«Իսկական մարդկությունը Հայաստանի գյուղական բնակավայրերում է»

Ասում է կինոռեժիսոր, լուսանկարիչ Յակոբ Քամայը

Այս օրերին Հայաստանում է գտնվում Թուրքիայում ծնված, սակայն ծագումով հայ կինոռեժիսոր, լուսանկարիչ Յակոբ Քամայը, ով 2004 թվականին հեռանալով Թուրքիայից՝ բնակություն է հաստատել Շվեյցարիայում: Նա ներկայումս աշխատում է Ցյուրիխի «Մաքսիմ» թատրոնում: Ունի իր անձնական վեբ կայքը, որտեղ ներկայացնում է իր աշխատանքները` լուսանկարները, սցենարները և գրառումները:

Առաջին անգամ այցելելով Հայաստան՝ Յ. Քամայն այնպես է տպավորվել հայկական գյուղական բնակավայրերի մշակույթով, որ սկսել է ընկերոջ հետ հայկական ծիրանի մասին ֆիլմ նկարահանել: Ծիրանը ներկայացնելով որպես Հայաստանի սիմվոլ՝ նա ցանկանում է աշխարհին ցույց տալ հայկական ավանդույթները, գյուղի առանձնահատկությունը, հայ մարդու ստեղծարարության ներուժն ու առհասարակ` աշխարհում ոչ այնքան հայտնի Հայաստան պետությունը:

Նա մտադիր է ծիրանի մասին վավերագրական ֆիլմով աշխարհում պրոպագանդել մեր երկիրը, քանի որ ֆիլմի սցենարն ինչ-որ իմաստով ընդգրկում է հայ ժողովրդի պատմությունը, մշակույթը: «Շատ էի ցանկանում այցելել ոչ եվրոպական որևէ երկիր: 7-8 տարի է, ինչ Շվեյցարիայում ինքս ինձ կորցնելու զգացողություն ունեի: Ցանկանում էի Հայաստանը տեսնել, որի մասին կարող եմ երկու տեսանկյունով արտահայտվել: Երևան քաղաքը շատ գեղեցիկ կառուցված և իսկական քաղաք է, բայց քաղաքն ինձ քիչ է հետաքրքրում: Գյուղական համայնքներն ինձ համար մի նոր աշխարհ, բացահայտումների անվերջանալի մի շղթա են: Գյուղի մարդիկ ինձ վրա շատ մեծ տպավորություն թողեցին, նրանք չափազանց ջերմ են. այնպիսի տպավորություն ունեմ, կարծես ես իրենց հետ դեռ շատ վաղուց ծանոթ էի: Գյուղում իսկական մարդկություն կա: Ես ծնվել եմ Թուրքիայի Քյախթա քաղաքում, որից ստիպված եմ եղել հրաժարվել` հանուն իմ գաղափարների: Արդեն քանի տարի է՝ ինձ փախստականի պես էի զգում, ամենուր ինձ օտար էի զգում, և չկար իմ տարածքը լինելու զգացողությունը: Հայաստանի գյուղերում` տատիկ-պապիկների, երեխաների հետ շփման ժամանակ՝ ես առաջին անգամ հետաքրքիր զգացողություն ունեցա` թոթափեցի փախստականի զգացողությունը, իմ հայրենիքում, իմ ժողովրդի հետ, մորս հետ եմ ինձ զգում: Իմ իսկական ընտանիքն ապրում է Քյախթայում: Հայաստանի գյուղերում ու Քյախթայում ընտանիքի հետ լինելու զգացողության մեկ տարբերություն կա. այնտեղ հարազատներիս հետ թան պիտի խմեի, իսկ այստեղ` ծիրանի օղի եմ խմում (ծիծաղում է.- Լ.Ս.)»,- 168.am-ի հետ հարցազրույցում նշեց Յ. Քամայը` հավելելով, որ թեև Շվեյցարիան աշխարհի ամենաքաղաքակիրթ և զարգացած պետություններից է, այդուհանդերձ՝ ստեղծագործող մարդու համար կարծես նյութը սպառված լինի, փնտրելու բան գրեթե չկա:

Կարդացեք նաև

Հայաստանում կինոռեժիսորը թե՛ կինոմատոգրաֆիայի, թե՛ լուսանկարչական արվեստի ստեղծագործական չափազանց մեծ պաշար է հավաքել. «Եվրոպայում երբեմն հուսահատվում ես, թվում է` այլևս անելու բան չկա, աշխարհի վերջն է, որովհետև ամեն ինչ արդեն արված է: Թվում է` այլևս առաջ գնալու տեղ չկա, բայց Հայաստանում այնպիսի ոգևորություն եմ ապրում, որ, վստահ եմ, շատ գործեր եմ անելու»,- ասում է նա:

Ի դեպ, Յ. Քամայը Շվեյցարիայի տեղեկատվական հնարավոր բոլոր միջոցներով ակտիվ պրոպագանդում է Հայաստանում ամեն տարի անցկացվող «Ոսկե ծիրան» կինոփառատոնի մասին բոլոր մանրամասները:

33 տարեկանում բացահայտել է, որ ծագումով հայ է

Յակոբ Քամայի կյանքի պատմությունը շատ հուզիչ է: Միայն 33 տարեկան հասակում է բացահայտել, որ ինքն ազգությամբ հայ է, և առայսօր շատ խառը, յուրահատուկ ընկալումներ ու զգացողություններ է ապրում: «Մեր ընտանիքում երբեք չի քննարկվել մեր արմատների թեման, որովհետև Թուրքիայի տարածքում դա վտանգավոր է: Մայրս երբեք բարձրաձայն չի ասել, որ հայ է: Քեռիս, ընդունելով և բարձրաձայնելով իր հայ լինելու մասին, հեղափոխականների հետ Թուրքիայի դեմ պայքարել է, որի պատճառով, 30 տարի է, Շվեյցարիայում է ապրում: Եթե վերադառնա Թուրքիա` իսկույն բանտ կնստեցնեն: Հասկանալով, որ նույն բանն իր երեխաների հետ կպատահի` մայրս մշտապես վախից երբեք հայի իր ծագման մասին չի խոսել: Մեր հարցադրումները միշտ անպատասխան են մնացել, բայց մայրս իր մանկության հիշողությունների մասին պատմել է, թե ինչպես էին ձու ներկում, չամիչով փլավ պատրաստում, որպեսզի քրիստոնեական Զատիկի տոնը նշեն: Թուրքիայում հայ լինելու մասին խոսելը կարող էր ճակատագրական լինել, և մայրս փորձել է պաշտպանել մեզ»,- պատմում է Յ. Քամայը` հավելելով, որ հայրն ազգությամբ քուրդ է, իսկ մայրը նույնիսկ թուրքերեն լեզուն չգիտի:

Հիշում է, որ դպրոցում սովորելու ժամանակ ուսուցչուհին դաժանաբար ծեծում էր, որ ինքը թուրքերեն խոսի: Ասում է` 13-14 տարեկան հասակում դասընկերներով մանրադրամներ էին հավաքում և գրքեր էին գնում: «Կարդում, ուսումնասիրում էինք այդ գրքերն ու հասկանում էինք, որ դպրոցում մեզ լրիվ ուրիշ պատմություն են սովորեցնում: Թուրքիան իր սերնդին կեղծիքով է դաստիարակում: Մեր թաղամասում շատ հայեր կային, բայց վախենում էին այդ մասին խոսել, ասում էին` կրոնափոխ ենք: Հիմա էլ վախենում են խոսել հայ լինելու մասին: Դպրոցում ես միացա հեղափոխական մի կազմակերպության, որը կռվում էր Թուրքիայի սիստեմի դեմ: Մենք մի խումբ ընկերներով գիտակցում էինք, որ Թուրքիան պետական մակարդակով երեխաներին սուտ, կեղծիք է սովորեցնում: Մենք ստեղծեցինք մեր աշխարհը, որտեղ ճշմարտությունն էինք որոնում: Սկսեցի մասնակցել զինված գործողություններին, որով Թուրքիայում բնակվող ազգային փոքրամասնությունները կռվում էին թուրքական ռեժիմի դեմ: Մոտ տասը տարի զենքով կռվելուց հետո մենք սկսեցինք կինոթատրոններ, մշակույթի տներ կառուցել և փորձել հոգևոր պատերազմ սկսել, պատմությունն արվեստի միջոցով ներկայացնել»,- պատմում է Յ. Քամայը, ում, այնուամենայնիվ, որպես իշխանության դեմ զինված հարձակում կատարած անձի՝ ձերբակալել են:

Մի քանի ամիս բանտում լինելուց հետո նա ազատ է արձակվել՝ մինչև դատարանի վճռի հրապարակումը: «Ես կարողացա փախուստի դիմել և 2004 թվականից Շվեյցարիայում եմ: Բնականաբար, գործը չի փակվել, և ինձ փնտրում են: Թուրքական պետության դեմ ըմբոստացող հեղափոխականների ցուցակում իմ անունն էլ կա: Եթե հայտնվեմ այնտեղ` շատ երկար բանտում կմնամ»:

Հիմա Յ. Քամայն ուսումնասիրում է պատմությունը և փորձում է հնարավորինս ճշգրիտ պատմական տեղեկատվություն ստանալ: Լինելով ընտանիքից շատ հեռու՝ նա չի դադարում անգամ ինտերնետային կապերի միջոցով մորը հարցեր տալ:

Վաղը նա կրկին կմեկնի Շվեյցարիա` կրկին Հայաստան վերադառնալու սպասումով: Յ. Քամայը հավաստիացնում է, որ իր տպավորություններով ու նյութերով կկիսվի իր անձնական վեբ-կայքում, իսկ հետագայում արդեն կզբաղվի ցուցահանդես կազմակերպելու և ֆիլմի ավարտական աշխատանքներով:

 

Տեսանյութեր

Լրահոս