Գյումրի-Աբովյան-Երևա՞ն

Գյումրիի դեռևս գործող քաղաքապետ Վարդան Ղուկասյանի հետ տեղի ունեցածը, ինչի արդյունքում նա չառաջադրվեց սեպտեմբերի 9-ին կայանալիք քաղաքապետի ընտրություններում, բավական հետաքրքիր օրինաչափություններ ի հայտ բերեց առաջիկա քաղաքական աշնան մեկնարկից առաջ: Մի կողմ թողնելով մոտ մեկ ամիս տևած «ՀՀԿ-ն՝ ընդդեմ Վարդանիկի օպերացիայի» մանրամասները, կարելի է արձանագրել. Հայաստանի` մեծությամբ երկրորդ քաղաքում ՀՀԿ-ն մեկուսացրեց իր անդամ հանդիսացող քաղաքապետին` կանաչ լույս վառելով «նախագահի հավանությանն» արժանացած ԲՀԿ-ական Սամվել Բալասանյանի համար:

Միամտություն կլինի կարծել, որ այս գործընթացն առանձին վերցրած՝ Գյումրիում ինչ-որ խնդիրներ լուծելու նպատակ էր հետապնդում: Ակնհայտ է, որ այն տեղի ունեցավ առաջիկա նախագահական ընտրություններում ՀՀԿ-ԲՀԿ հարաբերությունների համատեքստում: Թե ինչպես է վարձահատույց լինելու ԲՀԿ-ն՝ Գյումրին գոնե «անվանապես» իրեն փոխանցելու համար, պարզ կդառնա առաջիկայում: Բայց, որ փոխհատուցում լինելու է` կասկածից վեր է:
Այսինքն` արդեն պարզորոշ կերպով ուրվագծվում է այն մեխանիզմը, որով համագործակցում են ՀՀԿ-ն ու «ոչ կոալիցիոն» ԲՀԿ-ն:

Այդ առումով, թերևս, ավելի ուշագրավ է Աբովյանի քաղաքապետի ընտրությունը: ԲՀԿ-ն պաշտոնապես հայտարարել է, որ այդ ընտրություններում առաջադրելու է գործող քաղաքապետ Կարապետ Գուլոյանի թեկնածությունը: Վերջինս ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանի փեսան է: ՀՀԿ-ն ոչ միայն դեռևս Աբովյանի քաղաքապետի ընտրություններում թեկնածու առաջադրելու մասին հայտարարություն չի արել, այլև, դատելով վերջին զարգացումներից` չի էլ անելու: Տևական ժամանակ խոսվում էր, որ Աբովյանի քաղաքապետի ընտրություններում իր թեկնածությունն առաջադրելու է Գ. Ծառուկյանի սանիկ, «Պալաչ» մականունով Անդրանիկ Հարությունյանը: Վերջինիս հարաբերությունները ԲՀԿ նախագահի հետ, ինչպես հայտնի է, լարվել էին դեռևս խորհրդարանական ընտրություններից մի քանի ամիս առաջ:

Այդ լարվածությունը ՀՀԿ-ն երկար ժամանակ օգտագործեց: Սակայն անցած ամիս նախ՝ Հարությունյանի անունից Գ. Ծառուկյանին ուղղված «մեղայական» նամակ տարածվեց (նա փորձեց հերքել, որ նամակի հեղինակն ինքն է, սակայն, միաժամանակ, հայտարարեց, որ Գ. Ծառուկյանի հետ իր հարաբերություններն այլևս հարթվել են), ինչից հետո հասկանալի դարձավ, որ քաղաքապետի ընտրություններում նրա առաջադրման «թեման փակվել» է: Թեև ՀՀԿ-ից պաշտոնապես հայտարարում են, որ ՏԻՄ ընտրություններում առաջադրումների հարցը դեռևս վերջնականապես չեն քննարկել, սակայն, մեծ հավանականությամբ, Աբովյանում նրանք թեկնածու չեն ունենա:

Այսինքն` ընդամենը մեկ-երկու ամիս հետո կոալիցիային մաս չկազմած ԲՀԿ-ն ՀՀԿ-ի ակտիվ ջանքերով կարող է ոչ միայն պահպանել, այլև ընդլայնել տեղական ինքնակառավարման մարմիններում ունեցած ազդեցությունը, այն էլ՝ քաղաքապետերի մակարդակով: Իսկ ո՞վ է ասել, որ «ընտրված քաղաքապետերը» պակաս ազդեցիկ պաշտոնյաներ են, քան «նշանակովի» երկու մարզպետներն ու մի քանի փոխմարզպետները, որ ուներ ԲՀԿ-ն մինչև վերջերս: Այսինքն, այդպիսով ԲՀԿ-ին դե ֆակտո վերադարձվում է այն, ինչ նա կորցրեց՝ կոալիցիային մաս չկազմելու արդյունքում:

Իշխանության բաշխման կամ վերաբաշխման այս սցենարն ուշագրավ է նրանով, որ կարող է դրվել նաև նախագահական ընտրություններում ԲՀԿ-ի հետ պայմանավորվածությունների հիմքում: 2013 թվականի փետրվարին կայանալիք նախագահի ընտրություններից ընդամենը երկու ամիս անց տեղի են ունենալու Երևանի ավագանու ընտրությունները: ԲՀԿ-ն ավագանում, ինչպես և՝ ԱԺ-ում, մեծությամբ երկրորդ խմբակցությունն ունի: Նախագահական ընտրություններում Սերժ Սարգսյանին պաշտոնապես սատարելու, անգամ սեփական թեկնածու ունենալու դեպքում «ցանկալի վարքագիծ ցուցաբերելու» դիմաց՝ իշխանությունը «Բարգավաճ Հայաստանին» կարող է խոստանալ Երևանի քաղաքապետի պաշտոնը:

ԲՀԿ-ականների համար դա, իհարկե, լավագույն տարբերակը չէ, քանի որ նրանց թիրախը վարչապետի պաշտոնն է: Սակայն իրադարձությունների որոշակի զարգացման դեպքում Երևանի քաղաքապետի պաշտոնը կարող է դառնալ «չարյաց փոքրագույնը» ԲՀԿ-ի համար:

Ի դեպ, և՛ Գյումրիի, և՛ հատկապես Աբովյանի քաղաքապետի ընտրությունները ուշագրավ են նաև Հայ ազգային կոնգրեսի դիրքորոշման առումով: ՀԱԿ-ը երկու քաղաքներում էլ թեկնածուներ չի առաջադրելու` «ՏԻՄ ընտրություններում քաղաքապետի թեկնածուներ չառաջադրելու ընդհանուր որոշման» շրջանակներում: Փաստորեն, գրեթե կրկնվում է մայիսի 6-ի խորհրդարանական ընտրությունների պատկերը: ՀԱԿ-ը մեծամասնական ընտրակարգով թեկնածուներ էր առաջադրել գրեթե բոլոր ընտրատարածքներում, բացառությամբ` մի քանի ընտրատարածքների, որոնցում թեկնածու ուներ միայն ԲՀԿ-ն: Այդպիսի ընտրատարածքներից մեկն էլ Աբովյանի թիվ 28 ընտրատարածքն էր, որտեղ առաջադրվել էր ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանը:

 

 

 

Տեսանյութեր

Լրահոս