Բաժիններ՝

Անդրեյ Տարկովսկու կյանքի կանոնները. cineast.com

Ռուս հռչակավոր ռեժիսոր և սցենարիստ, ծնվել է 1932 թվականին Զավրաժիեում, մահացել է 1986 թվականին Փարիզում: Հայրը նշանավոր բանաստեղծ Արսենի Տարկովսկին է: Մանկությունն անցել է Յուրևեց քաղաքում: Այնուհետև ընտանիքը տեղափոխվել է Մոսկվա, որտեղ էլ Անդրեյը հաճախել է միջնակարգ դպրոց: Հայրենական պատերազմը պատճառ է դարձել, որպեսզի նա մոր հետ վերադառնա հայրենի գյուղ, իսկ հայրը մեկնել է ճակատ: 1943-ին ընտանիքը վերստին մեկնում է Մոսկվա: 1951-ին Տարկովսկին սկսել է արաբերեն ուսանել Մոսկվայի Արևելագիտության ինստիտուտում. բայց շուտով գիտակցել է, որ այնքան էլ հետաքրքրված չէ իր ընտրած մասնագիտությամբ: 1953-ին, թողնելով ուսումը, նա Գիտությունների ակադեմիայի Գունավոր մետաղների և ոսկու ինստիտուտի արշավախմբի հետ մեկնել է Սիբիր` հետազոտական աշխատանքի: Ինչպես հետագայում Տարկովսկին ինքն է գրել, հենց այդ դժվարին աշխատանքն է պատճառ դարձել, որպեսզի որոշի կինոռեժիսոր դառնալ: 1954-ին նա ընդունվել է Մոսկվայի Կինեմատոգրաֆիայի համամիութենական պետական ինստիտուտի (ՎԳԻԿ) կինոռեժիսուրայի բաժինը (Միխայիլ Ռոմի արվեստանոց): Տարկովսկու առաջին ուսանողական ֆիլմը` «Մարդասպանները», ասպարեզ է եկել 1956-ին: Դիպլոմային աշխատանքի` «Գլանիվն ու ջութակը» ֆիլմի սցենարը նա գրել է համակուրսեցու` հետագայում անվանի կինոռեժիսոր Անդրեյ Կոնչալովսկու հետ:

Ուշագրավ է, որ Տարկովսկին ֆիլմի որոշ տեսարաններ նկարահանել է Երևանում: 1962-ին ծնվեց նրա հայտնի ֆիլմերից մեկը` «Իվանի մանկությունը», որը Վենետիկի ՄԿՓ-ում Վալերիո Ձուրլինիի «Ընտանեկան քրոնիկա»-ի հետ կիսեց պատվավոր «Ոսկե առյուծը»: Ֆիլմը միջազգային ճանաչում բերեց Տարկովսկուն: Վերջին երեք գործերը նա նկարահանեց Խորհրդային Միության սահմաններից դուրս` Եվրոպայում: Անդրեյ Տարկովսկին մահացավ քաղցկեղից և թաղված է Փարիզում:

Ֆիլմացանկ
Մարդասպանները (1958), Այսօր բաց չեն թողնում (1958), Գլանիվն ու ջութակը (1960), Իվանի մանկությունը (1962), Չարչարանքներ՝ ըստ Անդրեյի (Անդրեյ Ռուբլյով) (1966), Սոլյարիս (1971), Հայելի (1974), Ստալկեր (1979), Ճամփորդելու ժամանակը (1982), Կարոտախտ (1983), Զոհաբերություն (1986):

Կյանքի կանոնները

Կարդացեք նաև

Փոքր ժամանակ ես քիչ էի մտածում:

Մանկության տարիներին մենք շատ աղքատ էինք: Մենք կոշիկներ չունեինք, այդ պատճառով էլ ամառները ոտաբոբիկ էինք:

Յուրաքանչյուր մարդ փոքրուց պետք է սովորի միայնակ լինել: Դա չի նշանակում՝ միայնություն, դա նշանակում է՝ չձանձրանալ ինքդ քեզ հետ:

Ես շատ եմ վախենում թաղման արարողություններից: Երբ թաղում էին իմ տատիկին, դա նույնպես սարսափելի էր: Ես չէի վախենում, որ նա մահացել է, այլ վախենում էի, որ շուրջս այդքան շատ մարդ կար, և նրանք իրենց զգացմունքներն էին արտահայտում. ես չեմ կարողանում նայել մարդկանց, ովքեր իրենց զգացմունքներն են արտահայտում:

Ես ոչ այնքան մտածում եմ իրականության մասին, որքան փորձում եմ այն զգալ. ես իրականությանը վերաբերվում եմ՝ ինչպես կենդանու, ինչպես երեխայի:

Կմնա միայն արվեստը, եթե մարդկային գործունեությունների շարքից հանենք այն բոլորը, որոնք կապված են ֆինանսական օգուտ, շահի հետ:

Արվեստի նպատակն այն է, որ մարդուն պատրաստի մահվանը:

Ինձ համար դժվար է ասել, թե ինչպիսին է կանանց ներաշխարհը: Սակայն ես կարծում եմ, որ կանանց ներքին աշխարհը պետք է կապված լինի տղամարդու ներաշխարհի հետ: Միայնակ կին. նորմալ չէ:

Ինձ թվում է, որ ես ինձ բավականաչափ չեմ սիրում: Այն մարդը, ով իրեն բավականաչափ չի սիրում, չգիտի իր գոյության նպատակը, և, իմ կարծիքով, այդ դեպքում նա չի կարող ուրիշներին էլ սիրել:

Ես ուրախ մարդ չեմ: Եթե հանկարծ սկսում եմ շատ ծիծաղել, անմիջապես սկսում եմ վերահսկել ինքս ինձ:

Կարող ես փրկել ուրիշներին՝ ինքդ քեզ փրկելով: Ընդհանուրին փրկելու ջանքերն ապարդյուն են:

Կյանքը կորցնում է իր իմաստը, երբ ես հասկանում եմ, թե ինչպես է այն ավարտվելու:

Մենք ստեղծված չենք երջանիկ լինելու համար, բայց կան բաներ, որ երջանկությունից ավելի կարևոր են:

Մարդու դժբախտությունն այն է, երբ նա ինքն իրեն համարում է փակ համակարգ: Օրինակ, նա մտածում է, որ ինքն իրեն վնաս չի հասցնում, եթե գաղտնի չարիք է գործում, բայց չի մտածում, որ այդ կերպ ինքը գնում է ինքնաոչնչացման:

Ես բառերին վերաբերվում եմ՝ ինչպես աղմուկին, որը ստեղծում են մարդիկ:

Կյանքը, իհարկե, ոչ մի իմաստ չունի:

Նյութը հրապարակման պատրաստեց Անի Գաբուզյանը

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս