Բաժիններ՝

Գիտության ֆինանսավորումը պետք է մի քանի անգամ մեծանա

168.am-ի զրուցակիցն է ՀՀ ԳԱԱ Գիտության զարգացման հիմնադրամի տնօրեն Հրանտ Մաթևոսյանը:

– Լինելով ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիայի Գիտության զարգացման հիմնադրամի ղեկավար, ինչպե՞ս եք գնահատում ակադեմիայի և ընդհանրապես Հայաստանում գիտության զարգացման տեմպերը:

– Հարցը մի տեսակ ընդհանուր է, սակայն կփորձեմ պատասխանել: Կոնկրետ տվյալներ կնշեմ, որոնք միանգամից ցույց կտան գիտության վիճակը այսօր ոչ միայն Ակադեմիայում, այլև Հայաստանում ընդհանրապես: Կան գիտության գնահատման միջազգային համակարգեր, որով գնահատում են գիտության առանձին ճյուղերը և տվյալ պետության գիտության վիճակն ընդհանրապես: 2008թ.-ին Հայաստանը համաշխարհային գիտության մեջ գտնվել է միջին վիճակում. աշխարհի տարբեր երկրների շարքում մեր երկիրը գտնվել է 17-րդ տեղում: Աշխարհի մասշտաբով գտնվել  17-րդ տեղում՝ այն դեպքում, երբ կան շատ հզոր եվրոպական պետություններ` արդեն իսկ բավական լուրջ ցուցանիշ է: 2009-ից, սակայն, մենք սկսեցինք զիջել մեր դիրքերը ու փոքր չափով սկսեցինք իջնել: Եթե համեմատենք` բավականին սուղ ֆինանսավորման պայմաններում է դա կատարվել:

Ֆինանսավորման մասով 2011թ. UNESCO- ի տվյալների համաձայն՝ ԱՊՀ երկրների մեջ մեկ գիտնականին ընկնող ֆինանսավորման ցուցանիշով մենք ամենացածրերի մեջ ենք, մեր երկրում պետական բյուջեից ստացվող գիտնականի միջին աշխատավարձը 60 հազար դրամ է, իսկ տված գիտական արտադրանքով, այսինքն՝ մեկ գիտնականին ընկնող գիտական հոդվածների քանակով, մենք ԱՊՀ երկրներում առաջին տեղում ենք գտնվում: Այս տվյալներն ամփոփվեցին   ՀՀ ԳԱԱ տարեկան ժողովում, որը տեղի ունեցավ գարնանը: Շատերն էին այս ցուցանիշներով հաճելիորեն զարմացել:

Կարդացեք նաև

Գիտության որոշ ուղղություններով մենք բավական առաջատար ենք, մեր գիտական արտադրանքի կեսը ֆիզիկայի բնագավառի աշխատանքներ են, առաջատար դիրքերում է գտնվում քիմիան, կենսաբանությունը և հետո` մնացած գիտությունները:

2008-ից սկսած համաշխարհային գիտության մեջ մեր գիտական կորը սկսել է իջնել, այսինքն՝ եթե այսպես շարունակվի` մենք կարող ենք կորցնել մեր գիտությունը: Սակայն ֆինանսավորումը պետք է մեծանա ոչ թե տոկոսներով, այլ`մի քանի անգամներով: Եթե հրաշք ձևով հնարավոր լիներ մի քանի անգամ մեծացնել գիտության ֆինանսավորումը, ապա հայկական գիտության թռիչքը շատ մեծ և զգալի կլինի: Նույնիսկ այսպիսի սուղ պայմաններում, եթե հայ գիտնականները կարողանում են գտնվել այդքան լավ մակարդակի վրա, ապա պատկերացրեք՝ լուրջ ֆինանսավորման դեպքում ինչպիսի արդյունքներ կարող ենք գրանցել:

Գիտության զարգացման համար ի՞նչ խնդիրներ եք տեսնում:

– Ֆինանսավորումը մի քանի անգամներով պետք է ավելանա. ինչո՞ւ եմ ասում «անգամներ», որովհետև փորձարարական գիտությունն այսօր շատ մեծ գումարներ է պահանջում, որովհետև ամեն ինչ շատ թանկ է: Մեր ամբողջ հայկական գիտության մեջ մեր նյութատեխնիկական բազան՝ փորձարարական սարքերն ու սարքավորումները, տասնյակ տարիների պատմություն ունեն և բավական հին են: Եթե գիտության ֆինանսավորումը մի քանի անգամներով ավելանա, ապա այդ գումարները կարող են ծախսվել այդ սարքավորումները թարմացնելու վրա: Առանց սարքավորումների՝ Հայաստանի փորձարարական գիտությունն աստիճանաբար կմարի: Նոր սարքավորումներն, իհարկե, շատ թանկ արժեն, նույնիսկ հզոր պետությունները հզոր ծրագրերի ժամանակ միայն իրենց վրա չեն վերցնում այս կամ այն ծրագրի իրագործումը, օրինակ՝ Մեծ հադրոնային կոլայդերի նախագծի վրա եվրոպական պետությունների մի ամբողջ համախումբ էր աշխատում: Պետք է նկատի ունենալ, որ առանց համապատասխան սարքավորումների՝ մենք պարզապես կկորցնենք Հայաստանի փորձարարական գիտությունը: Իսկ ինչ վերաբերում է տեսական գիտությանը, ապա դրա համար շատ բան հարկավոր չէ, անհրաժեշտ է թուղթ, գրիչ և ուղեղ:

Ընդհանրապես գիտության զարգացման համար անհրաժեշտ են լավ սարքավորումներ և կադրեր: Մեզ մոտ կաղում է նյութատեխնիկական բազան, իսկ կադրերի մասով… կադրեր, իհարկե, կան, և քանի դեռ մենք ունենք գիտական դպրոցներ, պետք է շատ լուրջ մտածել դրանց զարգացման մասին, որ դրանք չմահանան, այլ զարգանան: Մի շարք բնագավառներում մենք շատ բարձր դիրք ենք գրավում աշխարհում, և քանի դեռ մենք ունենք այդ դպրոցները, և կադրեր պատրաստելու շատ լավ հնարավորություններ դեռևս կան, պետք է ամեն ինչ անել այդ ամենը պահպանելու համար: Երբ ասում են, թե հայկական գիտությունը մահանում է, համաձայն չեմ` նման բան գոյություն չունի: Մամուլում պարբերաբար կարդում ենք, որ Գիտությունների ակադեմիան ավելորդ հիմնարկ է, և նման տիպի բաներ… Նման մոտեցումն ուղղակի դիլետանտություն է:  Ասեմ՝ ինչու. մոտ 15-20 տարի առաջ, երբ Հայաստանը սկսեց անկախանալ, գիտական հիմնարկների թիվը չափազանց մեծ էր, գիտական աշխատողների թիվը 20 հազարից անցնում էր, այժմ այդ թիվը 6000 է: Նաև գիտական հիմնարկների թիվն է շատ կրճատվել: Այն ժամանակ մոտ 200 գիտական հիմնարկ էր հաշվարկվում Հայաստանում, այժմ այդ թիվը մոտ 70 է: Մոտ 130 գիտական հիմնարկներ, փաստորեն, վերացան: Վերացան, քանի որ սեփականաշնորհման այդ գործընթացը շատ վատ ազդեց նրանց վրա: Սեփականաշնորհեցին սկզբում այդ ամբողջ սարքերն ու սարքավորումները, հետո` շենք-շինությունները: Սեփականաշնորհումից հետո այդ հիմնարկներն այլևս իրենց պրոֆիլով չէին աշխատում: Այդպես բոլոր ճյուղային գիտական հիմնարկները վերացան, վերացան ոչ միայն դրանք, այլև պետական բյուջեով ֆինանսավորվող շատ հիմնարկներ փակվեցին, քանի որ ֆինանսավորումը շատ փոքր էր: Բայց այս կորուստների մեջ Ակադեմիան կորուստներ չունեցավ: Ակադեմիան ներսից փոփոխություններ էր անում այն առումով, որ փորձում էինք կենտրոնացնել, ավելի խմբավորել և ավելի մեծ կենտրոններ ունենալ, որպեսզի այդպիսով ավելի սիստեմավորված հնարավոր լինի աշխատանքը կազմակերպել, և մի մասնագիտությամբ գիտնականները կարող էին օգտվել մեկը մյուսի հնարավորություններից: Այս առումով Ակադեմիայի համար ավելի հեշտ էր երկու տարբեր գիտությունների կցման եզրում գիտական հետազոտություններ կատարել: Իսկ որպես կանոն՝ երկու տարբեր գիտությունների այդ կցման եզրում կատարվում են ամենահաջողակ և ամենասենսացիոն գյուտերն ու հայտնագործությունները: Օրինակ՝ միավորվեցին ՀՀ ԳԱԱ Օրգանական քիմիայի ինստիտուտը, ՀՀ ԳԱԱ Մնջոյանի անվան նուրբ օրգանական քիմիայի ինստիտուտը և ՀՀ ԳԱԱ ՕԴՔ ԳՏԿ մոլեկուլի կառույցի ուսումնասիրման կենտրոնը, արդյունքում՝ այն դարձավ ակադեմիական համակարգի ամենախոշոր միավորը, որը կոչվում է ՀՀ ԳԱԱ Օրգանական և դեղագործական քիմիայի գիտատեխնոլոգիական կենտրոն:

Նրանց ամենախոշոր ձեռքբերումն այն դարձավ, որ կարողացան կազմակերպել դեղագործական արտադրություն, որը նրանց օգնում է այժմ, որպեսզի կարողանան արտաբյուջետային ֆինանսավորում հայթայթել, դրանով աշխատատեղեր բացել, և այլն: Բացի այս կենտրոնից, մենք ևս այլ կենտրոններ ենք բացել՝ միավորելով տարբեր ինստիտուտները: Նման միավորման և կենտրոնների ստեղծման միտումը լավ է, սակայն, իհարկե, չի կարելի դրանք արհեստական ձևով միմյանց կցել, ընդհանուր թեմատիկա պետք է ունենան, որպեսզի այդ միավորումներն ավելի կենդանի ձևով ստացվեն, և այդպիսով օգնեն, ոչ թե խանգարեն աշխատանքին:

Մեր ինստիտուտները կարողանում են արտաբյուջետային միջոցներ հայթայթել, քանի որ պետական բյուջեից ստացվող գիտնականի միջին աշխատավարձը մոտ 60 հազար դրամ է: Շատ գիտնականներ դրամաշնորհների են մասնակցում կամ պայմանագրային աշխատանքներ են կատարում: Օրինակ, երբ որևէ գերատեսչություն նրանց պատվիրում է ինչ-որ մի սարքի ստեղծումը կամ գիտական  հետազոտությունը և վճարում է նրանց: Պայմանագրային այդ աշխատանքներից ենք կարողանում ստանալ գումարներ: Ովքեր ավելի պրպտող են, աշխատող են` կարողանում են գտնել այդ արտաբյուջետային ֆինանսավորումը, և մոտավորապես Ակադեմիայի բյուջեի մոտ 30%-ի չափով էլ գումարներ են ստացվում այդ արտաբյուջետային միջոցներից՝ պայմանագրային և գրանտային միջոցներից:

Մի շատ ուրախալի բան էլ պետք է նշեմ. Այն, որ ասում են՝ գիտությունն աստիճանաբար ծերանում է, երիտասարդները չեն գալիս գիտություն, ասեմ` սխալ է: Ակադեմիայի ներսում մենք ունենք մոտ 30 գիտական կազմակերպություններ, որոնց 29%-ում մինչև 35տ. երիտասարդներն են աշխատում: Երիտասարդների հոսք է նկատվում դեպի գիտություն, երիտասարդ ասելով` նկատի ունեմ մինչև 35տ. գիտնականներին: Խնդիրը դարձյալ ֆինանսական լուրջ միջոցների բացակայությունն է. երիտասարդը 60 հազար դրամ ստանալով` ինչպե՞ս կարող է և՛ գիտությամբ զբաղվել, և՛ ամուսնանալ, և՛  ընտանիք պահել:

Գիտություն գալիս են այն երիտասարդները, ովքեր իրոք ուզում են զբաղվել գիտությամբ: Պետք է ներքին մղում ունենաս, գիտնականի մտածելակերպ ունենաս: Մենք հիմա ունենք շատ լավ և աշխատող երիտասարդներ: Ակադեմիական համակարգում շատ մեծ ուշադրություն ենք դարձնում երիտասարդությանը: Օրինակ, անցյալ տարի մեր բոլոր ակցիաները՝ դրամաշնորհների և մրցույթների հայտարարումը, բոլորը կապված են եղել երիտասարդության հետ: Անցյալ տարի հիմնադրամը մոտ 30մլն դրամ է տրամադրել երիտասարդական տարբեր մրցույթների անցկացման համար: Մենք հայտարարել էին «Ակադեմիա» մրցանակը, Ռուսաստանի հայերի միության հետ միասին ավանդական մրցույթ ունենք «Լավագույն գիտական աշխատանք», Ամերիկյան քաղաքացիական հետազոտությունների ինստիտուտի հետ համատեղ՝ «Գաղափարից դեպի բիզնես» մրցանակը ունենք, և այլն:

Հիմնադրամի գումարները հատկապես գիտնականների ո՞ր խնդիրներին են ուղղված:

– Նախևառաջ` գիտական: Հիմնադրամն ի սիզբանե իր առջև խնդիր էր դրել գիտական արդյունքների առևտրայնացման հարցերով զբաղվել, սակայն հիմնադրամի գումարները չեն բավարարում: Դրա համար բավական լուրջ գումարներ են անհրաժեշտ, դա նաև պետական միջոցներ է պահանջում, իսկ հիմնադրամը ոչ մի բյուջետային ֆինանսավորում չունի: Հիմնադրամն աշխատում է նվիրատվությունների միջոցներով: Ճիշտ է, այդ անչափ կարևոր հարցով մենք չկարողացանք  զբաղվել, սակայն կարողանում ենք աջակցել նաև սոցիալական հարցերին: 5 տարի է` հիմնադրամը գոյություն ունի, և այս տարիների ընթացքում մենք ամենաքիչը մոտ 50 մլն դրամի օգնություն ենք տրամադրել՝ առողջական խնդիրների և հիմնականում վիրահատությունների համար: Դրանք բոլորը բարերարների գումարներն են:

Այսինքն՝ գիտության զարգացման հիմնադրամի բյուջեն ավելի շատ ուղղվում է սոցիալակա՞ն խնդիրների լուծմանը:

– Ոչ միայն, սակայն նաև այդ խնդիրների լուծմանը: Հիմնադրամին ուղղված ցանկացած դիմում անպատասխան չի մնում և լուծում է ստանում, եթե, իհարկե, այդ դիմումը համապատասխանում է մեր չափորոշիչներին: Դեռևս չի եղել մարդ, որ մերժվի, բոլորն էլ ստացել են օգնություն: Մենք շարունակելու ենք մեր աշխատանքը՝ հնարավորինս օգնելով հայաստանյան մեր գիտնականներին:

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս