«Կարող է Լևոն Զուրաբյանն ինչ-որ բան գիտի, որի մասին ես տեղյա՞կ չեմ»
ՀԱԿ համակարգող, ԱԺ ՀԱԿ խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանը 168.am-ին տված հարցազրույցում՝ անդրադառնալով ՀԱԿ-ԲՀԿ համագործակցությանը, ասել էր, թե այսօր ստեղծվել է մի իրավիճակ, երբ «այս ռեժիմը ոչ, առանձին վերցված, Կոնգրեսից է վախենում, ոչ էլ՝ առանձին վերցված, ԲՀԿ-ից, սակայն այս վարչակարգի համար ամենամեծ մղձավանջային սցենարն այն է, որ ՀԱԿ-ը և ԲՀԿ-ն սկսեն միասնաբար աշխատել այս ռեժիմի դեմ: Ահա այս սցենարն է, որն ամենաշատն է վախեցնում իշխանություններին, և նրանք ամեն ինչ անելու են, որպեսզի դա չիրականանա»:
ՀՀՇ անդամ, ԱԺ արտաքին հարաբերությունների հարցերով մշտական հանձնաժողովի նախկին նախագահ Հովհաննես Իգիթյանից հետաքրքվեցինք՝ արդյոք համոզի՞չ է այս պատճառաբանությամբ ԲՀԿ-ի հետ ՀԱԿ-ի համագործացությունը, և արդյո՞ք իսկապես իշխանությունները սարսափում են ՀԱԿ-ԲՀԿ միասնական սցենարից: Ի պատասխան, Հովհաննես Իգիթյանն ասաց.
«Լևոն Զուրաբյանը պատգամավոր է և շփվում է նաև շատ անհայտ պատգամավոր կոլեգաների հետ: Ես այդ հնարավորությունը չունեմ: Լ. Զուրաբյանը նաև ներկայացնում է ՀԱԿ-ը, իսկ ես՝ ոչ: Կարող է ինքը ինչ-որ բան գիտի, որի մասին ես տեղյա՞կ չեմ, բայց ես կարող եմ ասել, որ՝ իշխանությունների կողմից սարսափ՝ ՀԱԿ-ից, ԲՀԿ-ից՝ առանձին, թե միասին վերցված, չեմ տեսնում: Իմ կարծիքով՝ իշխանությունն ավելի շատ վախեցած է քաղաքացիական հասարակությունից, ժողովրդի ոչ քաղաքականացված հատվածի ըմբոստությունից, և որոշ բաներ անում է այս անկազմակերպ բողոքներից խուսափելու համար: Այստեղ ես հասարակության դերն ավելի շատ եմ գնահատում, քան այսօրվա քաղաքական ուժերի ազդեցությունն իշխանությունների վրա: Հատկապես, եթե հաշվի առնենք այն հանգամանքը, թե ինչպես խորհրդարանական ուժերը փորձեցին արտահերթ նիստ հրավիրել «Հարսնաքարում» տեղի ունեցած ողբերգական դեպքի առնչությամբ, ինչը չստացվեց: Հենց դրանից զգացվում է, որ ՀԱԿ-ԲՀԿ համագործակցությունն այնքան էլ լավ չի ստացվում»:
Հիշեցմանը, թե Լ. Զուրաբյանի կարծիքով՝ այդ նախաձեռնությանը ԲՀԿ-ից ութ պատգամավորի միանալն արդեն իսկ կարելի է համարել սկանդալային, քանի որ նախկինում հնարավոր չէ հիշել մի նախաձեռնությունը, երբ ԲՀԿ-ից որևէ մեկը կմիանար ՀԱԿ-ի որևէ նախաձեռնությանը, Հովհաննես Հգիթյանն ասաց. «Հնարավոր է ես մի քիչ ավելի գլոբալ եմ մոտենում խնդիրներին և բաց եմ թողնում որոշ դետալներ, սակայն ինձ համար մի շատ կարևոր բան կա. ես հետևում եմ Հայաստանի թե’ քաղաքական, թե’ տնտեսական, թե’ մարդու իրավունքների ոտնահարման, թե’ ֆինանսական անցուդարձին, և ինձ համար կարևոր է, որպեսզի Հայաստանում առաջընթաց լինի՝ անկախ նրանից՝ քաղաքական ուժերն ազդո՞ւմ են իշխանությունների վրա, թե՞ ոչ, ի՞նչ են անում իշխանությունները և այլն: Մեր հիմնական նպատակը քաղաքական սկանդալային կամ ոչ սկանդալային հայտարարությունները չեն: Ես այսօր Հայաստանի առաջընթացը չեմ տեսնում: Չգիտեմ՝ կարող է այն գործընթացը, որն իմ գործընկերները տեսնում են՝ շատ ավելի մեծ ժամկետ է պահանջում, բայց, ես կարծում եմ, որ մենք արդեն արդյունքները պետք է տեսնեինք՝ Հայաստանի գլոբալ զարգացման տեսակետից: Թեկուզ մթնոլորտային փոփոխություն պիտի տեսնեինք Հայաստանում, ինչը ես նույնպես չեմ տեսնում: Եվ երբ ես կտեսնեմ, որ թե’ իշխանությունները, թե’ խորհրդարանն ավելի արդյունավետ են աշխատում, ես կասեմ՝ այո, մենք հասել ենք արդյունքի»: