«Հոգեբանների մոտ նա չի բուժվել, լրիվ նորմալ, ադեկվատ տղա է եղել». Ասում է Վալերի Պերմյակովի հայրը՝ Պավել Պերմյակովը
Գյումրիում հունվարի 12-ին Ավետիսյանների ընտանիքի սպանության գործի նախաքննությունն ավարտվել է: Նախաքննության ավարտին Ավետիսյանների ընտանիքի սպանության մեջ մեղադրվող Վալերի Պերմյակովին նոր մեղադրանք է առաջադրվել. այժմ նա մեղադրվում է նաև ավազակության և պետական սահմանն ապօրինի հատելու մեջ: Վ. Պերմյակովի հայրը՝ Պավել Պերմյակովը, սակայն, նշում է, որ որդին չէր կարող նման բան անել: Որդուն նա բնութագրեց որպես «նորմալ տղա»:
Մեր հարցին, թե ինչպիսն է եղել որդին մանուկ հասակում, նա պատասխանեց. «Ինչպիսի՞ն կարող էր լինել: Նորմալ տղա էր, ինչպես բոլորը՝ նորմալ, հանգիստ, հավասարակշվռած, բարի»: Նա նշեց, որ հասկանում է՝ յուրաքանչյուր մարդու կարելի է հասցնել ցանկացած վիճակի, բայց բազմաթիվ հարցեր կան, որդին նորմալ, հանգիստ տղա է եղել:
Ինչպես հայտնի է, Վ. Պերմյակովն ընդունել է մեղադրանքը. մեր հարցին, թե այդ դեպքում ի՞նչը կարող էր որդուն ստիպել ընդունել հանցագործություն, որն ինքը չի կատարել, Պ. Պերմյակովը պատասխանեց, թե չգիտի. «Ի՞նչ գիտեմ ես՝ ինչ է տեղի ունեցել, ինչպե՞ս կարող եմ ասել: Ես պատկերացում չունեմ՝ ինչ կարող էր այնտեղ տեղի ունենալ»:
Պ. Պերմյակովի խոսքով՝ որդուն ձերբակալելուց հետո ինքը նրա հետ չի խոսել: «Զանգահարել եմ, թույլտվություն խնդրել, մեզ թույլտվություն չեն տվել»,- ասաց նա:
Հարցաքննություններից մեկի ընթացքում Վ. Պերմյակովը նշել է, որ լքել է զորամասը, որպեսզի վերադառնա Ռուսաստան:
Հարցին՝ արդյոք իր որդին բողոքե՞լ է ծառայությունից, ՌԴ վերադառնալու պատճառներ ունե՞ր, Վ. Պերմյակովի հայրը՝ Պ. Պերմյակովը, պատասխանեց. «Ոչ, ամեն ինչ նորմալ էր:
Ռուսաստանում ծառայել է, նորմալ է ծառայել, ոչ մի խնդիր չի ունեցել»: Նա նաև նշեց, որ որդին հոգեկան խնդիրներ չի ունեցել, «շատ շփվող, ուրախ տղա է եղել»: «Շատ բաներ են գրում, շատ բաներ են խոսում: Այդ ամենը ճիշտ չէ: Հոգեբանների մոտ նա չի բուժվել, լրիվ նորմալ, ադեկվատ տղա է եղել»,- ասաց նա՝ նշելով, որ դրանք հորինվածքներ են:
Ինչպես հայտնի է, ռուսական դատարանը դասալքության զենք-զինամթերք հափշտակելու և ապօրինի կրելու համար Վ. Պերմյակովին դատապարտել էր 10 տարվա ազատազրկման:
Նրա հայրը, սակայն, նշեց, որ պաշտոնական հաստատում չունեն, որ նրան 10 տարվա ազատազրկման են դատապարտել. «Մեզ ոչ ոք պաշտոնապես նույնիսկ թուղթ չի ցույց տվել: Որպես ծնողների՝ ոչ ոք պաշտոնապես չի հայտարարել, որ նա 10 տարի է ստացել: Իսկ այդպեսգ ի՞նչ կարող ենք ասել: Մենք չենք հավատում մեղավորությանը, չենք ընդունում պատիժը, որովհետև մենք գիտենք, որ նա չէ, մենք հավատում ենք դրան: Ինչ պատիժ կարող է լինել, եթե նա չի եղել»: Նրա խոսքով՝ երբ հանդիպի որդուն, այդ ժամանակ էլ պարզ կլինի. «Երբ ես հանդիպեմ նրան, խոսեմ հետը, այդ ժամանակ կերևա:
Իսկ հիմա ի՞նչ կարող ենք մենք ասել: Ոչինչ չենք կարող ասել: Մենք ոչինչ չգիտենք: Մեզ հնարավորություն չեն տալիս կապվելու, խոսելու»:
Պ. Պերմյակովը նշեց, որ չի կարող ասել՝ արդյոք որդին ճանաչե՞լ է Ավետիսյանների ընտանիքի անդամներին, ում սպանության մեջ մեղադրվում է. «Այստեղ՝ Ռուսաստանում ապրելով նա նրանց հաստատ չի ճանաչել: Իսկ այնտեղ չգիտեմ: Նրա հետ շփվել եմ հեռախոսով, բայց նա չի ասել տեղացիների հետ ծանոթության մասին»: Նա նշեց նաև, որ Հայաստան գալ չեն պլանավորում, քանի որ իմաստ չեն տեսնում. «Եթե ամեն ինչ այսպես է գնում, ապա հնարավոր է՝ նրան դատապարտեն»: Նա նշեց, որ իրենց համար դժվար է հավատել, որ որդին կարող էր նման բան անել. «Մենք նրան չենք տեսել, չենք խոսել հետը»: