Բազմակի և անվերջ վերարտադրվող իշխանություն
Սեպտեմբերի 9-ին Հայաստանի 5 մարզերի գրեթե 500 համայնքներում տեղի ունեցան տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններ:
Դրանց արդյունքները ցույց տվեցին, որ Հայաստանում ընտրությունների միջոցով չի փոխվում ոչ միայն կենտրոնական, այլ նաև տեղական իշխանությունը: Քանի որ քաղաքապետերի և գյուղապետերի համար չկա սահմանափակում, և նրանք երկու կամ նույնիսկ հինգ անգամից ավելի են կարող վերընտրվել, կարելի է ասել, որ Հայաստանում ձևավորվում է մի համակարգ, որի պայմաններում գյուղապետի կամ քաղաքապետի պաշտոնը դառնում է ցմահ:
Իհարկե, եղան նաև բացառություններ, որտեղ համայնքապետերը փոխվեցին, բայց համայնքների 90 տոկոսում գործող ղեկավարները վերընտրվեցին: Կան համայնքներ, որտեղ գյուղապետը վերընտրվում է արդեն 6-րդ անգամ անընդմեջ:
Այս ընդհանրացումից անցնենք մի քանի մասնավոր դեպքերի, որոնք գտնվում էին հանրային ուշադրության կենտրոնում: Արմավիրի մարզի Ոսկեհատ համայնքի ղեկավարի պաշտոնում արդեն չորրորդ անգամ անընդմեջ ընտրվեց Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ի եղբայր Գևորգ Ներսիսյանը: Նա ստացել էր 905 ձայն` տպավորիչ հաղթանակ տանելով իր երկու մրցակիցների նկատմամբ, որոնցից մեկը` Վահան Ղուկասյանը, ստացել էր 146 ձայն, իսկ մյուսը` «Ժառանգություն» կուսակցության ներկայացուցիչ Հովհաննես Գնոյանը, 40 ձայն: Ոսկեհատում համոզվել են, որ իրենց գյուղապետը տեսանելի ապագայում չի փոխվի:
Էջմիածին քաղաքում համոզիչ հաղթանակ տարավ Կարեն Գրիգորյանը, ով Էջմիածնի քաղաքապետ է ընտրվում երրորդ անգամ անընդմեջ:
Նա ԵԿՄ նախագահ, ԱԺ պատգամավոր Մանվել Գրիգորյանի որդին է: Գրիգորյանը ստացել է 12 հազար 468 ձայն, իսկ նրա միակ մրցակիցը` Արմինե Հովհաննիսյանը, գրեթե 12 անգամ քիչ ձայն՝ 1057: Կարելի էր ասել, որ լուրջ մրցակցության բացակայությունը ցույց է տալիս, որ Կարեն Գրիգորյանը վայելում է իր համաքաղաքացիների հարգանքն ու համակրանքը: Խնդիրը միայն այն է, որ ընտրությանը մասնակցել է ընտրողների 30 տոկոսը: Թե ինչ զգացմունքներ է տածում ընտրողների մնացած 70 տոկոսը, ընտրություններն այդպես էլ չբացահայտեցին, չնայած դժվար չէ կռահել:
Իսկ Արմավիրի մարզի Մեծամոր քաղաքում Մանվել Գրիգորյանի եղբայրը` Աշոտ Գրիգորյանը, պարտություն կրեց ՀՀԿ-ական թեկնածու, Մեծամորի գործող քաղաքապետ Ռոբերտ Գրիգորյանից: Աշոտ Գրիգորյանի օգտին քվեարկել էր 1379 ընտրող, իսկ Ռոբերտ Գրիգորյանի օգտին` 3128: Աշոտ Գրիգորյանը նախկինում՝ մինչև 2008թ., եղել է Մեծամորի քաղաքապետ և եկեղեցի է կառուցել քաղաքի համար, ինչը, սակայն, չգնահատվեց: Ընտրությունները ցույց տվեցին, թե որքան է մեր հասարակությունը կտրվել եկեղեցուց, և որքան է խաթարված եկեղեցի-հասարակություն կապը:
Քաղաքական առումով հետաքրքիր էր Մասիսի քաղաքապետի ընտրությունները: Այստեղ առաջադրված երեք ԲՀԿ-ական թեկնածուներից ներկուսակցական «փրայմերիզի» արդյունքում մնացել էր մեկը՝ Մասիսի քաղաքապետի տեղակալ Կարապետ Օհանյանը, ով պարտվեց ՀՀԿ-ական Սաշա Հակոբյանին: Նրանց ստացած ձայների տարբերությունը 550 է, իսկ անվավեր քվեաթերթիկների քանակը` 408: ԲՀԿ-ականները չհամակերպվելով այս պարտության հետ, որոշել են բողոքարկել քվեարկության արդյունքները: Մինչև վերջերս Մասիսը համարվում էր ԲՀԿ-ական քաղաք, քանի որ ԲՀԿ-ական էին նաև այնտեղից մեծամասնականով ընտրված պատգամավորը` ՝Տիգրան Ստեփանյանը և Մասիսի քաղաքապետը: Խորհրդարանական ընտրություններում Ստեփանյանը պարտվեց Մուրադ Մուրադյանին, իսկ հիմա էլ քաղաքապետ ընտրվեց ՀՀԿ-ական Սաշա Հակոբյանը, և Մասիսը մաքուր ԲՀԿ-ականից` դարձավ մաքուր ՀՀԿ-ական:
ԲՀԿ-ն պարտություն կրեց նաև Արմավիրի մարզի Ջանֆիդա համայնքում: Այստեղ խիստ սկզբունքային քվեարկություն էր, երկու նախկին ազատամարտիկ ընկերներ ընտրությունների միջոցով ուզում էին պարզել, թե իրենցից ով ավելի մեծ ազդեցություն ունի գյուղում: Խոսքը ԱԺ պատգամավոր, ԲՀԿ խմբակցության անդամ Ռուստամ Գասպարյանի և նրա վաղեմի ընկեր Գագիկ Պողոսյանի մասին է: Պատգամավորը պաշտպանում էր Գուրգեն Սարգսյանին, իսկ Պողոսյանը` Ռաֆիկ Եղիազարյանին: Վերջինս էլ հաղթեց 370 ձայնի առավելությամբ: Սա տեղական մակարդակով չափազանց դիտարժան մրցակցություն էր, քանի որ ՀՀԿ-ն ցույց տվեց, որ նույնիսկ սեփական գյուղում ԲՀԿ-ական պատգամավորը չի կարող գյուղապետ անցկացնել:
Հայաստանում ավելի ու ավելի շատերն են պնդում, որ ընտրությունները պետք է փոխարինել նշանակումով, որովհետև շատ դեպքերում գյուղերը կիսվում են մի քանի մասի, և թշնամությունն այնքան է խորանում, որ շատ դեպքերում համագյուղացիներն իրար հետ ֆիզիկական հաշվեհարդար են տեսնում: Բայց այդ կոչերը ոչինչ չեն տալու, քանի որ Հայաստանը ժողովրդավարական երկիր է, իսկ դա ենթադրում է իշխանության մարմինների ձևավորում` ընտրական ինստիտուտների միջոցով: Նշանակումներն արվում են այդ ինստիտուտների քողի տակ: