Պառակտիչ «միասնականություն»

Մեկ-երկու շաբաթ հետո մեկնարկող քաղաքական աշնան օրակարգի հիմնական հարցերից մեկը 2013թ. նախագահական ընտրություններում ընդդիմության` մեկ միասնական թեկնածուով մասնակցելու հնարավորությունն է:

Այդ թեման, ամենայն հավանականությամբ, կքննարկվի ընդհուպ մինչև նախագահի թեկնածուների առաջադրման վերջին օրը: Նաև դրանից հետո ու հիմնականում իշխանությունների կողմից` որպես ընդդիմության պառակտվածության ապացույց: Ընդդիմության միասնական թեկնածուի թեման արհեստական է, սակայն այնքան, որքան կեղծ է միասնական թեկնածուով հանդես գալու` առանց բացառության` բոլոր ընդդիմադիր կամ իրենց այդպիսին համարող ուժերի ցանկությունը: Հայ Ազգային Կոնգրեսն, օրինակ, միասնական թեկնածուի թեման չի բացառում այնքանով, որքանով որ այդ թեկնածուն կարող է լինել Լևոն Տեր-Պետրոսյանը կամ իրադարձությունների` որոշակի սցենարով զարգացման դեպքում` ԲՀԿ-ի թեկնածուն:

Նույնկերպ այդ թեման քննարկում է «Ժառանգությունը»` չթաքցնելով, որ միասնական թեկնածուն կարող է լինել միայն Րաֆֆի Հովհաննիսյանի հանգույն: ՀՅԴ-ն ևս «թեմայի մեջ» է այնքանով, որքանով դա կարող է նպաստել կամ Ռոբերտ Քոչարյանի վերադարձին, կամ քոչարյանական բևեռի թեկնածուի «միասնականացմանը»: Ի թիվս այլ պատճառների, միասնական թեկնածուի թեման արհեստական է նաև այն պատճառով, որ վերը նշված հնարավոր գործիչներն ու ուժերը մեկը մյուսի նկատմամբ ունեն նույնքան թշնամանք ու անհանդուրժողականություն, որքան գործող նախագահ Սերժ Սարգսյանի նկատմամբ:

Այսինքն` եթե տեսականորեն պատկերացնենք, որ միասնական թեկնածու է դառնում Լևոն Տեր-Պետրոսյանը և հաղթում ընտրություններում, ապա Ր. Հովհաննիսյանի համար նա պակաս անընդունելի չի լինի, քան Սերժ Սարգսյանը: Նույնը կարելի է ասել նաև Լևոն Տեր-Պետրոսյանի համար Ր. Հովհաննիսյանի` թեկնածու դառնալու և ընտրվելու դեպքում: Ռոբերտ Քոչարյանի պարագայում այս գործոնն ավելի ընդգծված է. թե՛ նրա համար են բոլորն անընդունելի, թե ինքը` բոլորի համար:

Նրա թեկնածությունը կարող է մյուսների կողմից «ընդունելի» համարվել միայն Հայաստանից դուրս կատարվող գործընթացների արդյունքում, որոնք մեր քաղաքական ուժերի համար վեր են ներքին անհանդուրժողականությունից ու քաղաքական սկզբունքայնությունից:

Մի խոսքով, միասնական թեկնածուի թեման հայաստանյան քաղաքական դաշտի ներկայիս իրողությունների պայմաններում ոչ միայն արհեստական է, այլև անհեթեթ: Այդ դեպքում, ինչո՞ւ է այն շարունակում քննարկվել: Եթե դրա մասին խոսեին միայն իշխանական քաղաքական գործիչներն ու լրատվամիջոցները` հասկանալի կլիներ: Իշխանության համար այդ թեման միշտ ձեռնտու է և ընդդիմության դեմ հակակաքարոզչության հարցում լրացուցիչ դիվիդենտներ է ապահովում: Սակայն այդ մասին խոսում են նաև գրեթե բոլոր ընդդիմադիր ուժերը` ՀԱԿ-ը, «Ժառանգությունը», ՀՅԴ-ն:

Մինչդեռ, ազնիվ լինելու պարագայում բոլորը պետք է հայտարարեին, որ այդ թեմայի քննարկումն անիմաստ է այս, այս, և այս պատճառներով: Ինչո՞ւ, ուրեմն, ընդդիմությունը չի փակում այդ թեման: Գուցե այն պատճառով, որ ԱԺ ընտրություններում իշխանությունից «մասնաբաժին» ստանալուց հետո նախագահականում հաղթելու սեփական հնարավորություններն այնքան ցածր են գնահատում, որ ներկայումս ընդամենը զբաղված են քաղաքական առևտրով` 2013թ. ընտրություններից հետո քաղաքական դաշտի հնարավոր վերաբաշխմանը մասնակից դառնալու համար:

Ի դեպ, միասնական թեկնածուի հարցն արդիական է նաև իշխանական համակարգում, որը ներկայումս աշխատում է Սերժ Սարգսյանին իշխանության` ՀՀԿ-ի ու ԲՀԿ-ի միասնական թեկնածու դարձնելու ուղղությամբ: Տարբերությունն այն է միայն, որ ընդդիմության` միասնական թեկնածուի արհեստական փնտրտուքը նպաստում է դրան` նվազեցնելով նախագահական ընտրություններում գոնե երկրորդ փուլ արձանագրելու` առանց այդ էլ փոքր հնարավորությունը:

 

 

Տեսանյութեր

Լրահոս