ջրից:
«Ենոքավանը հատուկ պահպանվող տարածք է համարվում և այդտեղ ՀԷԿ-ի կառուցումը ուղղակի զարմանալի է, թե ինչպե՞ս է թույլատրվել: Դրա պատճառով այս տարածքում վերացել են հազվագյուտ տեսակի կենդանիներ ու մի շարք բույսեր, որոնք չեն ստանում այնքան խոնավություն, որ աճեն»,- ասաց Արթուր Ավագյանը:
Տավուշի մարզի Գետահովիտ գյուղի բնակիչ Հարություն Միազյանն էլ պահանջեց ապացուցել, որ ՀԷԿ-ի կառուցումից կարճ ժամանակ հետո չեն սկսվի սողանքները. «Մի ՀԷԿ արդեն իսկ կառուցվել է ու դրա ազդեցությունը, սողանքների տեսանկյունից, նկատվում է: Ես ուզում եմ փորձաքննություն անցկացնեն ու մեզ ապացուցեն, որ մենք չենք կորցնի մեր տները հնարավոր սողանքների դեպքում: Եվ հետո, մեր գյուղը վերջին տարիներին դարձել էր զբոսաշրջության կենտրոն, այստեղ է գտնվում Լաստիվերի քարանձավը: Եթե բնությունը փչացնեն, էլ ո՞վ կգա Լաստիվերը տեսնելու»,- ասաց նա:
Մամուլի ասուլիսին ներկա «Թռչկան» քաղաքացիական նախաձեռնության անդամ Լևոն Գալստյանն էլ անդրադարձավ, ընդհանրապես, Հայաստանում կառուցվող ՀԷԿ-երից առաջացող վտանգավոր հետևանքներին:
«Կարող է ստացվել այնպես, որ գետում, ընդհանրապես, ջուր չմնա: Դրա հետևանքով չորանում է նաև նրա շրջակա տարածքը: Ուսումնասիրված բոլոր փոքր ՀԷԿ-երի գետերում ձկները բացակայում են»,- ասաց նա:
Լևոն Գալստյանը նաև նշեց, որ ՀԷԿ-երի կառուցման թույլատրման փաստաթղթերում բացակայում են պարզաբանումները, թե դրանք ինչ ազդեցություն կունենան շրջական տարածքների վրա:
«Դրանք հիմնականում միմյանցից արտագրված փաստաթղթեր են: Բոլորն էլ մտածում են, որ այդ փաստաթղթերը ոչ ոք չի կարդում և, ոչ մեկի դրանք չեն հետաքրքրում»,- ասաց նա:
«Էկոլուր» ՀԿ նախագահ Ինգա Զառաֆյանը նշեց, որ Հայաստանում այսօր կառուցված են 140 փոքր ՀԷԿ-ներ, իսկ 70-ից ավելին գտնվում են կառուցման փուլում:
«Գետիկ գետի վրա կառուցվելու է 6 փոքրիկ ՀԷԿ և նրանք բոլորն էլ արդեն լիցենզիա են ստացել: Դա նշանակում է, որ կառուցվելուց կարճ ժամանակ հետո տարածքը վերածվելու է անապատի: Ստացվում է, որ մենք կանգնած ենք մեր գետերը կորցնելու վտանգի առաջ ու չկա որևէ օրենք, որ կկանոնակարգի ոլորտը»,- ասաց նա:
Բնապահպաններն առաջարկում են դադարեցնել փոքր ՀԷԿ-երի կառուցումը, մինչև այն ժամանակ, երբ կպարզվի, թե ի՞նչ հետևանքներ են ունենում կառուցված ՀԷԿ-երը: