Բաժիններ՝

«Արցախցին մենակ էր մնացել՝ շրջափակված թշնամիներով ու դավաճաններով». վերահրատարակվել է Ստեփանակերտի դրամատիկական թատրոնի տարեգրությունը ներկայացնող գիրքը

Դեռևս հունվարին 168.am-ի հետ զրույցում Հ. Պարոնյանի անվան թատրոնի գլխավոր ռեժիսոր, Թատերական գործիչների միության նախագահ Հակոբ Ղազանչյանն ասել էր, որ նախատեսված է վերահրատարակել Ստեփանակերտի Վահրամ Փափազյանի անվան պետական դրամատիկական թատրոնի պատմությունը ներկայացնող գիրքը։ Այսօր արդեն գիրքը դրված է ընթերցողի սեղանին՝ «Ստեփանակերտի Վ. Փափազյանի անվան պետական դրամատիկական թատրոնի տարեգրությունը. 1932-2023 թթ.» խորագրով։

Գրքի շնորհանդեսի ժամանակ Հակոբ Ղազանչյանը հիշեցրեց, որ 2019 թվականին ծավալուն ալբոմ էր լույս տեսել. Արցախի թատրոնի ամբողջ տարեգրությունն էր, սակայն 2023 թվականին Արցախում տեղի ունեցած ցավալի դեպքերից հետո Երևան կարողացել են հասցնել միայն 3 օրինակ՝ ողջ տպաքանակից։ Գիրքը հեղինակել է Կարինե Ալավերդյանը։

«Տիկին Կարինեն խնդրեց, որպեսզի գիրքը վերահրատարակվի, որպեսզի լրացվեն հաջորդող տարիները՝ 2019 թվականից սկսած։ Սա կարևոր էր և անհրաժեշտ, սերունդները պետք է իմանան, որ կա, եղել է այսպիսի լեգենդար թատրոն՝ իր հզոր երևելիներով, և այսպես մեկ հարվածով չի կարելի պատմությունը ջնջել ու ավարտել։

Ես ներկա ժամանակով եմ խոսել, քանի որ բազմիցս եղել եմ Ստեփանակերտի թատրոնում, գիտեմ՝ ինչ հրաշալի թատրոն ու կոլեկտիվ էր, և ինչ հրաշալի սերունդներ էին այնտեղ աշխատում։ Երկար ժամանակ հովանավորներ էի փնտրում՝ գիրքը վերահրատարակելու համար, և այդ ճանապարհին գտա Նարինե Չարչյանին, ով սիրով համաձայնեց աջակցել, ու սկսեցինք տպագրական աշխատանքները»,-նշեց Հակոբ Ղազանչյանը։

Կարդացեք նաև

Գրքի հեղինակի՝ Կարինե Ալավերդյանի խնդրանքով գրքի կազմը փոխվել է և կազմի վրա հայտնվել է Վ. Փափազյանի անվան 92-ամյա թատրոնի շենքի նկարը։

Հակոբ Ղազանչյանի բնորոշմամբ՝ գիրքը հավասարազոր է գիտական աշխատության, քանի որ մանրակրկիտ ամեն ինչ ներկայացնում է։

«Կարծում եմ՝ շատերը ժամանակի ընթացքում կօգտվեն այս գրքից։ Հիմա, երբ այս իրավիճակում խոսքը վերաբերում է Արցախին, մարդու լեզուն չի պտտվում ասել՝ շնորհավորում եմ, բայց այդուհանդերձ շնորհավորում եմ բոլորիս։ Գիրքն ընթերցելիս կտեսնեք, թե տիկին Կարինեն որքան է չարչարվել, նա ամեն օր Աշտարակից գալիս էր Երևան՝ տպարանում գրքի վրա աշխատելու համար»,-շեշտեց Հ. Ղազանչյանը։

Կարինե Ալավերդյանը կարևորեց թատրոնի մասին տեղեկատվության տարածումը՝ գրքի տեսքով:Այն տարիներ շարունակ եղել է արվեստի հզոր կենտրոն, մեծ առաքելություն է կատարել արցախահայերի կյանքում։

«Մեր թատրոնն Արցախում լեզվամտածողություն ու ազգային դիմագիծ է պահել՝ նպաստել ազգային ոգու պահպանությանը։ Բուռն ճանապարհ անցնելուց հետո, ցավոք, 2023 թվականի հոկտեմբերի 1-ին այստեղ՝ Երևանում, թատրոնը լուծարվեց արցախահայերի բռնի տեղահանությունից անմիջապես հետո։ Թե ինչպիսին կլինի մեր թատրոնի հետագա ճակատագիրը՝ ժամանակը ցույց կտա։ Բայց այն, որ այս թատրոնի պատմությունը պետք է փոխանցվի մեր սերունդներին, պետք է պահ տրվի պատմությանը՝ միանշանակ է։

2020 թվականին պատրաստվում էինք առաջին գրքի շնորհանդեսն անել՝ թատերականացված տարրերով, բայց չստացվեց, քանի որ սկսվեց 44-օրյա պատերազմը։ Այդ պատերազմին հաջորդեց Արցախի բլոկադան՝ արցախցին կաթվածահար եղավ թե՛ ֆիզիկապես, թե՛ հոգեպես, միակ ելքը բռնատեղահանվելն էր։ Արցախցին մենակ էր մնացել՝ շրջափակված ոչ միայն թշնամիներով, այլև դավաճաններով։ Մենք չկարողացանք Արցախից դուրս բերել 2019 թվականին տպագրված գիրքը»,-նշեց Կարինե Ալավերդյանը։

Նշենք, որ Ստեփանակերտի Վահրամ Փափազյանի անվան դրամատիկան թատրոնը հիմնվել է 1932 թվականին, մինչև 1989 թվականն այն եղել է Մաքսիմ Գորկու անվան թատրոն։ 1932 թվականի օգոստոսին թատրոնի բացումը տեղի ունեցավ Վաղարշյանի «Օղակում» պիեսի բեմադրությամբ։ Թատրոնի բեմում եղել են Արուս Ոսկանյանը, Վահրամ Փափազյանը, Հրաչյա Ներսիսյանը, Ավետ Ավետիսյանը և այլք։

2023 թվականի սեպտեմբերի 19-ին, երբ Ադրբեջանը հարձակվեց Արցախի վրա և հաշված օրերի ընթացքում տեղահանեց Արցախի խաղաղ բնակիչներին, թատրոնի անձնակազմը փորձեց Երևանում պահպանել թատրոնը, սակայն չհաջողվեց, քանի որ գործունեության համար այդպես էլ տարածք չգտավ։

Տեսանյութեր

Լրահոս