«Թուրքիան մեծապես նպաստում է Ադրբեջանին` Լիբանանում կրոնական հանգամանքը օգտագործելով ԼՂ հարցով ապատեղեկատվություն տարածելու համար»
Լիբանանում և Սիրիայում տիրող իրավիճակի մասին 168.am-ի հարցերին պատասխանել է Լիբանանի «Ազդակ» օրաթերթի գլխավոր խմբագիր Շահան Գանդահարյանը
– Ինչպիսի՞ն է Սիրիայի հայաշատ թաղամասերում տիրող ներկա իրավիճակը:
– Հայաշատ թաղամասերի շրջակայքում շաբաթավերջին պայթյուներ էին լսվում և կրակահերթեր։ Ցավոք, զոհվել է մի հայ աղջիկ: Հեռախոսակապը լավ չի աշխատում Հալեպի հետ: Երբ հեռախոսը Լիբանանից չի միանում, մենք Դամասկոսից փորձում ենք հավելյալ տեղեկություններ ստանալ մեր թղթակցի միջոցով
– Այսինքն` իրավիճակն ավելի՞ է վատթարացել:
– Կարող եմ ասել, որ շաբաթավերջին իրավիճակը վատթարացել է: Այժմ համեմատական հանդարտություն է։
– Իսկ ինչո՞վ է պայմանավորված այդ հանդարտությունը:
– Որքան հետևում ենք՝ հակակառավարական և կառավարական ուժերի միջև հարձակում-նահանջ գործողություններ են, որոնց ընթացքում լինում են հանդարտության պահեր
– Ի դեպ, «Ազդակը» հասնում է նաև Սիրիա: Այս օրերին կարողանո՞ւմ եք թերթն ապահովել սիրիահայ ընթերրցողներին: Սիրիական կառավարությունը թույլատրո՞ւմ է թերթն անցկացնել սահմանը:
– Խնդիրը վերաբերում է ոչ թե կառավարության արտոնությանը, այլ ճանապարհների անվտանգությանը: Թերթն ամեն օր ուղարկում ենք Դամասկոս, սակայն այս օրերին Դամասկոսից Հալեպ ցամքային ճանապարհները հանձնարարելի չէ: .
– Սիրիական սցենարի առաջին փուլում արդեն խոսում էին սպասվող քաղաքացիական սրացումների մասին նաև Լիբանանում: Այժմ ի՞նչ իրավիճակ է Լիբանանում:
– Հյուսիսային Լիբանանում արձանագրված դեպքերը կարելի է ասել, որ սիրիական իրադարձությունների ազդեցության ներքո են։ Բազմակողմ մոտեցումներ կան,որ բախումների շարժառիթներին չտրվեն համայնքային գունավորոմ`կանխելու համար միջհամայնքային լարվածության զարգացումը։ Այժմ լիբանանյան բանակը վերահսկում է բախումների շրջանը և զգուշավոր հանդարտություն է տիրում։
– Տպավորություն է, թե ԱՄՆ–ն ակնհայտ ձեռնպահ վիճակում է այս պահին, և ամբողջ պատասխանատվությունը, ասես, դրվել է Թուրքիայի վրա: Սիրիա-Լիբանան սցենարից ի՞նչ շահ ունի Թուրքիան:
– Չէի ասի, որ ԱՄՆ-ը ձեռնպահ է: Տարածաշրջանը հայտնվել է գերտերությունների ուշադրության կիզակետում, և նրանք առնչակից են ընթացող տարատեսակ գործողություններին։ Իսկ Թուրքիան ակտիվ ներկայություն էր տարածաշրջանում արդեն քանի տարի ի վեր։ Նոր օսմանականության ծրագիրն իրականացնելու ուղղությամբ թափանցումի տարածքներ էր նվաճում։ Կարծում եմ` Սիրիայի հարցով հիմնական գերխնդիրը Թուրքիայի համար քրդական թղթածրարն է։ Սիրիայի, Իրաքի և Թուրքայի քրդերի միավորումը նոր Քյուրդիստանի ստեղծմանը ճամփա է հարթում, ինչը Թուրքիայի անդամահատման ծրագրի իրականացման կարևոր բաղադրիչ է համարվում։ Դրա համար էր Անկարան անվերջ հանկերգում անվտանգության գոտի ստեղծելու իր ծրագիրը` իբր մարդասիրական նպատակով։ Թուրքիան ակտիվ է նաև Լիբանանում, հատկապես հյուսիսային շրջաններում, որտեղ ապրում են թրքացեղ և թրքախոս ազգաբնակչություն: Անկարայի կողմից կիրառվում է ուղղակի հովանավորչության քաղաքականություն նման ազգաբնակչության նկատմամբ: Սա ևս ազդեցության, ինչու չէ, նաև անվտանգության գոտու թուրքական առաջադրանք է։
– Իսկ Թուրքիայի կողմից Միջերկրական ծովում նավթ փնտրելն ուղղակի «շոո՞ւ» էր: Դեռ երկու տարի առաջ բավական ակտիվ խոսակցություններ կային Լիբանանում, ըստ որոնց` Թուրքիան տնտեսական մեծ հետաքրքրություններ ունի Լիբանանի հանդեպ:
– Որոշ հիմքեր կան, որ,իրոք, ուժնյութի որոնողական աշխատանքներ տարվում են, սակայն խնդիրը նաև շահարկվում է Անկարայի կողմից Լիբանանի հետ տնտեսական հարաբերություններին զարկ տալու համար։
– Ի՞նչ մտավախություններ, անհանգստություններ ունեք այդ համատեքստում
– Անկարայի աշխուժությունը տարածշրջանում և այս դեպքում` Լիբանանում, մտահոգություն է, իհարկե, հայկական կողմի համար։ Լիբանանը արաբական միակ պետություն է, որը ճանաչել և դատապարտել է Հայոց ցեղասպանությունը. այստեղ Անկարան շատ տեղ չունի ժխտողական քաղաքականություն կիրառելու առումով, սակայն Թուրքիան մեծապես նպաստում է Ադրբեջանին` Լիբանանում կրոնական հանգամանքը օգտագործելով Արցախյան հարցով ապատեղեկատվություն տարածելու համար: Երկարաժամկետ կտրվածքով կարող են նաև այլ բարդություններ առաջանան Թուրքիայի կողմից, եթե Անկարային հաջողվի ազդեցության առավել ենթահող ստեղծել Լիբանանում:
– Եվ ի՞նչ կլինի լիբանանահայերի վիճակն այդ դեպքում:
– Լիբանանահայերն ամբողջ քաղաքացիական պատերազմի ընթացքում դիմադրողականության և դիմակայելու առումով լավ փորձ են կուտակել։ Բայց, կարծում եմ` սա միայն լիբանանահայերի խնդիրը չէ։ Մենք պարտավոր ենք համահայկական տարողունակություն ունեցող խնդիրները համազգային ներգրավածությամբ դիմագրավել: Նշածս օրինակները վերաբերում են հակառակորդին, որը շրջափակել է մեր հայրենիքը, որը ժխտում է Հայոց ցեղասպաիությունը, որը նորմալ հարաբերությունների հաստատման համար նախապայմաններ է առաջ քշում և որը Արցախյան հարցով ապատեղեկատվություն է իրականացնում։ Ուրեմն, կարծում եմ` ՀՀ պետությունն ու Արցախը ևս այս հարցի ուղղությամբ անելիք ունեն։ Կարծում եմ` Հայաստան-Լիբանան միջպետական հարաբերությունների ակտիվացումն ու կնքված պայմանագրերի կյանքի կոչումը հակաշիռ քայլեր կլինեն Անկարայի կիրառած քաղաքականության հերթական հանգրվանին:
– Այս օրերին ՀՀ արտաքին գործերի նախարարությունն ի՞նչ օժանդակություն է ցուցաբերում Սիրիայում և Լիբանանում բնակվող հայերին:
– Սիրիահայ երեխաների ժամանումն ու կեցությունը Հայաստան, Արմավիայի թռիչքների իրականացումը Հալեպ և Դամասկոս, Սփյուռքի նախարարության կողմից անցկացվող քննարկումներն ու դրանից բխող որոշումները… Տակավին քաղաքացիություն ստանալու հատուկ կարգի հաստատումը և օթևանների տրամադրման համար հայցերի ընդունումները` կարող եմ դրական գնահատել։ Սրանք ճգնաժամի մատնված համայնքի նկատմամբ պետության ցուցաբերած հոգատարության դրսեվորումներ են. գուցե ոչ բավարար, այնուամենայնիվ, ճիգը օժանդակության ակներև է։ Եվ սա պետք է դրական գնահատել: