Բաժիններ՝

Մեղավորը ոչ թե Գյուղնախարարությունն է, այլ գործարանները

Հայաստանում 40 կազմակերպություն իրականացնում է գյուղատնտեսական մթերքի մթերում: Հիմնական վերամշակող կազմակերպությունները մի քանիսն են` «Արտաշատի պահածոների գործարանը»,  Արարատի մարզի «Բորոդինո» պահածոների գործարանը, Էջմիածնի պահածոների գործարանը, «Նոյան» բնական հյութերի գործարանը, Արմավիրի ՄԱՊ պահածոների գործարանը: «Այս գործարաններից, իրենց հզորություններով, աշխատում են Արտաշատի պահածոների գործարանը և ՄԱՊ-ը: ՄԱՊ-ը հիմնականում մթերում է լոլիկ»,- այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց Գյուղատնտեսության փոխնախարար Ռոբերտ Մակարյանը:  168.am-ի հարցին` եթե այս գործարանները նորմալ են իրականացնում մթերման գործընթացը, ինչո՞ւ են գյուղացիները կանգնում բերքի իրացման խնդրի առաջ, Ռ. Մակարյանը պատասխանեց. «Երբ արդեն սկսվեց բուն բերքահավաքը, Էջմիածնի պահածոների գործարանը, «Բորոդինոն», Արմավիրի մարզի պահածոների գործարանը ֆինանսական պատճառաբանություններ առաջ քաշելով՝ սկսեցին խոսել քիչ ծավալով աշխատելու կամ չաշխատելու մասին»: Նա ուշադրություն հրավիրեց այն հանգամանքի վրա, որ մթերող կազմակերպությունները մասնավոր ընկերություններ են, և լրագրողների կողմից սխալ է ամբողջ մեղքը  Գյուղնախարարության վրա բարդելը: Մակարյանը լրագրողներին առաջարկեց հետաքննություն անցկացնել՝ պարզելու համար, թե ովքեր են կանգնած տվյալ գործարանների թիկունքում: «Մենք փորձում ենք մեր միջոցներով ուղղորդել մթերող կազմակերպություններին՝  գյուղմթերքը մթերել: Բայց մեկն ունի ֆինանսական խնդիր, մյուսը՝ մենեջմենթի, երրորդը՝  իրացման խնդիր: Դրա համար մենք հիմա նախաձեռնել ենք ողջ վերամշակող ոլորտի վերլուծություն իրականացնել, որպեսզի հասկանանք՝ խնդիրն ինչումն  է»:   Ըստ Մակարյանի, գյուղացին չի կարող տեղյակ լինել, թե տվյալ տարի մթերող կազմակերպությունը  գյուղմթերք ընդունելո՞ւ է, թե՞ ոչ: Լրագրողների այն պնդմանը, թե ՄԱՊ-ը լոլիկ սկսել է մթերել սահմանված ժամանակից 10 օր ուշ, այն էլ՝ 29 դրամով, փոխնախարարը պատասխանեց. «ՄԱՊ-ն իր պլանավորած ժամանակից,  Գյուղնախարարության միջամտությամբ, էլի շուտ է սկսել մթերումը: Արմավիրի պահածոների գործարանն իր արտադրական հնարավորությունների շատ փոքր մասով էր աշխատում, այդ խնդիրը վերացնելու համար Գյուղնախարարությունը ՄԱՊ-ին հորդորել, խնդրել է՝ շուտ սկսել մթերման գործընթացը»: Ռ.Մակարյանը չժխտեց, որ ՄԱՊ-ը մթերում է լրագրողի նշած գնով, այն է՝ 29 դրամով, բայց «Բորոդինո» պահածոների գործարանը, որն իր մթերման աշխատանքները սկսել է 1-3 օր առաջ, գյուղմթերք մթերում է 30 դրամով: Նշենք, որ 32 դրամով «Բորոդինո» պահածոների գործարանը լոլիկ է գնել այն գյուղացիական տնտեսություններից, որոնց հետ պայմանագիր է կնքել: Ռ.Մակարյանի պնդմամբ՝ Գյուղնախարարության նպատակն է եղել լոլիկի մթերման գինը, «Բորոդինո» պահածոների գործարանի դեպքում, հասցնել մինչև 34 դրամի:

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս