«Մինչև նախագահական ընտրություններ Սաֆարովի դեպքը կմոռացվի»

«Հայ սպա Գուրգեն Մարգարյանին կացնահարած Ռամիլ Սաֆարովին Ադրբեջանին արտահանձնելու Հունգարիայի որոշման մասին Ռուսաստանի ու Ֆրանսիայի գնահատականի ուշացումը տարօրինակ էր»: Այն մասին 168.am-ի հետ զրույցում ասաց սոցիոլոգ Գևորգ Պողոսյանը:

«Մինսկի խմբի համանախագահող կողմերից միայն մեկն արագ, ոչ այնքան խիստ, բայց արագ արձագանքեց: Իսկ Ռուսաստանը մեծ ուշացումով ու բավական լղոզված գնահատեց իրավիճակը: Սա ոչ միայն՝ տարօրինակ, այլև՝ անհասկանալի է: ՌԴ հայտարարությունը բավական օտարացած էր, որից, ի վերջո, հասկանալի էլ չի դառնում` իրենք մեղադրո՞ւմ են Ադրբեջանին, թե՞ ոչ»,- նշեց Գ. Պողոսյանը:

Սոցիոլոգի խոսքով, այն պատասխան քայլերը, որոնք ձեռնարկել ու իրականացրել է հայկական կողմը, բավարար չէ: «Կարելի էր ավելի խիստ, ավելի լուրջ քայլեր ձեռնարկել: Օրինակ, ԼՂՀ բանակցային հարցի գործընթացը սկսելը շատ տեղին կլիներ: ԱԺ-ն պետք է Ադրբեջանի հետ այս սրված պայմաններում բնակչության անվտանգության ապահովման համար դաշինք կնքեր ու սկսեր ԼՂՀ անկախ Հանրապետության ճանաչման գործընթացը: Այս գաղափարը ճիշտ ու տեղին եմ համարում»,- շեշտեց նա:

Գ.Պողոսյանը նաև հավելեց, որ դեպքերի զարգացմանը հետևելով՝ Հայաստանը կարող է ստեղծված իրավիճակն օգտագործել հօգուտ իրեն. «Ալիևի թույլ տված սխալն իսկապես կարող է ի շահ մեզ օգտագործվել»:

Կարդացեք նաև

Առաջիկա երկու օրերի ընթացքում, ինչպես նշեց Գ. Պողոսյանը, Հայաստանը պետք է ուշադիր լինի Հունգարիայի ձեռնարկած քայլերին. «Եթե, իրոք, խոստացել է, որ Սաֆարովը պետք  է բանտարկվի ու նստի, Հունգարիան պետք է որոշակի քայլերի դիմի: Հավանաբար, Հունգարիայում այս ուղղությամբ մտածում են, ու նրանց լռությունն էլ է մեր օգտին. եթե Հունգարիան Ադրբեջանի հետ իր հարաբերությունները խզի կամ բողոքի նոտա ուղարկի ադրբեջանական կողմին, այս ամենը կրկին մեր օգտին կդիտվի»:

Իսկ ինչ վերաբերում է այն գնահատականներին, թե 2013թ. նախագահական ընտրությունների ժամանակ այս միջադեպը կարող է բացասաբար անդրադառնալ ՀՀ իշխանությունների վրա, ապա սոցիոլոգը հերքում է` ասելով, թե մինչև նախագահական ընտրություններն այս ամենը կմոռացվի և որևէ ազդեցություն չի ունենա ընտրությունների վրա:

 

Տեսանյութեր

Լրահոս