![](/banners/BeFunky-design.jpg)
Հայաստանն ապահովված է հակաթույներով
![](https://168.am/wp-content/uploads/2012/08/-Երիցյան-e1344684208942.jpg)
Օձերն ու կարիճները ներթափանցել են մարդկանց կենցաղ: Ոչ պաշտոնական տվյալներով` միայն այս տարվա վերջին մի քանի ամիսների ընթացքում արձանագրվել են օձի խայթոցի 148-ից ավելի գրանցված դեպքեր, որոնցից երկուսը մահվան ելք են ունեցել: Հիշեցնենք, որ Հայաստանում գոյություն ունեն 23 տեսակի օձեր, որոնցից չորսը թունավոր են` լեռնատափաստանային իժը, դարոևսկու իժը, հայկական իժը և գյուրզան:
168am-ն օրերս անդրադարձել էր Երևան քաղաքում օձերի և կարիճների շատացման խնդրին: Ըստ Կենդանաբանական այգու Ակվատերարիում բաժնի վարիչ Կարեն Մարտիրոսյանի` տարեցտարի աճող օձերի և կարիճների՝ մարդկանց հետ հանդիպումները լուրջ անհանգստացնող երևույթ է դարձել:
Ըստ Մարտիրոսյանի՝ այդ փաստից մարդկանց մոտ առաջանում են սթրեսներ և ֆոբիաներ: Կ. Մարտիրոսյանը, խոսելով սողուններից և կարիճներից, նշել էր նաև, որ Հայաստանը դրանց դեմ պայքարելու և մարդկանց փրկարարական աշխատանքները կազմակերպելու համար բավարար միջոցներ չունի` տեխնիկա, մասնագետներ, համապատասխան ֆինանսական միջոցներ: Այդ իսկ պատճառով, իրենց ընկերության մասնագետները ստիպված են եղել շատ հաճախ մարդկանց հասարարական հիմունքներով օգնության հասնել: «Էկզոտարիումը» 3-4 տարի շարունակ Փրկարար ծառայությունից, Հրշեջ վարչությունից, քաղաքապետարանից զանգեր էր ստանում՝ լավագույնս պատրաստված մասնագիտական խմբով այդ աշխատանքները կատարելու համար: «Մասնագետները դեպքի վայր էին մեկնում հատուկ գործիքներով, հակաթույնով, և, որն ամենակարևորն է, մարդու հետ հոգեբանական աշխատանք էին կատարում» ,- նշել էր Կարեն Մարտիրոսյանը:
168.am-ը ՀՀ Արտակարգ իրավիճակների նախարար Արմեն Երիցյանից փորձեց պարզել, արդյոք Հայաստանն ապահովվա՞ծ է հակաթույնով և համապատասխան մասնագետներով: «Մենք ունենք համապատասխան բոլոր ծառայությունները: Ես մեր մասնագետներին վերապատրաստման եմ ուղարկել: Ունենք համապատասխան միջոցներ: Բոլոր քաղաքացիների ահազանգերին արձագանք տրվում է, մեր մասնագետները գնում են դեպքի վայրեր»,- ասաց Ա. Երիցյանը: