Ադրբեջանցի քաղաքական գործիչը հեգնում է Ալիևին. «Բա ինչո՞ւ չկարողացաք վերցնել Ղարաբաղը»

Ադրբեջանի գլխավոր ընդդիմադիր Ժողովրդական ճակատ կուսակցության առաջնորդ Ալի Քերիմլին հանդես է եկել ղարաբաղյան ճակատում վերջին օրերին ադրբեջանական բանակի ձախողված ռազմական գործողությունների հետ կապված երկրի քաղաքական եւ ռազմական ղեկավարությանն ուղղված քննադատական հայտարարությամբ:

Ինչպես հաղորդում է azadliq.info լրատվական կայքը, Քերիմլին Facebook-ի իր էջում հիշեցրել է Ադրբեջանի բարձրագույն ղեկավարության կողմից Լեռնային Ղարաբաղը «վերագրավելու» մասին ամեն օր հորջորջվող «Պետք լինի, Ղարաբաղը կվերցնենք» արտահայտությունը, եւ հարց տվել նրանց. «Բա ինչո՞ւ չկարողացաք վերցնել»:

«Եթե խոսում եք բանակի բարձր պատրաստվածության, անկախ կրոնական, էթնիկ տարբերություններից հասարակության միասնականության, աշխարհի, հարեւանների, հատկապես` Թուրքիայի բարձր մակարդակի աջակցության, հակառակորդի դժվար վիճակում եւ խուճապի մեջ լինելու մասին, ապա ինչո՞ւ չկարողացաք կատարել ձեր «պետք լինին»: Խնդրում եմ, այլեւս «Պետք լինի…» տեսակի արտահայտություններ մի արեք, դա լուրջ չի ընդունվելու», -Ադրբեջանի քաղաքական եւ ռազմական ղեկավարությանն ուղղված ուղերձում նշել է Ալի Քերիմլին:

Ապրիլի 1-5-ին ԼՂՀ դեմ ռազմական սադրանքին հայկական կողմի ջախջախիչ հակահարվածի արդյունքում Ադրբեջանը կորցրել է 2 ուղղաթիռ, 24 տանկ, 3 հետեւակի մարտական մեքենա, 1 ինժեներական տեխնիկա, 7 անօդաչու սարք, 1ՄՄ 21 ռեակտիվ հրետանու մարտական մեքենա: Մարտական գործողութունների ընթացքում ադրբեջանական զինուժը տվել է ավելի քան 300 կորուստ, մոտ 2000 վիրավոր:

Տեսանյութեր

Լրահոս