Հունգարիան հնարավոր է գործարքի գնա Ադրբեջանի հետ ու հանձնի ոճրագործին. իրավապաշտպաններ
Այսօր լրագրողների հետ հանդիպմանը «Ընդդեմ իրավական կամայականության» հիմնադրամի գործադիր տնօրեն Լարիսա Ալավերդյանը և Բուդապեշտում ադրբեջանցի ոճրագործի կողմից սպանված հայ սպա Գուրգեն Մարգարյանի ընտանիքի շահերի ներկայացուցիչ, փաստաբան Նազելի Վարդանյանը անդրադարձան «Ռամիլ Սաֆարովի էքստրադիցիան անընդունելի է» թեմային ։
Լարիսա Ալավերդյանը տեղեկացրեց, որ ավելի քան 80 հասարակական կազմակերպություններ միացել են ստորագրահավաքին` պահանջելով բացառել Հունգարիայից Ռամիլ Սաֆարովի էքստրադիցիան: Ըստ նրա` այս կոչին միացել են առանձին անհատներ ևս:
Լարիսա Ալավերդյանի խոսքով` այս պահանջն այսօր արդիական է, քանի որ, նրա կարծիքով, իր իրականացրած ոճիրը չճանաչած Ռամիլ Սաֆարովի էքստրադիցիայի հավանականությունը միջինից բարձր է:
«Ռամիլ Սաֆարովը հրապարակայնորեն չի ճանաչել Գուրգեն Մարգարյանի սպանության մեղքը. սա ծանր փաստ է: Հանցագործությունից ութ տարի է անցել: Ադրբեջանը այս ութ տարիների ընթացքում չի դադարեցրել Ռամիլ Սաֆարովին Ադրբեջան վերադարձնելու ջանքերը, քանի որ նա իր պատիժը Հունգարիայում է ստանում»,- նկատեց Լարիսա Ալավերդյանը:
Նազելի Վարդանյանն իր հերթին հիշեցրեց, որ ամբողջ դատական գործընթացում Ադրբեջանը, որպես պետություն, ակտիվ մասնակցություն էր ունենում այդ գործընթացին:
«Ադրբեջանը Հունգարիայում բացեց դեսպանատուն, և՛ դեսպանատան ներկայացուցիչները, և՛ Թուրքիայի դեսպանատան ներկայացուցիչները մասնակցում էին դատավարություններին: Այս երկու պետությունները շահագրգռված էին, որ նա հայտնվի ազատության մեջ: Ութ տարի է անցել այդ սպանությունից, ես ավելի եմ համոզվում, որ սա պետական պատվեր է եղել:
Ադրբեջանի ՄԻՊ Սուլեյմանովան ասում էր, որ Ռամիլ Սաֆարովը երիտասարդության լավագույն օրինակ է, Ալիևն ասում էր` հայերին պետք է սպանել Ղարաբաղում, ԵՄ ներկայացուցիչն ասում էր, որ նման բան կարող է լինել Եվրախորհրդարանում ևս, սակայն այս հիստերիան մամուլում փոխվեց Ռամիլ Սաֆարովի ազատազրկման դատավճռից հետո: Այս ողջ ժամանակահատվածում մենք տեսնում ենք, որ պետությունը չի դադարում միջամտել այս գործին, որևէ առիթ բաց չի թողել այս մասին խոսելու»,- նշեց փաստաբանը:
Նա հավելեց, որ ՀՀ պետական մարմինները պետք է շարունակեն պայքարը և բոլոր միջոցները ձեռնարկեն` Հունգարիային Ռամիլ Սաֆարովին Ադրբեջան հանձնել թույլ չտալու համար: Քանի որ, բանախոսի համոզմամբ, Ադրբեջանում նա պատիժ չի կրի` հաշվի առնելով մի շարք հանգամանքներ, այդ թվում` այն, որ 2005 թվականին նա ճանաչվել էր տարվա մարդ, հերոսացվել հասարակական կազմակերպությունների կողմից:
Լարիսա Ալավերդյանի կարծիքով` հայկական կողմը պետք է ստուգի ոչ ուղղակի տեղեկությունը Ռամիլ Սաֆարովի էքստրադիցիայի վերաբերյալ, փորձի հստակեցնել` կա՞ նման տրամադրություն, պաշտոնապես պետք է դիմել հունգարական պետական մարմիններին` պարզելու համար, թե սկսվե՞լ է նման գործընթաց, թե՞ ոչ:
Բանախոսը մեկնաբանեց իր կարծիքը էքստրադիցիայի հավանականության վերաբերյալ` ասելով, որ Հունգարիայում սկսվել են բացասական քաղաքական զարգացումներ, երկիրը ժողովրդավարությունից անցում է կատարում դեպի ավտորիտարիզմ: Ուստի նման իրավիճակում պետությունները տնտեսական օգնության կարիք են ունենում, իսկ խոսակցություններ կան, որ Ադրբեջանը ցանկանում է օգնել Հունգարիայի տնտեսության զարգացմանը:
«Հունգարիան մտել է արժանապատվությունը նսեմացնող հարաբերությունների մեջ, իսկ Ռամիլ Սաֆարովն Ադրբեջանի համար դրոշ է: Էքստրադիցիայի հավանականությունը մեծ է»,- նկատեց Լարիսա Ալավերդյանը: